Օգնիր տուժողին

Ենթադրյալ մարդասպանի ձեռնոցը բերվեց դատարան

30.08.2017 | 08:15


21169293_1936331066639575_1653611744_o

Արթուր Սաֆարյանի սպանության գործով դեպքի վայրից գտնված ձեռնոցը վերջապես բերվեց դատարան՝ որպես իրեղեն ապացույց: Հենց այս ձեռնոցով է եղել ենթադրյալ մարդասպանը, ով ատրճանակով կրակոցներ էր արձակել կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր: Դեպքի վայրից գտնվել էր ատրճանակը, իսկ դրա մոտակայքում՝ ձեռնոցը: Ձեռոցի վրա հայտնաբերվել են վառոդի հետքեր, իսկ դրանում առկա ԴՆԹ-ն չի համապատասխանում սպանության մեջ կասկածվող Մովսես Ներսիսյանի և սպանությունը պատվիրելու մեջ կասկածվող Իսրայել Սարգսյանի ԴՆԹ-ին:

Ուշագրավ է, որ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը նախաքննության ընթացքում 24 օր հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով հայտնաբերել և որպես իրեղեն ապացույց գործին կցել այս ձեռնոցը: Նախաքննության ընթացքում նրա պահանջը մերժվել էր, իսկ դատարանում գործի քննությունը վերսկսելուց հետո Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բեկթաշյանը բավարարեց Սարգսյանի միջնորդությունը և որպես իրեղեն ապացույց գործին կցեց ձեռնոցը:

Դրանով ապացուցվում է, որ Մովսես Ներսիսյանը չի սպանել Արթուր Սաֆարյանին, իսկ դրանով փլվում է նախաքննության այն վարկածը, թե իբր Իսրայել Սարգսյանը նախ պատվիրել է սպանությունը, ապա սպանել է պատվերը կատարողին՝ Մովսես Ներսիսյանին, որպեսզի թաքցնի իր պատվերով կատարված հանցագործությունը: Ի դեպ, այս գործի առեղծվածներն այսքանով չեն ավարտվում: Ցնցող է, որ Իսրայել Սարգսյանին մեղադրում են Մովսես Ներսիսյանի սպանության մեջ, ում դիակը մինչ օրս հայտնաբերված չէ, և ոչ էլ հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ, որպեսզի պարզվի՝ նա իրականում ողջ է, թե մահացած:

Հաջորդ հրապարակման մեջ կանդրադառնանք մյուս իրեղեն ապացույցին: