Օգնիր տուժողին

Մեզ ճանաչեք տուժող՝ մարտի 1-ի գործով

29.08.2018 | 18:30


40435692_1091289444363203_2442583519398985728_n 40290468_1091289451029869_1757268332806930432_n 40439798_1091289447696536_4560895929913180160_n

«Վելես» ՀԿ-ի նախաձեռնությամբ չորս քաղաքացիներ՝ Մարինա Պողոսյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արման Ղարիբյանն ու Ելենա Ադամյանը դիմել են Հատուկ քննչական ծառայության պետին՝ խնդրելով իրենց ճանաչել տուժող մարտի 1-ի գործով, քանի որ Ռ․Քոչարյանի և մի շարք այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալման (ըստ առաջադրված մեղադրանքի) արդյունքում սահմանափակվել է ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը՝ նրանց հասցնելով բարոյական վնաս։

Բոլոր այն քաղաքացիները, ում խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը խախտվել է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում փաստացի ռազմական դրություն մտցնելու արդյունքում կարող են նմանատիպ դիմումներ ուղարկել ՀՔԾ պետին։ «Վելես» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում տրամադրել իրավական աջակցություն՝ ցանկության դեպքում կարող եք լիազորել փաստաբան Դավիթ Գյուրջյանին ներկայացնել Ձեր շահերը քրեական գործի շրջանակներում։ Ստորև ներկայացնում ենք դիմումի տեքստը, որտեղ կարող եք լրացնել Ձեր տվյալներն ու ուղարկել ՀՔԾ պետին։ Ցանկության դեպքում կարող եք լիազորել Դավիթ Գյուրջյանին լինել Ձեր ներկայացուցիչը սույն գործի շրջանակներում։
——————————————————————————————————
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
պետ՝ Սասուն Խաչատրյան
Հասցե՝ ք.Երևան, Վ.Վաղարշյան 13ա

Քաղաքացի՝ անուն հայրանուն ազգանուն
(անձնագիր՝ , տրված , -ի կողմից)
Հասցե՝

29.08.2018թ.

Դիմում
(2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործով տուժող ճանաչելու պահանջի մասին)

Հարգելի պարոն Խաչատրյան,
Հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում 2008թ. մարտի 1-ի (դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածի) իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործը (քրեական գործի համարը մեզ հայտնի չէ):
Նշված քրեական գործով, ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրությունների և Ձեր կողմից տրված հարցազրույցների, քննություն է կատարվում և քրեական հետապնդում է հարուցված այդ թվում և 2008թ. փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալման, Երևան քաղաքում փաստացի ռազմական դրություն սահմանելու դեպքի առթիվ: Սահմանադրական կարգը տապալելու համար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք, այն բանի համար, որ նա, արձակելով ֆորմալ առումով Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, փաստացի սահմանել է ռազմական դրություն՝ զինված ուժերը ներգրավելով (նման հանձնարարություն տալով) ներքաղաքական հարաբերություններում խնդիրներ լուծելու համար և արդյունքում Սահմանադրության 8.2. կետով (2005թ. խմբագրությամբ) նախատեսված «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:» դրույթի գործունեությունը փաստացի դադարեցնելով:
Սույնով հայտնում եմ, որ վերը նշված արարքի կատարման արդյունքում սահմանափակվել է իմ՝ ․․․․ ․․․․․իս, որպես մարդու և քաղաքացու, հիմնական իրավունքներից խաղաղ հավաքներ անցկացնելու (հավաքներին մասնակցելու) իրավունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, բողոքելով օրեր առաջ անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած քվեարկության արդյունքերի կեղծման հանգամանքի դեմ, պարբերաբար մասնակցել եմ 2008թ. փետրվարի 19-ից հետո մեկնարկած հետընտրական ամենօրյա բողոքի ցույցերին և նպատակ եմ ունեցել մասնակցել դրանց նաև 2008թ. մարտի 1-ին և դրանից հետո, սակայն սահմանադրական կարգը տապալելու, Երևան քաղաքում ապօրինաբար փաստացի ռազմական դրություն մտցնելու արդյունքում զրկվել եմ այդ իրավունքից՝ կրելով բարոյական վնաս:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր բազմաթիվ որոշումներում անդրադառնալով հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերին և նպատակներին, արձանագրել է, որ ազատության ցանկացած սահմանափակում պետք է լինի համաչափ այն նպատակներին, որոնց համար այն կիրառվում է (տես Բարանկեվիչն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով վճիռը), պետությունը պարտավոր է ոչ միայն պաշտպանել խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, այլ նաև պետք է ձեռնպահ մնա դրա չհիմնավորված սահմանափակումներից՝ բացառապես համոզիչ պատճառների գոյության պայմաններում միջամտելով այդ իրավունքի իրացմանը (տես Օուրանյո Տոքսոն ընդդեմ Հունաստանի և Ադալին ընդդեմ Թուրքիայի գործերով վճիռները): Դատարանը անթույլատրելի և խաղաղ ցուցարարների իրավունքի խախտող է համարել հավաք անցկացնելու իրավունքի այնպիսի սահմանափակումը, որը պայմանավորված իշխանությունների անհանդուրժողականությամբ (տես Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը):
Պաշտոնական հաղորդագրություններում ներառված տեղեկատվության համաձայն, ներկայումս վարույթն իրականացնող մարմինը տիրապետում է ապացույցների բավարար ամբողջության փաստելու համար (առնվազն այս փուլում), որ 2008թ. փետրվար ամսվա վերջին օրերի և մարտի 1-ի հանրահավաքները կրել են խաղաղ բնույթ, իսկ իշխանության ներկայացուցիչների կողմից դրանց փաստացի արգելումն ու խաղաղ հավաքի մասնակիցների իրավունքին միջամտությունը, հատկապես զինված ուժերի ներգրավմամբ և փաստացի ռազմական դրության սահմանմամբ, ոչ միայն եղել է չհիմնավորված, չի հետապնդել իրավաչափ նպատակ և չի եղել համաչափ, այլ առհասարակ կատարվել է Սահմանադրության դրույթի գործունեությունը փաստացի վերացնելու, այդպիսով սահմանադրական կարգը տապալելու արդյունքում:
Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով այն, որ վերը նշված, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին և այլ անձանց մեղսագրվող հանցավոր արարքներով պայմանավորված ես 2008թ. մարտի 1-ից սկսած, առնվազն 20 օրով փաստացի զրկվել եմ իմ խաղաղ հավաքին մասնակցելու իրավունքը իրացնելու հնարավորություններից, այսինքն՝ ինձ ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն հասցվել է բարոյական վնաս՝ գտնում եմ, առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքը ինձ քրեական գործով տուժող ճանաչելու համար:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը հաստատողը և դրա փաստացի կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին (առնվազն հանցագործության դեպքի պահին ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք) և անկախ սահմանադրական կարգը տապալելու եղանակից ու նրանից, թե դրա արդյունքում փաստացի յուրաքանչյուր քաղաքացու որ հիմնական իրավունքն է խախտվել և սահմանափակվել, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին ըստ էության անմիջականորեն տուժել է այդ հանցագործությունից՝ կրելով բարոյական վնաս, ինչը ևս ինքնուրույն հիմք է այդ թվում ․․․․ ․․․․․․․․իս տուժող ճանաչելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին և 100-րդ հոդվածի 1-ին մասերով՝
խնդրում եմ
2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործով ինձ ճանաչել տուժող:

Կից ներկայացնում եմ.
1. ․․․․ ․․․․․ անձնագրի պատճենը.

Դիմող՝ ․․․․․․ ․․․․․․․․․․

Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄների հրապարակումները

https://www.youtube.com/watch?v=BE8fB_CLpvs

https://www.youtube.com/watch?v=w7JqcZ_NrXI

https://www.youtube.com/watch?v=w7JqcZ_NrXI

https://www.youtube.com/watch?v=n6dgJjlGf2U&t=301s

https://www.youtube.com/watch?v=pSaaBciepEs&t=1s

https://www.youtube.com/watch?v=7qwDK_oRAhA

https://acblog.am/?p=856

https://www.youtube.com/watch?v=ptb4wYXKoY4&t=7s

http://aknark.am/?p=4392

https://www.1in.am/2415817.html

http://newsline.am/am/news/view/47976.html

http://nt.am/am/news/258317/