Վաշխառուները սպառնում են հեռուստաընկերություններին (տեսանյութ) Noyan Tapan

 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «ՎԵԼԵՍ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և փաստաբան Մկրտիչ Դավթյանը կոնկրետ փաստերով և տվյալներով ներկայացրեցին այն դեպքերը, երբ սպառնալիքների ազդեցության ներքո հեռուստաընկերություններն իրավական ոլորտի հետ կապված նախապես տեսագրված հաղորդումները պարտադրված մոնտաժում կամ ընդհանրապես եթեր չեն հեռարձակում:

Առաջին հայացքից՝ այս հայտարարությունը թերահավատության տեղիք է տալիս, քանի որ վերջին տարիներին լրատվամիջոցների վրա ճնշումը զգալիորեն թուլացել է: Բացի այդ, Հայաստանում լրատվամիջոցները շատ են, և, առավել ևս, սոցիալական ցանցերի պայմաններում հնարավոր չէ նույնիսկ ամենաանհաճո տեղեկատվությունը թաքցնել: Եվ եթե որևէ լրատվամիջոց այս կամ այն պատճառով չի հրապարակում որևէ փաստ կամ որևէ տեղեկատվություն, ապա, միևնույն է, միշտ գտնվում են լրատվամիջոցներ, որոնք խոսում են այդ մասին:

Մարինա Պողոսյանը նախ խոսեց այն մասին, թե «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը երկու ամսվա իր գործունեության ընթացքում ինչպիսի սպառնալիքների և ճնշումների է ենթարկվել. «Մենք գիտեինք, որ կհանդիպենք նմանատիպ ճնշումների, և դա շարունակական բնույթ է կրելու: Բայց դա պատիվ չի բերում մեր երկրին, մեր Ոստիկանությանը: Գիտեք` այդ ամենը փոքր-ինչ ծիծաղելի է. մտածում են` է՞լ ինչ կարելի է անել մեր կամքը կոտրելու համար: Ասեմ` միայն մեկ բան կարելի է անել. եթե Ոստիկանությունը և Դատախազությունը գտնվեն իրենց տեղերում և իսկապես աշխատեն, ապա մեր կազմակերպությունը պարզապես կդադարի գործել, քանի որ մեր կարիքը չի զգացվի ընդհանրապես. իրենք կընդունեն բազմաթիվ մարդկանց, նրանց գործերը կտանեն մինչև վերջ, գործը կհասնի դատարան, կգտնվեն և կպատժվեն մեղավորները, և մեր կազմակերպությունն ընդհանրապես գործ չի ունենա անելու»:

Այնուհետև անդրադառնալով բուն թեմային և խոսելով հեռուստաընկերությունների մասին` Մարինա Պողոսյանը ներկայացրեց մի դեպք, երբ վերջերս իրենց դիմել էին Երևան քաղաքից Հասմիկ Հարությունյանը և Շիրակի մարզից Ռուզաննա Ադանալյանը: Նրանք երկուսն էլ պատմել են վաշխառության մասին աղաղակող դեպքերի մասին: Մարինա Պողոսյանի խոսքով` իրենց զանգահարել են «Կենտրոն» հեռուստաընկերությունից և հայտնել, որ «Քո սխալը» հաղորդման շրջանակում ցանկանում են շարունակել վաշխառության մասին այդ գործերը և հրապարակել եթերում.

«Մենք իրենց ներկայացրեցինք Հասմիկ Հարությունյանի և Ռուզաննա Ադանալյանի գործերը, որոնք համապատասխանաբար տուժել էին վաշխառու Կարինե Աղբալյանից և Շիրակի մարզպետարանի Կանանց, ընտանիքների և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Լուսինե Գինոսյանից: Դեպքերի մասին լուսաբանող հաղորդումը պետք է եթեր հեռարձակվեր անցած երեքշաբթի` ժամը 20:30-ին, բայց մեծ ցավ ապրեցինք, երբ տեսանք, որ հեռուստաընկերությունը եթեր չհեռարձակեց հաղորդումը: Քանի որ այն բավականին խոշոր հեռուստաընկերություն է, չէինք պատկերացնում, որ կարող է վախենալ ինչ-որ ճղճիմ սպառնալիքներից: Տվյալ հաղորդման հաղորդավարուհին ասաց, որ սպառնալիքներ են եղել Ռուզաննա Ադանալյանի հակառակ կողմի` Լուսինե Գինոսյանի և ինչ-որ տղամարդու կողմից»:

Փաստաբան Մկրտիչ Դավթյանը ներկայացրեց մեկ այլ դեպք` կապված «Հ1» հանրային հեռուստաընկերության հետ. «Երբ այդ հեռուստաընկերության մի հաղորդման շրջանակում ներկա էինք գտնվել և դիրքորոշում էինք հայտնել վաշխառուների հետ կապված, հաղորդումը եթեր հեռարձակվեց մոտ 60% կրճատումով: Ես հասկացա, որ «Հ1» գնալու մտադրություն ես այլևս չեմ ունենա: Եթե մենք այս ձևով պետք է շարունակենք մեր երկիրը դեմոկրատացնել, խոսել եվրոպական չափանիշների, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության մասին՝ անիմաստ է. Մենք կկանգնենք մի փաստի առաջ, երբ մեր երկրի պատիվը և արժանապատվությունը փրկել չի լինի»:

Որպես ամփոփում` բանախոսները ներկայացրեցին իրենց հետագա անելիքները` շեշտելով, որ ավելի եռանդով են շարունակելու աշխատել, անելու են այնպես, որ նմանատիպ դեպքերը դառնան հանրության սեփականություն, իսկ հանցագործները` ի դեմս վաշխառուների, դատվեն և մեր հասարակության մեջ այլևս չլինեն:

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: