Օգնիր տուժողին

Պետբյուջեից գողացված գումարները պետք է վերադարձվեն, հետո միայն որոշվի՝ ինչպես ծախսել. Իրավապաշտպանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին Politik.am

28.05.2019 | 17:09


Երեկ կայացավ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամաների ներկայացուցիչների ասուլիսը: Ներկա էր նար հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Վերջինս, պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի իր  արձագանքը, եթե պարզվի, որ նվիրատվությունների մի մասն, օրինակ, պետբյուջեից գողացված գումարներն են, ասաց.

«Եթե պետբյուջեից գողացած միջոցներ են, ավելի լավ, եթե փոխանցում են և ծառայեցնում են պետությանն ու պետության քաղաքացիներին։ Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև ես մտածում եմ, որ գումարը եթե մեզ հասավ, կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրան, ով մեզ է փոխանցում, մենք, միևնույն է, ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաօգտակար նպատակներին։ Դրա համար անձամբ ինձ համար կարևոր չէ, որովհետև այդ գումարը եթե որևէ ձևով էլ հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, եթե գա հասնի մեզ»։

Politik.am-ը այս հարցի շուրջ զրուցել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ: Ասում է՝ բոլորն են կողմ, որ բոլոր գողացված գումարները վերադարձվեն, բայց հարցը երկակի է.«Մի կողմից շատ լավ է, որ գումարը գոնե ինչ-որ լավ նպատակի համար կարող է ծառայել, բայց այստեղ մի մեծ նրբություն կա՝ արդյո՞ք ինչ-որ անձանց կողմից այդ գումարները տալը վերջիններիս համար չի ստեղծում «զրահաբաճկոն»: Այսինքն՝ շատ հնարավոր է, որ դրանով իրենք ընկնում են բարձր հովանու ներքո: Հետո հարց է նաև՝ ինչպես ծախսել այդ գումարները»:

Իրավապաշտպանը, սակայն, ընդգծում է՝ շատ կարևոր է նվիրաբերվող գումարների ծագումը.«Եթե գողացված, ապօրինի գումարներ են, թող գնան բարեգործության, բայց տվող մարդիկ պետք է միանշանակ պատիժ կրեն: Ինչ կապ ունի՝ ո՞ր հիմնադրամին կամ ում են տվել: Օգտագործումը՝ մի կողմ, ծագումն է կարևոր»:

Իրավապաշտպանի խոսքով՝ որքան էլ լավ է բարեգործություն անելը, միևնույն է, նվիրաբերվող գումարների ծագումը պետք է ստուգեն իրավապահները՝ հիմնադրամի դիմումների հիման վրա: Նվիրատուների ցուցակները, բնականաբար, պետք է բաց ու թափանցիկ լինեն, իսկ իրավապահ մարմինները ստուգեն դրանց օրինականությունը:

«Պետբյուջե հասկացություն ամբողջ աշխարհում գոյություն չունի: Դրանք բոլորիս տված հարկերն են: Ամեն դեպքում, գողացված փողերով բարեգործություն կատարելը ինձ համար մի քիչ անընդունելի է: Կարծում եմ, որ գումարները պետք է հետ գնան պետական բյուջե, հետո միայն որոշվի, թե ինչ նպատակներով դրանք պետք է ծախսվեն: «Յուրիդետոչկինությունը» կամ «դոնկիխոտությունը» ինձ համար մի քիչ անընդունելի ու անհասկանալի են, ստացվում է՝ ինչ՝ գողերին քաջալերենք, ասենք՝ դուք գումարները գողացեք, հետո այդ գուարների մի մասով մենք բարեգործությու՞ն անենք»,-ամփոփում է իրավապաշտպանը:

http://politik.am/petbyujeic-goxacvats-gumarnery-petq-e-veradardzven-heto-miayn-voroshvi-inchpes-tsakhsel-iravapashtpany-anna-hakobyani