Օգնիր տուժողին

Վահագն Աբգարյանի մեքենայի վրա կրակելու գործը՝ Վճռաբեկ դատարանում AcBlog

27.09.2019 | 19:28


111

«Հակակոռուպցիոն բլոգը» տեղեկատվություն է ստացել այն մասին, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ախթալայի կամրջի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով դատախազության բողոքը։

Հիշեցնենք, որ այդ գործով նախ 13 տարվա ազատազրկման էր դատապարտվել ալավերդցի Վահագն Աբգարյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակած Վարդան Անտոնյանը, որը սակայն Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատվել էր կալանքից։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Ախթալայի կամրջի վրա տեղի ունեցած կրակոցները գործը անկյունաքարային նշանակություն ունի դրանից հետո Ալավերդի քաղաքում, ապա նաև Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանցագործությունների համար։ «Հակակոռուպցիոն բլոգը» գրել էր, որ  ամեն ինչ սկսվել է 2015 թվականի Ալավերդիի քաղաքապետի  ընտրություններից․ առաջին հայացքից սովորական տեղական ընտրությունները  իրականում արտառոց հանցագործությունների շղթայի սկիզբը դարձան։ Ընտրություններին պայքար է ընթացել երկու ազդեցիկ թեկնածուների միջև, մեկը «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանի եղբայրն էր՝ Արթուր Աբգարյանը, մյուսը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից աջակցություն վայելող թեկնածուն՝ Կարեն Փարեմուզյանը։ Վերջինիս թեկնածությունը մեծապես աջակցել էր Ալավերդիում որոշակի հեղինակություն վայելող Վահագն Աբգարյանը (ազգանունների նույնությունը պատահական է, Վահագն և Տարոն Աբգարյանների միջև ազգակցական կապ չկա)։ Արդյունքում Տարոն Աբգարյանի եղբայրը պարտվել էր, դրան հետևել էին մի շարք հանցագործություններ։

2015 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո՝ նույն թվականի հոկտեմբերի 11-ին, Ախթալայի կամրջի վրա Վարդան Անտոնյանը կրակահերթ է բացել Վահագն Աբգարյանին պատկանող ավտոմեքենայի վրա։ Դեպքի ականատես Արմեն Հարությունյանը որոշ ժամանակ անց ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։ «Հակակոռուպցիոն բլոգին» սակայն հաջողվել է կապ հաստատել նրա հետ և տեսազանգի միջոցով հարցազրույց վերցնել։ Հարությունյանը պատմել է, որ Անտոնյանն իր զենքը վերցրել է հանքը շահագործող ընկերության գրասենյակից, իսկ հետագայում արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանն իր հետ հեռախոսազրույցում ասել էր, որ ինքը ամեն դեպքում Վարդան Անտոնյանին հանելու է բանտից, քանի որ վերջինս իր «խաթր է մտել այս ամենի մեջ»։

Ի դեպ, կարելի է արձանագրել, որ Տարոն Աբգարյանն իր խոսքի տեր մարդ է, քանի որ նշված հեռախոսազրույցից որոշ ժամանակ անց 13 տարվա ազատարազրկման դատապարտված Վարդան Անտոնյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից։ Թե ինչպես է դա հաջողվել Աբգարյանին, հավանաբար տեղյակ է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզան Բարսեղյանը, ում որոշմամբ էլ Անտոնյանն այժմ ազատության մեջ է։

Այս գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է շրջադարձային լինել հանցագործությունների շղթան բացահայտելու համար։ Արման Ղարիբյան

Continue reading at https://acblog.am/?p=3933&fbclid=IwAR2jOrT_hHSfIHyv0Ab2Y2370doL3uyHPUCQFya2Ncx1N4b8kN7J5gZVSbE | AntiCorruption