Օգնիր տուժողին

Համաներման հակառակ երեսը Zangezur.tv

15.02.2019 | 13:00


Փետրվարի 5-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն ոստիկանության ամփոփ տվյալների հիման վրա հրապարակեց գրանցված հանցագործությունների ցուցանիշները: 2017-ի համեմատ 2018-ին դրանք աճել են 2267-ով: Աճել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Ինչո՞վ է այն պայմանավորված:

Փաստաբան Արմինե Ֆանյանի դիտարկմամբ՝ հանցագործությունների աճը պայմանավորված է նաև 2018-ի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած համաներման կիրառմամբ: «էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ հայտարարված թվով 10-րդ  համաներումը ամենամասշտաբայինն էր հանրապետությունում, դրանով ներում է շնորհվել որոշ թվով նաև կրկնահանցագործների: Ազատության մեջ հայտնվելուց հետո նախկին դատապարտյալները, չունենալով աշխատանք, ապրուստի միջոց հայթայթելու համար ստիպված դիմում են հանցավոր արարքների, մինչդեռ պետք է թեկուզ ցածր վարձատրությամբ, բայց  տրամադրել նրանց աշխատանքային պայմաններ, ինչպես նաև իրականացնել  հոգեբանական  աշխատանքներ, որոնք ավելի կհեշտացնեն նրանց ինտեգրումը հասարակությանը», – ասում է փաստաբանը։

Այս կարծիքին է նաև իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։ Նա ասում է, որ սովորաբար համաներումներից հետո հանցագործությունների թվի աճ է նկատվում, այս մեկն էլ բացառություն չեղավ: Չնայած գիտակցված հանցագործություններն առհասարակ արդարացում չունեն, այնուհանդերձ դրանց արմատները խորքային են, այս պարագայում գործ ունենք կալանավայրից դուրս եկածի նկատմամբ պետության  անտարբերության հետ: «Բացի դրանից՝ մեր ոստիկանական համակարգն այս պահին պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակում է: Քանի որ կոռուպցիոն ռիսկերը նվազել են, և ոստիկանները բավարարվում են միայն աշխատավարձով, հետևաբար՝ պատշաճ չեն կատարում իրենց գործը: Այս երկու հանգամանքների վրա պետք է սևեռենք պետության  ուշադրությունը»:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցի խոսքով՝ պետությունը, իհարկե, մեծ դեր ունի դատապարտյալներին հասարակության մեջ ինտեգրելու հարցում, բայց վերջիններս ևս պետք է հասկանան համաներման կարևորությունը, և, առհասարակ, ցանկացած հնարավորություն, որը տանում է դեպի առողջ հասարակություն: «Դատապարտյալները պետք է ջանան կալանավայրում ուսում ստանալ, մասնագիտություն ձեռք բերել կամ որևէ արհեստի տիրապետել, որպեսզի հասարակություն վերադառնալիս բարդ խնդիրների առջև չկանգնեն»:

Եզրակացությունը միանշանակ է․ համաներմամբ ազատ արձակված նախկին դատապարտյալները պետք է հարգեն պետության տրած հնարավորությունը, իսկ պետությունն էլ իր հերթին աշխատանքային պայմաններ ապահովի նախկին դատապարտյալների համար:

Հեղինակ՝ Անուշ Միրզոյան

https://www.zangezur.tv/news/view/11350.html