Հայտարարություն ի աջակցություն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի «Հյուման Ռայթս Հաուս Երեւանը»

 

 Հայտարարություն ի աջակցություն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի
 
Հյուման Ռայթս Հաուս Երևանը և ներքոստորոգրյալ բոլոր կառույցներս ու անհատներս դիմում ենք Հայաստանի իրավապահ մարմիններին՝ պահանջելով դադարեցնել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավարի դեմ անհիմն քրեական հետապնդումը՝ պայմանավորված նրա գործունեությամբ։
 
Մասնավորապես «Վելես»-ին հաջողվել է բացահայտել կոռուպցիոն և փողերի լվացման հիմնավոր կասկածներ պարունակող այնպիսի շղթաներ, որոնցում ներգրավված են դատախազության և դատական մարմինների նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս, իրենց մանսավոր-անձնական շահերից ելնելով, անօրինականորեն գործադրում են իրավապահ և դատաիրավական լծակները՝ ճնշելու և վախեցնելու «Վելես»-ի ղեկավար Մարինա Պողոսյանին, խոչընդոտելու նրա իրավապաշտպան գործունեությանը և իրական փաստերի ու մեղավորների բացահայտմանը։
 
Արդեն երեք տարի շարունակվող տարբեր տեսակի ճնշումներն ու սպառնալիքները ուղեկցվում են նաև անհիմն քրեական հետապնդումներով։ Ընդ որում, Մարինա Պողոսյանի հանդեպ քրեական հետապնդման քայլերը ժամանակագրորեն հաջորդում են «Վելես»-ի կողմից՝ կոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության, վաշխառության և փողերի լվացման փաստերի բացահայտմանն ուղղված ամեն մի նոր ձեռնարկի՝ լրացուցիչ հիմնավորելով նրա հանդեպ հետապնդումը։
 
«Վելես» ԻՀԿ-ն աջակցում է դատաիրավական համակարգում առկա իրավախախտումներից տուժած անձանց, ներկայացնում նրանց շահերը և իրավունքների վերականգնման ուղղությամբ քայլեր ձեռնարկում։ Այսպիսի գործունեության խոչընդոտները չեզոքացնելու և նրա ղեկավար Մարինա Պողոսյանի իրավապաշտպան գործունեությանը աջակցելու նպատակով ներքոստորագրյալներս հայտարարում ենք, որ ուշադիր հետևելու ենք ընթացող գործին և դիմելու հնարավոր բոլոր իրավական և իրավապաշտպան միջոցներին։
 
Ներքոստորոգրյալ բոլոր կառույցներս ու անհատներս կարևորում ենք, որպեսզի Հայաստանում որևէ իրավապաշտպանի հանդեպ շինծու քրեական հետապնդումը չդառնա հերթական հակաիրավապաշտպան գործիք։
 
Կոչ ենք անում նաև բոլոր միջազգային իրավապաշտպան և հակակոռուպցիոն նախագծեր իրականացնող կառույցներին աչալուրջ հետևել Մարինա Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման արշավի ընթացքին և համապատասխան քայլեր ձեռնարկել։
 
1. «Հյուման Ռայթս Հաուս Երևան» իրավապաշտպան կազմակերպությունների միավորման անդամներ
– Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
– Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ
– Իրավունքի գերակայություն
– Կանանց ռեսուրսային կենտրոն
– Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա)
– Հելսինկյան ասոցիացիա
– Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
– «Շահխաթուն» կանանց, ժողովրդավարության աջակցություն
– «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն
2. «50/50 քաղաքացիական նախաձեռնություն»
3. «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ
4. «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
5. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
6. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
7. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիան կենտրոն» ՀԿ
8. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
9. «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
10. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ
11. «Հանուն Հավասար Իրավունքների» ՀԿ
12. «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
13. «Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևայնան կենտրոն» ՀԿ
14. «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
15. «Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
16. «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
17. Աննա Շահնազարյան
18. Նարե Սահակյան
19. Նոնա Շահնազարյան

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: