Օգնիր տուժողին

«Յանս»-ի նախկին հաշվապահը դժգոհ է ՀՔԾ-ի քննիչի գործողություններից եւ դիմում է ներկայացրել ԱԱԾ Pastinfo.am

13.04.2019 | 14:57


xnflo0biuxcjr2sq89nusctrth.thumb

«Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը պնդում է, որ ռեստորանի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն իրենից 40 մլն դրամ է շորթել։

Նախկին հաշվապահը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա՝ տարիներ առաջ «Յանսի» տնօրենն իրեն ուղղորդել է Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի աշխատասենյակ, որտեղ վերջինս իրեն գող է անվանել։ «Ասաց, որ թալանել եմ իրենց, որի հիման վրա ինքն ինձանից պահանջում է կա՛մ ինքնասպան լինեմ, կա՛մ տամ 40 մլն դրամ, կա՛մ դատապարտվեմ։ Նրա ամուսինը` Վաչագան Ղազարյանն ավելի լավ առաջարկ արեց` և՛ վճարել 40 մլն–ը, և դատապարտվել»,– ասաց Արիստակեսյանը։

Այդուհանդերձ, Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ հաղորդման հիման վրա հաշվապահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կինը հրավիրվել է 6-րդ վարչություն ու զարմանքով իմացել, որ իրենից թեև 40 մլն դրամ են պահանջել, բայց հայցում գրված է եղել 25 մլն։

Նշենք, որ ընկերության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ Ֆինանսական չարաշահումներն ի հայտ են եկել
«Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարված ներքին ստուգումների արդյունքում։ Նախնական տվյալներով՝ համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ.-ի հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս.Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:

Ըստ ՔԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Նախաքննության ընթացքում հաշվապահը փոխհատուցել է պատճառված վնասն ամբողջությամբ։

Կնոջ մեկնաբանությամբ՝ ինքը որեւէ չարաշահում թույլ չի տվել։ Իրականում իր նկատմամբ հետապնդումների պատճառը եղել է այն, որ Վաչագան Ղազարյանը «Յանսում» ճաշելուց հետո 80 000 դրամի հաշիվ է փակել։ Ու թեև հաշվապահը պնդել է, որ ինքը գումարը մուտքագրել է դրամարկղ, միևնույն է` Ղազարյանն ու կինը հաշվապահին մեղադրել են այդ և ոչ միայն այդ գումարը գրպանելու մեջ։

Ամբողջ շրջապատը, Սուսաննա Արիստակեսյանի խոսքով, իրեն խորհուրդ են տվել չընդդիմանալ, առաջարկել են տուն–տեղը վաճառել ու վճարել, հակառակ դեպքում նրանք կվնասեն ընտանիքին ու երեխաներին։

«Ես ու ամուսինս որոշեցինք վճարել, քանի որ ես տեսել էի, թե ինչ է կատարվում, երբ Վաչագան Ղազարյանը կամ նրա տղան` Մհերը, ինչ–որ մեկին պատժում են։ Ես մի քանի անգամ խլել եմ նրա ձեռքից այն մարդուն, որին ինքը ծեծել է»,– պատմեց նախկին հաշվապահը` նշելով, որ նախ վճարել են 6 մլն դրամ, ապա հետապնդումից չազատվելով` վաճառել ունեցվածքն ու վճարել ևս 34 մլն դրամ։

Ավելին, պարզվում է գումարային պահանջ են ներկայացրել նաեւ ամուսնուն, ով եւս մասնակցում էր մամուլի ասուլիսին։ Վերջինիս փոխանցմամբ՝ Ղազարյանն իրեն կանչել է Բաղրամյան 26` ՀՀ նախագահի աշխատակազմի իր աշխատասենյակ ու ասել, թե կինը՝ Սուսաննա, հանդգնել է իր վճարած 80 000 դրամը գրպանել, ու քանի որ իրենք վաղուց են կասկածում, որ նա ռեստորանի դրամարկղից գումարներ է գողանում, ամուսնուց պահանջել են «թեման փակելու համար» 20 մլն դրամ վճարել։

2018թ–ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նախկին հաշվապահն արդեն իրավապահներին դիմում է ներկայացրել, որը դարձել է քննության առարկա։ Նշենք, որ հենց այս գործի շրջանակներում է, որ Երեւանի քննչական վարչությունը խուզարկություն կատարեց «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, որի արդյունքում բացի հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներից և քննությանը հետաքրքրություն ներկայացնող այլ իրերից, հայտնաբերվեց նաև առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ, որի հիման վրա հարուցվեց քրեական գործ՝ ապօրինի հարստանալու դեպքի առթիվ եւ ուղարկվեց ՀՔԾ։

Սակայն նախկին հաշվապահը եւ նրա ամուսինը դժգոհ են քննության ընթացքից եւ դիմել են ԱԱԾ` վիճարկելով ՀՔԾ քննիչի անգործությունը և այժմ սպասում են արդեն ԱԱԾ–ի քայլերին։

Աղբյուր` Փաստինֆո

https://www.pastinfo.am/hy/news/2019/04/12/%C2%AB%D5%85%D5%A1%D5%B6%D5%BD%C2%BB-%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A8-%D5%A4%D5%AA%D5%A3%D5%B8%D5%B0-%D5%A7-%D5%80%D5%94%D4%BE-%D5%AB-%D6%84%D5%B6%D5%B6%D5%AB%D5%B9%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A5%D6%82-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D6%80%D5%A5%D5%AC-%D4%B1%D4%B1%D4%BE/821353?fbclid=IwAR0dxoXICMY-PkT6UwHaA9nFakFNVSjRmEq8pjjsHtZk61v7DTh–r9Luek