Օգնիր տուժողին

Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի գործով մեղադրվում են ՔԿԾ հասարակ աշխատողներ. «Նուբարաշենի» ռեժիմի պետին ազատում են պատասխանատվությունից Forrights.am

29.08.2020 | 23:56


Անցնող շաբաթ դատախազությունը անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Ալավերդի քաղաքում հայտնի գործարար Վահագն Աբգարյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի ենթարկելու գործով՝ հայտնեց, որ գործով քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել, առանց անուն և հստակ թվաքանակ հայտնելու:

Forrights.am-ին հայտնի դարձան ձերբակալվածներից երկուսի անուններն ու պաշտոնները՝ «Նուբարաշեն» ՔԿՀ հերթպահ մասին պատասխանատու, հերթապահ Հովիկ Ալեքսանյան, որը մեկ ամիս առաջ ազատվել է աշխատանքից, և անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Զոհրաբ Պետրոսյան, որը շարունակում է ծառայությունը: Ռեժիմի պետը՝ ոմն Ավո, որը, ըստ մեր տեղեկությունների, ՔԿԾ պետ Գոյունյանի մարդն է, ազատված է պատասխանատվությունից: Կրկին կուժն ու կուլան թափվում են հասարակ աշխատողների գլխին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նյութերը նախապատրաստել է քրեակատարողական ծառայությունը, ինչը  ի սկզբանե կասկածի տակ է դնում քննության օբյեկտիվությունը: Փաստորեն, իրենք կատարել են հանցանքը՝ խոշտանգել են կալանավորին, նրան բռնությունների են ենթարկել:

Ուստի մեծ է հավանականությունը, որ ապացույցները ոչնչացվում են: Մեր տեղեկություններով, դա արդեն արվում է: Քննիչն անգամ չի առգրավել Վահագն Աբգարյանի արյունոտված հագուստը:

Նկատենք՝ Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնությունները կիրառվել են ս.թ. փետրվարի 24-ին, գործը հարուցվել է ուշացումով, իսկ ձերբակալությունները տեղի են ունեցել արդեն 6 ամիս անց: Այս հանգամանքների վրա Forrights.am-ի ուշադրությանը ներկայացրեց Աբգարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արթուր Գրիգորյանը: Ըստ նրա դեպքը տեղի է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ ռեժիմի գծով պետի սենյակում:

«Փետրվարի 24-ին, 23.00 սահմաններում, — պատմում է Արթուր Գրիգորյանը, — Աբգարյանի խցի դուռը բացվում է և նրան ուղեկցում են ՔԿՀ հիմնարկի ռեժիմի պետի սենյակ, որտեղ նրան դիմավորում են քրեական աստիճանակարգ ու բարձր կարգավիճակ ունեցող անձինք: Նրան ոչ թե ծեծում են, այլ մահափորձ են կատարում, դանակով հարված հասցնելով գլխին: Այն մասին, որ իմ պաշտպանյալը կտրող-ծակող գործիքի ներգործությամբ վնասվածք է ստացել, ընդհանրապես չի խոսվում: Սպանության փորձի մասին քրեական գործում ոչ մի բառ չկա: Ի դեպ, գործը հարուցվել է միայն մարտի 9-ին, դեպքից 8 օր անց, և՝ ոչ թե սպանության փորձի, այլ ՔԿ հիմնարկի պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները անցնելու կապակցությամբ՝ 308-րդ հոդվածով, որ խախտելով ՔԿ օրենսգրքի, կանոնակարգերի պահանջները,  այդ անձը դուռը բացել է ու ուղեկցել է կալանավորին այլ խուց, որի իրավունքը չի ունեցել: Գրված է՝ ոչ թե ռեժիմի պետի աշխատասենյակ, այլ խուց: Աբգարյանը, իբր, վեճի է բռնվել այնտեղ գտնվող կալանավորների հետ, որոնք վեճի ընթացքում նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ են հասցնում, պատճառելով առողջությանը թեթև վնաս: Դանակահարության մասին խոսք չկա: Ստացվում է, որ կոծկում են կտրող գործիքով վնասվածքը: Եթե կալանավորի վրա կա նման վնասվածք, հետևապես բերդի ամինիստրացիան ոտքով գլխով պատասխանատու է: Որտեղի՞ց կալանավորների մոտ նման գործիք»:

«Նուբարաշեն» ՔԿՀ ռեժիմի գծով պետը Ավո Չուրջյանն է: Նա դատավարական որևէ կարգավիճակ գործով չունի: «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանին, որը անշուշտ, ունի պատասխանատվույթան իր բաժինը, այս սկանդալային դեպքից 7 օր անց տեղափոխեցին այստեղից,  նշանակելով «Գորիս» ՔԿՀ պետ: Այնտեղ նա ընդամենը մի քանի օր աշխատեց, ապա պաշտոնանկ արվեց:

Արթուր Գրիգորյանը պնդում է, որ առերեսումներ Վահագն Աբգարյանի և նրան մարմնական վնասվածքներ հասցնող անձանց, կամ այդ բռնությունների ականատեսների միջև չեն եղել: Փաստաբանին երկու հարց էլ ուղղեցինք:

-Ձեր կարծիքով, ի՞նչ կապ ունի ծեծի դրվագը Վահագն Աբգարյանի մեղադրանքի հետ, որը սպանության պատվերն է:

-Սպանության պատվեր հասկացությունը արհեստականորեն ստեղծված մեղադրանք է: Ի սկզբանե եղել է մեկ փաստ՝ որ Վլադիմիր Դավթյանը բոլորի աչքի առաջ Ալավերդի քաղաքում սպանել է Կամո Փիրութզյանին: Նա իր պատճառաբանությունները ցուցմունքներում հայտնել է, ընդ որում ասել է՝ սպանել եմ, լավ եմ արել, որովհետև հակառակ դեպքում ինքն ինձ կսպաներ: Վահագն Աբգարյանն էլ պարզապես հայտնի գործարար է, սեփականատեր, ձեռնարկություններ ուներ Ալավերդիում, որպես մարդ ուներ հարգանք, որը հետագայում աղճատված ձևով տեղափոխեցին քրեական հեղինակությունների դաշտ: Մինչդեռ նա առհասարակ կապ չունի այդ կաստայի հետ: Դեռ հակառակը՝ քրեական հեղինակությունները խնդիր ունեն Վահագն Աբգարյանի հետ, ինչը և դրսևորվեց «Նուբարաշենում» նրա գտնվելու ժամանակ:

-Այսօր իրավապահները պայքար են մղում քրեական ենթամշակույթ կրողների, գողականների դեմ: Ինչպե՞ս կբնութագրեիք այն, ինչ իրականում կատարվում է:

-Սույն թվականի հունվարի 22-ին ընդունվեց քրեական ենթամշակույթ կրելու  համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը: Հիմա որ միջոցառումներ են ձեռնարկում՝ օրենքով գողերի են գնում-բերման ենթարկում, մտնում են, դուբինկեքով ծեծում են և այլն, հանրության, առաջին հերթին՝ միջազգային հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, որ այո, մեր իշխանութունները պայքարում են այդ երևույթի դեմ: Բայց հենց Վահագն Աբգարյանի և մյուսների գործի ներքո նայելով իրավիճակին և լավ տեղյակ լինելով ներսում կատարվող իրադարձություններին, պետք է արձանագրենք, որ ոչինչ էլ չի փոխվել ու դվար էլ փոխվի: Սա այնքան խոր արմատներ ունեցող իրավիճակ է, սովետական ժամանակներից ներդրված, որ իշխանություններին ինչ-որ տեղ ձեռք էլ չի տալիս ազատագրվելու այդ ամենից, որովհետև քրեական ենթամշակույթը ի սկզբանե հարցրերի լուծման այլընտրանքային ճանապարհ է, որից միշտ օգտվել են ու կօգտվեն:

Սյուզան Սիմոնյան

https://forrights.am/2020/08/29/%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6-%D5%A1%D5%A2%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8/?fbclid=IwAR3wstFag_86YKEW5vNVxb2L91UofS5Q847XDWi_GsvDSbd_w1g8Q44KVJA