Օգնիր տուժողին

«Վահագի մի էրեխուն մատաղ եմ անելու․․․»․ ալավերդցիների սպանությունների շղթան կապվում է Տարոն Աբգարյանի հետ Acblog

13.09.2019 | 16:02


«Հակակոռուպցիոն բլոգը» ամիսներ շարունակ սեփական հետաքննություն է անցկացրել Ալավերդի քաղաքում և դրանից դուրս տեղի ունեցած հանցագործություններում շահագրգիռ անձանց բացահայտելու ուղղությամբ։ 2015 թվականին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո Ալավերդիում, Ախթալայում և Երևանում կրակոցներ են հնչել, որոնց արդյունքում սպանվել է չորս մարդ, Ալավերդին, իսկ հետագայում Հայաստանը լքել է առնվազն երկու անձ, խոշտանգվել են չորս քաղաքացիներ, իսկ Ալավերդի քաղաքում շարունակել են տիրել հանցավոր մթնոլորտն ու գողական բարքերը։ Ստորև ներկայացնում ենք իրադարձությունների ժամանակագրությունն ու փաստերը, որոնք ապացուցում են Ալավերդիի «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանի առնչությունը դրանց հետ։

Ամեն ինչ սկսվել է 2015 թվականի Ալավերդիի քաղաքապետի  ընտրություններից․ առաջին հայացքից սովորական տեղական ընտրությունները  իրականում արտառոց հանցագործությունների շղթայի սկիզբը դարձան։ Ընտրություններին պայքար է ընթացել երկու ազդեցիկ թեկնածուների միջև, մեկը «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանի եղբայրն էր՝ Արթուր Աբգարյանը, մյուսը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից աջակցություն վայելող թեկնածուն՝ Կարեն Փարեմուզյանը։ Վերջինիս թեկնածությունը մեծապես աջակցել էր Ալավերդիում որոշակի հեղինակություն վայելող Վահագն Աբգարյանը (ազգանունների նույնությունը պատահական է, Վահագն և Տարոն Աբգարյանների միջև ազգակցական կապ չկա)։

Արդյունքում Տարոն Աբգարյանի եղբայրը պարտվել էր, դրան հետևել էին մի շարք հանցագործություններ։ Արյունալի իրադարձությունները՝ նախ համառոտ․ ընտրություններից ամիսներ անց Տարոն Աբգարյանի մտերիմ աշխատակից Վարդան Անտոնյանը կրակահերթ էր բացել Վահագն Աբգարյանին և նրա ընկերոջը պատկանող ավտոմեքենաների վրա։ Վահագն Աբգարյանը մեքենայի մեջ չի եղել, մեքենայի մեջ են եղել նրա ընկերները, սակայն որևէ մեկը չի տուժել մեքենայի զրահապատ լինելու շնորհիվ։ Այդ օրը մեքենայում գտնված Էդուարդ Պողոսյանին հետագայում սպանել են ընկերոջ՝ Վարդան Ավագյանի հետ միասին։ Ըստ ոստիկանության տվյալները՝ նրանց սպանել է Վարդան Փիրուզյանը, ով հետախուզման մեջ է։ Վարդանի եղբայրը՝ Կամո Փիրուզյանը, դեպքից որոշ ժամանակ անց վերադարձել է Ալավերդի և սպանվել է Վլադիմիր Դավթյանի կողմից։ Դրան հաջորդել է Երևանի կենտրոնում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ Վահագն Աբգարյանի վրա բացած կրակահերթը, որին զոհ է գնացել Վահագնի ընկերը՝ Գագիկ Մոսինյանը։  Վահագն Աբգարյանը ծանր վիրավորվել է, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Դեպքից կարճ ժամանակ անց մեղադրանք է առաջադրվել Վահագն Աբգարյանին՝ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար։ Ստորև ներկայացնում ենք տեղի ունեցած դեպքերն առավել հանգամանալից։

«ԿԱՄ ԵՍ ԻՐԱՆ ՍՊԱՆԻԼ ՏԵԻ ԿԱՄ ՂՐԳԻԼ ՏԵԻ, ՀԵՆԱ՝ ՂՐԳԵՑԻ»

2015 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո՝ նույն թվականի հոկտեմբերի 11-ին, Ախթալայի կամրջի վրա Վարդան Անտոնյանը կրակահերթ է բացել Վահագն Աբգարյանին պատկանող ավտոմեքենայի վրա։ Դեպքի ականատես Արմեն Հարությունյանը որոշ ժամանակ անց ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։ «Հակակոռուպցիոն բլոգին» սակայն հաջողվել է կապ հաստատել նրա հետ և տեսազանգի միջոցով հարցազրույց վերցնել։ Ականատես վկան պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ «Վարդան Անտոնյանը ոնց որ Տարոնի ախրանիկը լիներ, ռաստ եկանք, Վարդանը ասեց՝ ուզո՞ւմ ես քաղաքով ֆռանք, ասի՝ ֆռանք։ Գնացինք, քաղաք ֆռում ենք, բա՝ կարա՞նք մի հատ քարի ցեխը մտնենք, ասի՝ հա։ Գնաց ցեխը, դուրս եկավ, ձեռին շոր էր, ավտոյի հետևի դուռը բացեց, շորը գցեց։ Ու ֆռում էինք քաղաք, մեր Վահագի (Վահագն Աբգարյանի) «Խամերն» ու Արկոյի «Տիանան» ռաստ եկան, բա՝ քշի սրանց հետևից տենանք սրանք ո՞ւր են գնում։ Ասի՝ ինչի՞դ ա պետք, այ ախպեր։ Ասեց՝ թե բա վախո՞ւմ ես։ Ասի՝ ինչի՞ համար եմ վախում, ուզում ես, կքշեմ։ Բա թե քշի, գնանք Ախթալու մոստի վրա, տենանք Ճոճկան են գնում, թե ուր են գնում։ Քշեցի, գնացի Ախթալու մոստի վրա կանգնեցի, մի երկու րոպեից Վահագի ավտոն ու «Տիանան» եկան։ Սա գնաց ավտոյի դուռը բացեց, շորի մեջ զենք էր, հանեց ու գռցրուց։ Ես փախա ճոպանի վրա, ասի՝ հանկարծ գլուխս չուտեն։ Կրակոցը որ պրծավ, «Խամերն» ու «Տիանան» հետ քշեցին Ալավերդու կողմը։ Ես հետ գնացի, նստեցի ավտոս»։

Արմեն Հարությունյանը դեպքի հաջորդ օրը չի կարողացել հանդիպել Վարդան Անտոնյանին և որոշել է փախչել հարևան Վրաստան։ Երկու օր անց որոշել է վերադառնալ ու իրավապահ մարմիններին պատմել իրականությունը։ Արմենի խոսքով՝ իր հայրը Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի հետ եկել են Վրաստան, որպեսզի իրեն ուղեկցեն Հայաստան։ «Ճամփումը Տիտանյան Աշոտը՝ բա գիտես չէ՞, Արմեն ջան, ոնց պիտի գրվի, ինչ կա, սաղ Վարդանը, ուրիշ անուն-մանուն չկա, չէ՞։ Ասի՝ հա։ Դե ինքը Տարոնանց հետ մոտիկ ա, բարեկամ-բան են, ջոգեցի էլի՝ ինչ ա նամիկատ անում, որ քարի ցեխի անուն չտրվի»։

Ստորև ներկայացնում ենք Արմեն Հարությունյանի հարցազրույցը։

Արմեն Հարությունյանը պատմում է, որ իր ցուցմունքից հետո Տարոնի ընկերախմբի ու իր հարաբերությունները լարվել են․ «Տարոնի գռուպան՝ մի հատ բենզին անողների գռուպա կա, օբշի լարվեցին իմ դեմ»։ Վարդան Անտոնյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտում է 13 տարվա ազատազրկման։ Արմեն Հարությունյանը հեռախոսազրույց է ունենում Տարոն Աբգարյանի հետ, որի ընթացքում վերջինս ասում է, որ Վարդանը իր պատճառով է մտել այս պատմության մեջ և որ ինքն ամեն գնով նրան հանելու է։ Արմեն Հարությունյանը «Հակակոռուպցիոն բլոգին» է տրամադրել իր կողմից նկարահանված և ձայնագրված հեռախոսազրույցը։ «Հմի տես, Վարդանն էս ամեն ինչի մեջ իմ խաթր ա մտել, ընտրությունը չլներ, Վարդանը նրանց հետ ի՞նչ պրոբլեմ կունենար։ Դրա համար եմ ուզում օգնեմ, իմ խղճին դարդ ա, ընտրության խաթր նրանք թարսվեցին իրար հետ։ Ես նրան պա լյուբոմու օգնելու եմ, հանելու եմ։ Ու դուք էլ անիմաստ դառնալ տեք թշնամի»,- հեռախոսազրույցի ժամանակ ասել է Տարոն Աբգարյանը։ Տարոն Աբգարյանը նաև ասում է, որ ինչ-որ տեղեր է խոսել, իրեն ասել են, թե ինչ է պետք անել։

