Օգնիր տուժողին

«Ես ինձ ապահով չեմ զգում»․ աշխատավայրում բռնության ենթարկված կին հրշեջ-փրկարար (տեսանյութ)

07.09.2020 | 18:41


imgonline-com-ua-Resize-eLSK2RLH8szQj1

39-ամյա Հերմինե Սարգսյանն այս տարվա ապրիլ ամսին ֆիզիկական և վերբալ բռնության է ենթարկվել աշխատավայրում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատի շենքում։ Հերմինեն, ով 15 տարվա փրկարարի փորձ ունի, ավելի երկար, քան գործում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երևակայել անգամ չէր կարող, որ իր հետ կարող են այդպես վարվել գործընկերները։ «Մեր ջոկատի հրամանատար Տիգրան Նազարյանի սենյակում է դեպքը տեղի ունեցել, այդ օրվա հերթափոխի պետ Հայկ Աղայանը ինձ ապտակեց երկու անգամ ու բռունցներով մի քանի անգամ գլխիս հարվածեց, որից հետո չեմ հիշում, ես անգամ չեմ էլ տեսել, որ սուր բութ գործիքով հարված է հասցվել»,- հուզմունքով պատմում է Հերմինեն։ Նրա խոսքով՝ նախքան հարվածելը Հայկ Աղայանը իրեն հայհոյանքներ է տվել՝ ծնողից մինչև երեխա։ «Զինվորի մոր հետ նման կերպ են վարվո՞ւմ, ես ընդամենը լացելով էդ եմ խնդրել։ Այդ մի քանի վայրկյանում իմ մահն իմ աչքերի դիմացով անցավ։ Ես չեմ կարող դա նկարագրել․․․Այդ ժամանակ աղջիկս հղի էր, ես ասացի՝ ես տատիկ եմ դառնալու, մի՞թե ես այդքան հարգանք չունեմ․․․»։ Հերմինե Սարգսյանը Հայկ Աղայանի հետ ծառայել է ընդամենը մի քանի հերթափոխ, որի ընթացքում վիճաբանություն է ծագել իրենց միջև, որից հետո, Սարգսյանի խոսքով, Աղայանն իրեն ծեծել է ջոկատի հրամանատարի սենյակում, վերջինս չի կարողացել պաշտպանել իրեն բռնությունից, իսկ ավելի ուշ հերքել է, թե նման բան է կատարվել։ Սարգսյանի բժշկական փաստաթղթերը փաստում են, որ նա ստացել է գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ունի ողնաշարի դեգեներատիվ ախտահարում և առողջական այլ խնդիրներ։ Նա դեպքից հետո «Մեդլայն կլինիկ» է ընդունվել մի շարք գանգատներով, մասնավորապես՝ գլխացավ, գլխապտույտ, հաճախակի սրտխառնոցով, սրտխփոցով և քրտնարտադրությամբ։ 15 օր հիվանդանոցում մնալուց հետո ևս առողջական խնդիրները շարունակվել են։ Դեպքի օրը Հերմինեն զանգահարել է մորը ու տեղեկացրել, որ բռնության է ենթարկվել, մայրը եկել է աշխատավայր, ինչն էլ հնարավորություն է տվել Հերմինեի գործընկերներին հետագայում քննիչի մոտ ցուցմունք տալիս ասել, թե մոր գալուց հետո է աղջկա դեմքին կապտուկներ հայտնվել։ Այսպիսի ցուցմունքների շնորհիվ Հայկ Աղայանին հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից, Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդումը դադարեցրել է՝ առաջ քաշելով այն վարկածը, թե վատառողջ մայրն է դստերը մարմնական վնասվածքներ հասցրել։ Հերմինեն նշում է, որ քննիչն առերես հարցաքննություն չի իրականացրել իր և այն գործընկերների միջև, ովքեր, իր խոսքով, կեղծ ցուցմունքներ են տվել՝ հօգուտ Աղայանի։ Հերմինեն մանրամասներ է ներկայացնում իր և Աղայանի առերես հարցաքննությունից․ «Հայկ Աղայանը քննիչին ասում ա, որ իբր մամաս ա հեռախոսով խփել ինձ, ու դրանից հետո ես գլուխս խփել եմ հատակին, պատերին, իբր ինադու գլուխս խփել եմ, դրանից ա վնասվել»։ «Հակակոռուպցիոն բլոգը» զանգահարեց Հայկ Աղայանին՝ նրան պատասխանելու հնարավորություն տալու համար, վերջինս հրաժարվեց մեր հարցերին պատասխանել անձամբ՝ առաջարկելով խոսել իր հրամանատարի՝ Տիգրան Նազարյանի հետ։ Նազարյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին հայտնեց, որ նախքան մեր հարցերին պատասխանելը պետք է խոսի իր վերադասի հետ։ Դեռ երկու օր առաջ նա խոստացավ վերադասի հետ խոսելուց հետո զանգահարել մեզ, սակայն նախքան հոդվածի հրապարակումը Նազարյանից զանգ չստացանք: «Ես մինչև վերջ պայքարելու եմ։ Հանցագործին թաքցնողը ավելի վատ հանցագործ է՝ սկսած իմ հրամանատարից։ Բոլորը աստծո առաջ պետք է պատասխան տան։ Եթե իմ այս արտահայտությունից հետո պիտի ինչ-որ մեկը ինձ գործից հեռացնի, թող հեռացնի»,- ասում է հրշեջ փրկարարը։ Հերմինեն շարունակում է իր ծառայությունը նույն ջոկատում։ Միջադեպից հետո նրան ևս ուղարկում են դեպքի վայր (մինչ այդ կապի պատասխանատուն է եղել՝ հրամանատարության որոշմամբ), որտեղ նա հրդեհներ է մարում իր ծառայակիցների հետ։ Սարգսյանը սիրում է դեպքի վայրում աշխատել, սակայն նկատել է, որ իրեն  հաճախ փորձում են նվաստացնել, անգամ վտանգել կյանքն ու առողջությունը։ Իր խոսքով՝ երբեմն դիտավորյալ կարող են ուղարկել այնպիսի տեղ, որն ամենավտանգավորն է կամ կարող են հրամայել խողովակը փռել տարածքում, վայրկյաններ անց ասել՝ պետք չէ, հետ հավաքի։ «Ոնց որ ձեռ առնեն ինձ։ Հրաման են տալիս, որ պիտի կատարես, չկատարես, կասեն՝ չի ենթարկվում։ Դիտմամբ են վտանգում ինձ, հատուկ կարող է այնպիսի իրավիճակներ ստեղծեն, որ հետո մի բան լինի, ասեն՝ դե կին էր, ուժը չպատեց, դեպքը տեղի ունեցավ․․․»։ Հերմինեն շարունակում է իր ծառայությունը նույն ջոկատում՝ նույն անձի հրամանատարության ներքո․ «Ես չեմ վախենում իրենցից, բայց ես չեմ վստահում իրենց, ես ինձ ապահով չեմ զգում իրենց հետ կանչի գնալուց և նաև ջոկատում, թեկուզ մի բաժակ ջուր խմելուց։ Սա ես ասում եմ՝ բառիս բուն իմաստով, ոչ թե փոխաբերական։ Ես ամեն վայրկյան վտանգ եմ նկատում»։ Այնուամենայնիվ, Հերմինե Սարգսյանը չի ցանկանում փոխել իր աշխատանքը, ասում է՝ իր առաքելությունն է մարդկանց կյանքերը փրկելը․ «Քանի ապրում եմ, շարունակելու եմ աշխատել։ Ինձ ոչ մի անգամ չի հետաքրքրել աշխատավարձի չափը, ես սիրում եմ իմ համազգեստը, աշխատանքից դուրս ես ինձ համարում եմ հրշեջ փրկարար, աշխատանքից դուրս ևս ես ինձ պարտավորված եմ զգում մարդկանց կյանքը փրկելու, անվտանգությունն ապահովելու հարցում, լինեմ տանը, թե դրսում, ես ինձ զգում եմ հրշեջ փրկարար»,- վստահաբար ասում է Հերմինե Սարգսյանը։ Քրեական հետապնդման դադարեցման որոշումը վերացնելու վերաբերյալ Հերմինե Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Մելիքյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին։ Բողոքի քննությունը նշանակված է սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Ավանի նստավայրում նստավայրում դատավոր Շահվերդյանի նախագահությամբ։ «Հակակոռուպցիոն բլոգի» տեսանյութում Հերմինե Սարգսյանը մանրամասն ներկայացնում է, թե ինչու և ինչպես է տեղի ունեցել դեպքը և թե ինչպիսիզ զարգացումներ են եղել դրանից հետո։

Continue reading at https://acblog.am/?p=5452 | AntiCorruption