Օգնիր տուժողին

«Սերժ Սարգսյանի հետ գնացեք և վայելեք Ձեր հանգիստը»․ իրավապաշտպանը դատավորին հանցագործ անվանեց 1in.am

26.12.2018 | 17:05


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանար «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքի քննությունն ընդդեմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման։ Նախքան բողոքի բովանդակությանն անդարդառնալը նախ ներկայացնենք, թե ինչ տեղի ունեցավ դատական նիստի ընթացքում։

Մարինա Պողոսյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց բողոքը քննող դատավոր Ռուզաննա Բարսեղյանին՝ մեջբերելով դեռևս 2015 թվականին «Առաջին լրատվականին» տված իր հարցազրույցի որոշ հատվածներ։

Նկատի ունենալով դատավոր Ռուզաննա Բարսեղյանին և Լևոն Ավետիսյանին՝ Պողոսյանն ասել էր․ «Նրանց համար միևնույն է, թե ինչ է կատարվում Հայաստանում, թե ինչպես են ոտնահարվում մարդու իրավունքները, ինչպես են ստորացվում ՀՀ քաղաքացիները. նրանք միայն իրենց պատվիրատուի շահերն են պաշտպանում: Դատավորները պարզապես թքած ունեն Հայաստանի Սահմանադրության և մյուս օրենքների վրա: Դե յուրե դատավորները անկախ են, սակայն դե ֆակտո նրանք հաճախ ստանձնում են հանցագործների պաշտպանի դերը՝ ելնելով իրենց նեղ անձնական շահերից: Փաստորեն, դատավորներն էլ օրենքով պաշտպանված հանցագործներ են»:

Մարինա Պողոսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ երեք տարի անց իր կարծիքը չի փոխվել Ռուզաննա Բարսեղյանի վերաբերյալ։ Իրավապաշտպանը դատավորին հիշեցրեց, թե ինչպես է նա քննել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարողների կողմից իր նկատմամբ տեղի ունեցած բռնության գործը։ «Մի շարք հոդվածներ են լույս տեսել մամուլում Ռուզաննա Բարսեղյանի և նրա կատարածի վերաբերյալ, թե ինչպես է նա փորձել փրկել Սերժ Սարգսյանի ռեժիմի սպասավոր հարկադիր կատարողներին, երբ ինձ ազատությունից զրկել էին, խոշտանգել էին, աստիճանների վրա են գցել, իսկ մի դատավոր, որը մարդուն ազատությունից զրկելը իր մուրճիկի հարվածով համարել է իրավաչափ, ոչ միայն այս դատական նիստը վարելու, այլև առհասարակ համակարգում լինելու իրավունք չունի»,- հայտարարեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ գործը դարձավ հայ իրավապաշտպանի նկատմամբ ֆիզիկական բռնության առաջին գործը, որը ներկայումս քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։

«Դուք չեք կարող քննել իմ բողոքը, քանի որ եղել են նման հոդվածներ, որտեղ ես Ձեզ անվանել եմ հանցագործ և ես իմ դիրքորոշումն առ այսօր չեմ փոխել»,- այսպես հիմնավորեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը Մարինա Պողոսյանը։ Միջնորդությանը միացավ նաև Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Ռուզաննա Բարսեղյանը մերժեց իրավապաշտպանի միջնորդությունը, որից հետո Մարինա Պողոսյանը լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով․ «Նման պայմաններում հանցագործ դատավորի հետ մենք շարունակելու ոչինչ չունեք։ Կարող եք Դուք մերժել, մերժվել, այս դատական համակարգում Դուք տեղ չունեք, հարգելի տիկին Բարսեղյան։ Սերժ Սարգսյանի հետ գնացեք և վայելեք Ձեր հանգիստը»։

Փաստաբան Շուշանյանը, միանալով իր ներկայացուցչին, լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով․ «Կարող եք առանց բողոք բերած անձի և նրա ներկայացուցչի քննել բողոքը և որոշում կայացնել»։

Նշենք, որ բողոքը վերաբերում էր 2015 թվականին Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործին, որը, ըստ Պողոսյանի, հարուցվել է օրենքի խախտմամբ։ Մասնավորապես, իր դեմ հաղորդում ներկայացրած Արփի Մերասն անձամբ չի ներկայացրել հաղորդումը ոստիկանություն, այլ դա արել է փաստաբան Հրանտ Անանյանի միջոցով։ Բացի այդ, ոստիկանություն ներկայացվել է ոչ թե հաղորդման բնօրինակը, այլ պատճենը, որին կցված չեն եղել հաղորդում ներկայացրած անձի անձնագրի պատճենը, որով քննիչը կարող էր պարզել, թե արդյոք հաղորդման տակ դրված ստորագրությունը համապատասխանում է անձնագրի ստորագրությանը, թե ոչ։ Այս և մի շարք այլ փաստերի վերաբերյալ իրավապաշտպանը հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որը մերժել էր քրեական գործի հարուցումը։

Դրան հետևել է իրավապաշտպանի կողմից ՀՔԾ-ի անգործության դեմ բողոքը, որը մերժվել է ընդհանուր իրավասության դատարանի կողմից և այսօր պետք է քննության առնվեր Վերաքննիչ քրեական դատարանում։

Բողոքի քննությունը, սակայն, ըստ էության չկայացավ, քանի որ Պողոսյանն ու իր ներկայացուցիչ Շուշանյանը լքեցին նիստերի դահլիճը։

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

https://www.1in.am/2483382.html?fbclid=IwAR0O5DktJuy71iCbV3X5QTH6toNMDjwhV6dsdDHYcRKxYHuL0TgsYaJLBRg