Օգնիր տուժողին

«Դատախազը կոծկել է»․ Մարինա Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց Թուֆենկյանի կրակոցների գործով

27.02.2020 | 18:36


9-2

«Դատախազ Տիգրան Ենոքյանը ակնհայտ  շահագրգիռ, կողմնակալ  և աչառու  դիրքորոշում ունի»․ այս հիմքով է իրավապաշտպան Մարինա Պողոսյանն այսօր բացարկի միջնորդություն ներկայացրել Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանին։ Ավելին, Պողոսյանը դատարանում հայտարարել է, որ դատախազը, տեղյակ լինելով կատարված հանցագործության իրական   շարժառիթների և պատվիրատուների մասին, կոծկել է դրանք, ցուցաբերելով  ակնհայտ հանցավոր անգործություն կամ հանցավոր գործողություն, որը  բացառում է վերջինիս մասնակցությունը  տվյալ դատաքննությանը։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին զինված խումբը կրակահերթ է բացել Վահագն Աբգարյանի և նրա ընկերների ուղղությամբ, որի հետևանքով Աբգարյանը ծանր վիրավորվել է, իսկ նրա ընկերը՝ Գագիկ Մոսինյանը, մահացել։ Կրակող անձանց ձերբակալել ու մեղադրանք են առաջադրել, սակայն սպանության պատվիրատուներին չեն էլ փորձել հայտնաբերել, իսկ դեպքից չորս ամիս անց ձերբակալել են տուժող Վահագն Աբգարյանին՝ նրան մեղադրելով Ալավերդիում տեղի ունեցած սպանությունը պատվիրելու մեջ։ Այդ գործով ևս մեղադրող դատախազը Տիգրան Ենոքյանն է։ Ստացվում է, որ Թուֆենկյանի գործով Ենքոյանը ֆորմալ առումով հանդես է գալիս տուժող Վահագն Աբգարյանի շահերից, իսկ Ալավերդիի գործով հանդես է գալիս նրա դեմ՝ որպես մեղադրյալ։ Սա արդեն իսկ շահերի բախում է, սակայն դատախազ Տիգրան Ենոքյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմնական պատճառն այլ էր։ Մարինա Պողոսյանն ընդգծեց, որ Վահագն Աբգարյանը չի վստահում դատախազ Ենոքյանին, քանի որ համարում է, որ իր դեմ հարուցված գործը սարքած է, բացի այդ, ըստ Մարինա Պողոսյանի, դատախազ Տիգրան Ենոքյանը իր իսկ կողմից կազմված 01․12․2017թ․ փաստաթղթում ակնհայտորեն նշում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝  Վահագն Աբգարյանի նկատմամբ Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի կողմից իրենց հանցավոր մտադրությունն իրագործելուն հնարավոր է իր ներդրումն է ունեցել նաև օրենքով գող հանդիսացող, արտերկրում բնակվող «Արման Կալուժսկի» մականվամբ Արման Ջանինյանը, ինչպես նաև  Տարոն և Արթուր Աբգարյանները, որոնց հնարավոր մասնակցության մոտիվների վերաբերյալ մանրամասն, հստակ  նշված է  տվյալ փաստաթղթում։ Պողոսյանն ընդգծեց, որ ոչ ինքը, ոչ Վահագն Աբգարյանը որևէ քրեական հեղինակության անուն չեն տվել, դատախազն ինքն է մատնանշել սպանության հնարավոր պատվիրատուներին, սակայն հետագայում դրսևորել է անգործություն՝ պաշտպանելով մեղադրանքն այն հիմքով, թե իբր Աբգարյանի վրա կրակած անձինք անձնական շարժառիթներ են ունեցել։ Իրավապաշտպանը հայտարարեց, որ Վահագն Աբգարյանը որևէ կապ կամ առնչություն չի ունեցել իր վրա կրակողների հետ, ուստի նրանք չէին կարող անձնական մոտիվներով կատարել հանցագործությունը։ Պողոսյանը վստահ է, որ կրակողները պարզապես պատվեր են կատարել և դատախազությունը հանցավոր անգործություն է ցուցաբերել պատվիրատուներին բացահայտելու հարցում։ Մեղադրյալների պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը ըստ էության միացավ Մարինա Պողոսյանի միջնորդությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետագայում տուժողի ներկայացուցիչը կարող է բողոքարկել դատական ակտը այն հիմքով, որ մեղադրող դատախազը մեկ այլ գործով ևս ներգրավված է, որտեղ մեղադրանք է պաշտպանում ընդդեմ Վահագն Աբգարյանի։ Դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց իր դեմ ներկայացված միջնորդության դեմ՝ ընդգծելով, որ 2016 թվականին ինքը ներգրավված է եղել Վահագն Աբգարյանի դեմ իրականացված մեկ այլ մահափորձի գործով, որով հանցագործը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Այդ դատավճիռը, սակայն, բեկանվել  Վերաքննիչ դատարանի կողմից և հանցագործն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դատախազն ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանի դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել։ Ենոքյանը կարծում է, որ ինքն օբյեկտիվորեն է կատարել իր պարտավորությունները։ Դատավոր Վաչե Մարգարյանը հետաձգեց դատական նիստը՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։ Այն կհրապարակվի ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին։

Մանրամասները տեսանյութում՝