Օգնիր տուժողին

Վկայի անսպասելի հայտնություն «Ալավերդցի Վահագի» գործով. ի՞նչ սենսացիոն հայտարարություններ էր ուզում անել վկան 1in.am

19.09.2019 | 17:59


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ շարունակվեց Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի» ու Վլադիմիր Դավթյանի գործի դատական քննությունը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 13-ին, ժամը 12-ն անց 10 րոպեին Վլադիմիր Դավթյանը Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող ծաղկի խանութից «Մակարով» ատրճանակով կրակել ու սպանել է փողոցում գտնվող Կամո Փիրուզյանին: Վլադիմիր Դավթյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մարզային ոստիկանությունից  գրավոր տեղեկացվել է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ Կամո Փիրուզյանի սպանությունը ոչ թե սպանողի ու սպանվածի անձնական թշնամության արդյունք է, այլ՝ կազմակերպված է եղել «Ալավերդցի Վահագի» կողմից՝ մի շարք այլ անձանց օժանդակությամբ, այսինքն՝ պատվերով սպանություն է:

Վահագն Աբգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, Լոռու քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք՝ երկու ատրճանակ, ու ռազմամթերք՝ փամփուշտներ ձեռք բերելու համար: Ատրճանակներից մեկը, ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը տվել է Արթուր Մ.-ին, իսկ մյուսը փամփուշտների հետ միասին տվել է Կամո Փիրուզյանի սպանությունն իրագործող Վլադիմիր Դավթյանին:

Վահագն Աբգարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասով, 312 հոդվածի 2-րդ մասով և 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վլադիմիր Դավթյանին մեղադրանք է առաջադրված ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ու սառը զենք ձեռք բերելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 4-րդ մասերով:

Վահագն Աբգարյանի ու Վլադիմիր Դավթյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:

Դատական այս նիստը, որ նշանակված էր 16-ն անց 30-ին, սկսվեց ուշացումով՝ ժամը 17-ին, այսինքն՝ այս ծավալուն գործի քննության համար մինչև աշխատանքային օրվա վերջը մնացել էր ընդամենը 1 ժամ: Դատարանը նիստի ընթացքում մի քանի անգամ հիշատակեց, որ այլ գործերով ծանրաբեռնվածության պատճառով է այս գործի քննության համար տվյալ դեպքում նախատեսել ընդամենը մեկ- մեկուկես ժամ:

Նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ այս նիստին տեխնիկական միջոցներ չեն տրամադրվել, մինչդեռ դատարանը պատրաստվում էր ունկնդրել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրությունները:

Նախագահողը տեղեկացրեց, որ հաջորդ նիստին տեխնիկական հարցը լուծված կլինի, իսկ այս նիստին դատարանը շարունակում է քրեական գործում առկա մյուս գրավոր ապացույցների հրապարակումն ու հետազոտումը, մասնավորապես՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրությունների վերծանումների արձանագրությունների հրապարակումը:

Մինչ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանի կողմից հիշյալ արձանագրությունների հրապարակումը ամբաստանյալ Վահագն Աբգարյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը հանդես եկավ միջնորդությամբ:

Պաշտպանը միջնորդեց փոխել դատարանի կողմից սահմանված՝ ապացույցների հետազոտման կարգը, ընդհատել գրավոր և այլ  ապացույցների հրապարակումն ու անցնել վկա Արթուր Մ.-ի հարցաքննությանը:

Պաշտպանն ասաց, որ այս վկան երկար ժամանակ բացակայել է ՀՀ-ից, նա ժամանել է Հայաստան ու տվյալ պահին գտնվում է  դատարանի դահլիճում:

Ըստ պաշտպանի՝ վկա Արթուր Մ.-ն, որ բնակվում է ՌԴ-ում, կապ է հաստատել իր հետ, պատրաստակամություն է հայտնել  արտահերթ ներկայանալու դատարան ու հարցաքննվելու: Պաշտպանը տեղեկացրեց, որ վկան կարճ ժամանակով է ժամանել, նա դարձյալ պետք է հեռանա Հայաստանից, ինչից հետո դատարանն այլևս չի կարող տվյալ գործով առանցքային վկա համարվող Արթուր Մ.-ին հարցաքննել: Այս վկան դատակոչի ցուցակում առաջին համարն է՝ նրա նախաքննական ցուցմունքները դրված են Վահագն Աբգարյանի մեղադրանքի հիմքում: Պաշտպանի կարծիքով այս վկայի հարցաքննությունը  կարևոր է դատավարության բոլոր կողմերի ու հենց դատարանի համար:

Դատարանը քննարկման դրեց պաշտպանի միջնորդությունը:

Մեղադրող դատախազ Տ. Ենոքյանն ասաց, թե աշխատանքային օրը մոտենում է ավարտին, ժամանակը պարզապես չի բավականացնի այս կարևոր վկային հարցաքննելու համար, քանի որ նա իրոք առանցքային վկա է: Մեղադրողն առաջարկեց վկային հարցաքննել հաջորդ նիստում:

Վկա Արթուր Մ.-ն, որ դահլիճում էր, հայտարարեց. «Ես կարճ կկապեմ»:

Միջնորդության հեղինակ, պաշտպան Դ. Գյուրջյանն առաջարկեց այս նիստին սկսել վկայի հարցաքննությունը, եթե այն չավարտվի, շարունակել հաջորդ նիստին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դեռ պիտի իրավական գնահատական տրվի այն հանգամանքին, թե ինչպես է պաշտպանական կողմն առնչվել գործով վկայի հետ: Բայց տվյալ պահին, ըստ Լ. Սահակյանի, առաջին հերթին վկան պետք է հեռացվի դատարանի դահլիճից: Լ. Սահակյանը պահանջեց, որ վկան դատարանի կողմից դուրս հրավիրվի դահլիճից:

Նախագահողը տեղի չտվեց ու պնդեց, թե տվյալ պահին դատարանն  այնպիսի գործողություն չի անում, որ անհրաժեշտ լինի վկային անհապաղ դուրս հրավիրել: Հակառակը՝ դատարանը քննարկում է տվյալ վկային հարցաքննելու, նրա՝ Հայաստանում գտնվելու ժամկետների հարցը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց պաշտպան Գյուրջյանի միջնորդության դեմ՝ նշելով, թե դատարանը չպետք է փոխի ապացույցների հետազոտման՝ արդեն սահմանված կարգը, քանի որ վկայի լիարժեք հարցաքննությունը հնարավոր է միայն քրեական գործում առկա ապացույցների ամբողջական հրապարակումից ու հետազոտումից հետո: Հակառակ դեպքում, ըստ Լ. Սահակյանի, կողմերը, մասնավորապես՝ տուժող կողմը, չեն կարող հարցեր ուղղել վկային:

Լուսինե Սահակյանն ասաց՝ շատ լավ է, որ վկան ներկայացել է, այստեղ է, ամեն ինչ պետք է անել, որ նա հարցաքննվի, քանի դեռ Հայաստանում է, բայց այս պահին նրա հարցաքննությունը ձևական բնույթ կկրի:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը նույնպես առարկեց պաշտպան Գյուրջյանի միջնորդության դեմ՝ նշելով, որ միայն գործում առկա գրավոր և այլ ապացույցների հրապարակումից ու հետազոտումից հետո է հնարավոր վկայի արդյունավետ հարցաքննություն իրականացնել: Բացի այդ, դատարանը թող գոնե ձևական առումով վկային օրենքով սահմանված կարգով ծանուցի, հաջորդ նիստին անդրադառնա վկային հարցաքննելու հարցին:

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց, որ այս նիստում ապացույցների հետազոտման հաջորդականությունը չի փոփոխի, քանի որ աշխատանքային օրվա ավարտին մնացել է… 50 րոպե: Դատարանը հաջորդ նիստի համար կծանուցի վկային, իսկ հաջորդ նիստը, պարզվեց, նշանակված է նույնպես աշխատանքային օրվա ավարտին՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 16-ն անց 15 րոպեին: Կողմերի առաջարկությունները՝ նիստը նույն օրն ավելի վաղ ժամի նշանակելու վերաբերյալ, դատարանը չընդունեց՝ նշելով, որ տվյալ օրը դատարանն արդեն նշանակված վեց նիստ ունի…

Դատարանը ճշտեց՝ վկան սեպտեմբերի 25-ին դեռ լինելո՞ւ է Հայաստանում: Վկան ասաց, որ մի քանի օր է մնալու, բայց հաջորդ նիստին դեռ Հայաստանում կլինի: Վկան նաև ասաց, թե որևէ հասցե չի կարող նշել, ուր դատարանը կարող է ծանուցագիր ուղարկել: Դատարանը վկային նիստի ժամանակ բանավոր ծանուցեց  ու հորդորեց ներկայանալ հաջորդ նիստին:

Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Վահագն Աբգարյանը: Նա նշեց, թե նախորդ նիստերից մեկում ինքը հայտարարություններ է արել Վահագն Հարությունյանի կողմից գործի նախաքննության ժամանակ կատարված կեղծիքների վերաբերյալ, իսկ դատախազն իրեն նախազգուշացրել է սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Ինքը պնդում է իր հայտարարությունները. «Ես պատասխանատու հայտարարություն եմ արել, թող քրեական գործ հարուցվի, եթե իմ ասածները չեն համապատասխանի իրականությանը, պատրաստ եմ պատասխան տալու»:

Ամբաստանյալը նշեց, որ իր հայտարարությունից հետո «երկու նիստ ա՝ դատախազից ձենձուն չկա իր հայտարարությունների վերաբերյալ: Ինքը ենթադրում է՝ կամ դատախազը «կոմպետենտ չի, կամ դատախազն էլ է ինքն իր մեջ հասկանում, որ այս գործում շատ բան սարքված է…»:

Դատախազ Տ. Ենոքյանն ընդունեց, որ ինքը նախազգուշացրել է ամբաստանյալին՝ սուտ մատնության համար նախատեսված  քրեական պատասխանատվության մասին: Սակայն ամբաստանյալի հայտարարությունները, ըստ դատախազի, «վերացական էին», ինքը պատրաստ է օրենքով նախատեսված քայլերը կատարել, եթե այդ հայտարարություններն ավելի «առարկայական» լինեն: Երբ գործում առկա բոլոր ապացույցները հրապարակվեն ու հետազոտվեն, ամբաստանյալը միգուցե հիշի , թե, օրինակ, կոնկրետ որ ապացույցներն են կեղծված…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, թե որերորդ նիստն է՝ մեղադրանքի շրջանակներից դուրս են եկել ու խոսում են Վահագն Հարությունյանի կատարած ենթադրյալ արարքների մասին: Ըստ Լ. Սահակյանի՝ ամեն բան արվում է, որ գործում առկա ապացույցները չհետազոտվեն: Դատարանն  էլ ուզում է կողմերին պարտադրել, որ վկային հարցաքննեն՝ առանց ապացույցների լրիվ հետազոտման, դեռ ավելին՝ վկայի հարցաքննություն էլ տեղավորել 1 ժամ 45 րոպեի մեջ:

Դատարանի գործողությունների դեմ առարկեց նաև Վահագն Աբգարյանի շահերի պաշտպան, փաստաբան Դ. Գյուրջյանը՝ ինչ-որ իմաստով համաձայնելով տուժող կողմի ներկայացուցիչ Լ. Սահակյանի հետ, որ իրատեսական չէ հաջորդ նիստի ընթացքում սկսել ու ավարտել վկայի հարցաքննությունը, առավել ևս, որ մյուս նիստին դատարանը դեռ պիտի հետազոտի նաև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրությունները: Պաշտպանը խնդրեց, որ դատարանն ապահովի հաջորդ նիստի ավելի երկար տևողություն կամ վկայի հարցաքննությունը սկսի  հենց այս նիստում:

Դատարանն իր ընդունած որոշումը չվերանայեց, շարունակեց գրավոր ապացույցների հրապարակումը:

Վկա Արթուր Մ.-ն, ինչպես նաև «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը դատարանի բակում խոսեցին այս գործի վերաբերյալ իրենց նկատառումների մասին:

Մասնավորապես՝ վկա Արթուր Մ.-ն հայտարարեց, թե Վահագն Աբգարյանին մեղադրող նախաքննական ցուցմունքներն իրենից  կորզվել են Վահագն Հարությունյանի ցուցումով ու նրա անմիջական մասնակցությամբ: Ըստ վկայի՝ Վահագն Հարությունյանն իրեն «հաթաթա է տվել», սպառնացել է, որ 6-7 տարով կնստեցնի, ասել է, թե ինքը Սերժ Սարգսյանի մարդն է, իրեն անգամ Աղվան Հովսեփյանը չի կարող ասել, թե ինչ անի, ինքն է որոշում ամեն բան:

Ըստ վկայի՝ Վահագն Հարությունյանի նպատակը Վահագն Աբգարյանի դեմ մեղադրական ցուցմունքներ կորզելն ու նրան «փակելն էր», ինչը և արել է: Վկան նշեց, թե իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չեն գործադրել, իրեն «հոգեկան ճնշման» են ենթարկել, «հոգեկան ճնշման» են ենթարկել նաև իր հայրիկին, ապա իրեն «կոմպրոմիս» են առաջարկել՝ ցուցմունք տալ Վահագն Աբգարյանի դեմ ու նստել ընդամենը… 2-3 ամիս: Ինքը երկար է մտածել, հետո որոշել է ընդունել առաջարկը, և ցուցմունք է տվել ինչպես Վահագն Աբգարյանի, այնպես էլ Թաթուլ Շուշանյանի դեմ:

Ներկա պահին Հայաստան գալով՝ ցանկանում է ուղղել իր սխալը, հայտնել ճշմարտությունը, բայց վախենում է իր կյանքի ու անվտանգության համար, քանի որ այս գործով իրենից ցուցմունքներ կորզածները, բացի Վահագն Հարությունյանից,  ներկայումս էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում իրավապահ համակարգում…

https://www.1in.am/2626711.html?fbclid=IwAR0TKhTSs2jTFnUu4r4bs07KoonEw279bKscb5b8JfdyEZUx2kPT9Bt65-o