Մանրամասները՝  տեսանյութում։

Ի դեպ, կարելի է արձանագրել, որ Տարոն Աբգարյանն իր խոսքի տեր մարդ է, քանի որ նշված հեռախոսազրույցից որոշ ժամանակ անց 13 տարվա ազատարազրկման դատապարտված Վարդան Անտոնյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից։ Թե ինչպես է դա հաջողվել Աբգարյանին, հավանաբար տեղյակ է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզան Բարսեղյանը, ում որոշմամբ էլ Անտոնյանն այժմ ազատության մեջ է։

Արմեն Հարությունյանը բախումներից խուսափելու համար ժամանակավոր տեղափոխվել է Վանաձոր։ Հարությունյանին կարճ ժամանակով ձերբակալել են. այդ ընթացքում Հատուկ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը փորձել է մեկ այլ քրեական գործով նրանից ցուցմունքներ կորզել ընդդեմ Վահագն Աբգարյանի։ Հարությունյանը «Հակակոռուպցիոն բլոգին» պատմել է այդ ճնշումների մասին ևս։

Արմեն Հարությունյանը նաև դեմ առ դեմ է զրուցել Տարոն Աբգարյանի հետ․  «Ախպերս զանգեց, կանչեց քարի ցեղը։ Գնացի, տեսա՝ Վարդանը, Տարոնը, մյուս ախրանիկը՝ Արենը, ըտի են։ Գնացի, ընկան ջեբերս, հեռախոսներս են հանում՝ թե բա՝ տենանք, հո՞ զապիս չես անում։ Տարոնը՝ բա կառոչի, լսի, մի հատ սենց հարց կա, եթե ուզում ես քեզ համար սաղ լավ ըլնի, գալիս ես մեր կողքը։ Ասեց՝ արի, կուզես կաշխատես, մեր կողքի մարդը կլնես։ Հետո ասեց՝ բա գիտես, ես զապիսներ ունեմ, Վահագը քեզ ինչ քֆուր ասես արել ա։ Նա քու լավը չի ուզում»,- պատմում է Արմեն Հարությունյանը։ Նա նաև ուշագրավ տեղեկություններ է հայտնել Վահագն Աբգարյանի ձերբակալության մեջ Տարոն Աբգարյանի շահագրգռվածության վերաբերյալ։ Արմենի խոսքով, Տարոն Աբգարյանն ասել է, թե կամ Վահագը պիտի իրեն սպաներ կամ ինքը՝ Վահագին։ Կամ էլ պիտի Վահագին «ղրգեր»՝ նստեցնել տար․ «Կամ ես իրան սպանիլ տեի կամ ղրգիլ տեի, հենա՝ ղրգեցի, մթամ նստեցրի էլի,- հիշում է Արմեն Հարությունյանը,- խոսակցության վախտը Տարոնը ասում ա՝ եթե ջոգեմ իմ վրով մի հատ մի բան ըլնի, Վահագի մի էրեխուն մատաղ եմ անելու»։

Արմեն Հարությունյանը, անհանգստանալով սեփական անվտանգության համար, լքել է ոչ միայն Ալավերդի քաղաքը, այլև Հանրապետությունը։ Նա մտահոգված է, որ Ալավերդիում ապրող իր կնոջն ու երեխաներին կարող են վնասել, ուստի փորձում է նրանց ևս տեղափոխել երկրից։

Հարությունյանը նաև պատմել է, որ Տարոն Աբգարյանն իրեն ասել է, թե Արկոն՝ Արթուր Մնացականյանը, «իրենց մարդն է»։ Նշենք, որ Արթուր Մնացականյանը միակ վկան է, ով ցուցմունք է տվել Վահագն Աբգարյանի դեմ։ Ներկայումս նա ևս գտնվում է արտերկրում, նրա գտնվելու ստույգ վայրը հայտնի չէ։

