Օգնիր տուժողին

Ներառականություն.Պատճառի դուրս բերումը, որպես խնդրի լուծման ամենաօպտիմալ միջոց

27.02.2019 | 08:44


CAIDP-equalityconference-Globe

Ցանկացած հասարակություն կամ պետություն այս կամ այն չափով բախվում է ներառականության խնդրին: Սակայն միշտ չէ, որ տարբեր երկներում դրա առաջացման պատճառները, հետևաբար նաև լուծումները համընկնում են: Հետևաբար կարևոր է հաշվի առնել տվյալ հասարակության առանձնահատկությունները և առանձնացնել տվյալ խնդրի պատճառները: Մեր հասարակության պարագայում, ներառականության բացակայության հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է իրավագիտակցության ցածր մակարդակը: Ինչպե՞ս է իրավական անգրագիտությունը խթանում ներառականության բացակայությանը: Հասարակության՝ մասնավորապես խոցելի խմբի անդամը, որը չի տիրապետում իր իրավունքներին, եթե նույնիսկ դրանք օրենսդրորեն ամրագրված լինեն չի կարող իրացնել դրանք: Սակայն դրա հետ մեկտեղ, իրավական ոլորտի սեփական անգրագիտությունը կարող է հանգել այլոց իրավունքների խախտմանը՝ նույնիսկ ոչ պաշտոնատար անձանց պարագայում: Չէ՞ որ ներառական կառավարումը սկսվում է ներառական հասարակությունից: Իրավական անգրագիտությամբ օժտված հասարակությունը ունակ չէ արժևորել և հարգել խոցելի խմբերի ազատություններն ու իրավունքները, նրան ընկալելով որպես հասարակության լիիրավ անդամ:

<<Ցանկացած ժողովուրդ ունի այնպիսի կառավարություն ինչին արժանի է>>: Գ. Գեգել

Այդ իսկ պատճառով անգրագիտության ամբողջական սխեման իր տրամաբանական ավարտին են հասցնում անգրագետ կամ կիսագրագետ պաշտոնյաները  իրենց անտարբեր վերաբերմունքով և օրենսդրական խտրական նախագծերով: Պետական մարմինների ու պաշտոնատար անձանց անտարբերությունը կայանում է խնդրի հաջորդ մեծագույն պատճառը: Սակայն, ի՞նչով է պայմանավորված այդ անտարբերությունը: Արդյո՞ք դա խնդիրը  այլ խնդիրների համեմատությամբ չկարևորելու և հետին պլան մղելու արդյունք է: Թե՞ այնուամենայնիվ դա դիտավորյալ անտարբերություն է ելնելով իշխանական շահերից: Չէ՞ որ տարիներով կաշառակերության սովոր համակարգի համար առավել հեշտ է իրենց իրավունքներին լիովին չտիրապետող և հետևաբար դրանց համար պայքարելու անկարող խոցելի խմբերին դիտարկել որպես կաշառակերության թիրախ: Վիճակագրական տվյալներով կաշառակերությունը առավել մեծ տոկոսների է հասնում պետություններում, որտեղ հասարակությունը սոցիալապես անապահով է: Այս ամենը հանգեցնում է տարիներով կարծրացած մի մեծ փակ շղթայի, որի արդյունքում՝ սոցիալապես անապահով հասարակությունում, կյանքի բոլոր ոլորտներում /լինի դա կրթական, մշակութային, տնտեսական թե պետական կառավարման/ ներքևից վերև աստիճանավորված առկա է կաշառակերություն, որը առավել հարմար է գործածել խոցելի խմբերի /կանայք, հաշմանդամներ, ազգային փոքրամասնություններ և այլն/ նկատմամբ, նրանց հասարակության մեջ տեղ տալու դիմաց, ինչը ցանկացած ժողովրդավարական պետությունում հասարակության յուրաքանչյուր անդամին տրված ամենաչնչին ապահովագրումն է պետության կողմից: Իրավական անգրագիտություն, պետական անտարբերություն /տարբեր պատճառներով/, կաշառակերություն, սոցիալապես անապահով հասարակություն. ահա այն հիմնական օղակները, որոնք միմյանց հաջորդելով, լրացնելով, մեկը մյուսից բխելով ապահովվում են հասարակություն առանց ներառականության և պետություն առանց ներառական կառավարման:

Շատ կարևոր քայլ է պատճառների դուրս բերումն ու դրա միջոցով լուծումներ որոնումը, սակայն մինչ այդ, էլ ավելի կարևոր է խնդրի առկայության գիտակցումն ու ընդունումը: Որովհետև քանի դեռ պետությունը չի խոստովանում, որ արդեն իսկ բախվել է խնդրին և փոխարենը միջազգային ստանդարտներին համապատասխանելու նպատակով ի ցույց է դնում խեղաթյուրված ժողովրդավարության պատկերը՝ իրականում զուրկ ներառական կառավարումից, չներառելով իր առջև դրված խնդիրների շարքում այն չի կարող լուծում ստանալ:

Ա.Ասատրյան