ԲՈԼՈՐ ԿՐԱԿՈՂՆԵՐԸ ՄՏԵՐԻՄ ԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՏ

Աբգարյան եղբայրների մտերմությունը Ալավերդիում և հետագայում Երևանում իրագործած սպանությունների մեջ մեղադրվող անձանց հետ ապացուցվում է ինչպես վկաներից մեկի ցուցմունքով, այդպես էլ այդ անձանց սոցիալական ցանցերում առկա լուսանկարներով։ Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի սպանության մեջ մեղադրվող Վարդան Փիրուզյանը ընդհանուր, մտերմիկ լուսանկարներ ունի Տարոն և Արթուր Աբգարյանների հետ, ինչպես նաև «Թուֆենկյանի» մոտ կրակոցներ արձակած Արմեն Կարադավիդովի հետ։

Լուսանկարները վերցված են Վարդան Փիրուզյանի Օդնոկլասսնիկի սոցիալական մեդիայի էջից։

Արմեն Կարադավիդովի կինը՝ Արմինե Թամազյանը (իր պնդմամբ՝ զուտ փաստաթղթով են ամուսիններ եղել, իրականում համատեղ կյանք չեն վարել) իր ցուցմունքով հաստատել է, որ Կարադավիդովը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Տարոն և Արթուր Աբգարյանների հետ։ Արմինե Թամազյանը նաև նշել է, որ Աբգարյան եղբայրների հետ մտերիմ են Արմենի քեռիները։

Տարոն Աբգարյանը հրաժարվեց հարցազրույց տալ «Հակակոռուպցիոն բլոգին»

Իրավիճակը բազմակողմանի ներկայացնելու և օբյեկտիվությունը պահպանելու համար «Հակակոռուպցիոն բլոգը» փորձեց հարցազրույց անցկացնել նաև Տարոն Աբգարյանի հետ։ Նա երկու օր չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, իսկ երբ հաղորդագրություն ուղարկեցինք՝ նշելով, որ ցանկանում ենք հարցազրույց անցկացնել իր հետ, պատասխանեց, որ արտերկրում է և խնդրեց հարցերն ուղարկել գրավոր։ Աբգարյանին մի շարք հարցեր ուղարկեցինք, մասնավորապես, որ ցանկանում ենք իր կարծիքը լսել սպանության գործերով անցնող և մի շարք այլ անձանց հետ իր հարաբերությունների վերաբերյալ։ Աբգարյանից ստացանք հետևյալ պատասխանը, որը նա խնդրեց հրապարակել․ «Ծանոթանալով Ձեր տարօրինակ հարցադրումներին որոշեցի ուսումնասիրել ձեր կայքը և պարզեցի, որ Դուք զանգվածային լրատվության միջոց ներկայացնող անձ չեք։ Հակակոռուպցիոն բլոգը, որը Դուք ներկայացնում եք, ստեղծվել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից։ Իսկ նույն բլոգի հրապարակման համաձայն Վահագն Աբգարյանի ներկայացուցիչ է ճանաչվել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։ Ինչից հետևում է, որ Դուք անկախ լրագրող չեք կարող հանդիսանալ, օբյեկտիվ տեղեկատվություն չեք տարածելու (ինչն ապացուցվում է նաև նախկին ձեր հրապարակումներով, որոնցից որոշներին ես ծանոթացա Ձեր նամակից հետո), ուստի ես նպատակահարմար չեմ գտնում Ձեր հարցերին պատասխանել։ Սա Ձեր հարցերին իմ պատասխանն է, որը խնդրում եմ զետեղել Ձեր հրապարակման մեջ»։

Տարոն Աբգարյանն իր այս պատասխանով ըստ էության հաստատում է, որ իր և Վահագն Աբգարյանի միջև կոնֆլիկտ կա, քանի որ չի ցանկանում պատասխանել նրա շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության կողմից ստեղծված բլոգի հարցերին։ Նշենք, որ «Հակակոռուպցիոն բլոգում» մինչ այս տեղ գտած հրապարակումներում երբեք չի շոշափվել Տարոն և Արթուր Աբգարյանների անունները։ Այս գործի վերաբերյալ մեր հրապարակումները սահամանփակվել են Հատուկ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի կողմից վկաների վրա բանեցված ճնշումների վերաբերյալ հրապարակումներով և Կամո Փիրուզյանի սպանության գործով դատավարությունների լուրերով։

Ինչևէ, հարցազրույցից հրաժարվելը Տարոն Աբգարյանի իրավունքն է, իսկ հետևություններ անելը՝ իրավապահ մարմինների պարտականությունը։

շարունակելի

Արման Ղարիբյան

Continue reading at https://acblog.am/?p=3832&fbclid=IwAR0ZSIjzhAyjAfXe57vFTKL3xJ55k-6LnrIB3DUlKCUCPK9cVFNJ0ho6cbU | AntiCorruption