Օգնիր տուժողին

Ներառականությունը որպես պետության կողմից անտեսված երևույթ

09.01.2019 | 10:11


CAIDP-equalityconference-Globe

Պետությունը, որտեղ հասարակության բոլոր խմբերը չունեն փաստացի մասնակցություն երկրի կառավարման գործընթացներին, չի կարող կոչվել ժողովրդավարական: Այսօր աշխարհի շատ պետություններում շարունակվում են քայլեր ձեռնարկվել՝ ի թիվս համապատասխան օրենքների և կառավարությանը կից հանձնաժողովների ստեղծման, ներառական կառավարման հաստատման համար:

Իրեն Սահմանադրության առաջին իսկ հոդվածով ժողովրդավարական, սոցիալական պետութուն հռչակած Հայաստանը չունի ներառականության մասին և ոչ մի օրենք: Սահմանադրությամբ հռչակված Խտրականության արգելքի(Սահմանադրության 29 հոդված) և բոլորի հավասարության(Սահմանադրության 28 հոդված) հոդվածները, ինչպես նաև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները գործնականում չնչին մասով են իրականացվում:

Պատկերը ամբողջանում է համապատասխան ուղղվածության կառույցների, ինստիտուտների և պետության կողմից խնդրին հատկացված ամենաչնչին ուշադրության բացակայությամբ:Դրա մասին է փաստում վերջին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ընտրատեղամաս մուտք գործելու՝ հաշմանդամների համար նախատեսված համապատասխան պայմանների բացակայության կապակցությամբ, ընտրատեղամասի  հանձնաժողովի ղեկավարին ուղղված հարցի պատասխանը, թե՝ <<Եթե հանկարծ հաշմանդամ գա քվեարկելու ես անձամբ կգրկեմ կբերեմ քվեարկի>>: Ի՞նչ է սա եթե ոչ մտածելակերպ պետական մակարդակով: Ստացվում է, որ մինչ ներառական կառավարման խնդրին հասնելը, եթե վերոհիշյալ խմբի ներկայացուցիչը նույնիսկ ստանձնի  որևէ պաշտոն չի կարող հասնել կամ մուտք գործել աշխատանքի վայր՝ Հանրապետությունում հաշմանդամների տեղաշարժման համար անհրաժեշտ պայմանների բացակայության և առկա պայմանների անհուսալիության ու վտանգավորության պատճառով:

Հաջորդ խոցելի խմբին՝ աղքատությանը, շատերը չեն ընկալում որպես խոցելի խումբ: Սակայն, ցավոք, մեր պետությունում ձևավորված համակարգում վստահորեն կարելի է պնդել, որ աղքատությունը խոցելի խումբ է, որը  նեխած համակարգի  հետ համադրության արդյունքում պետությանը նույնպես դարձնում է խոցելի:Հենց Սահմանադրությամբ սահմանված մարդկանց ձևական հավասարության պայմաններում բոլորին տրվում է կրթության իրավունք: Սակայն, կրթության վճարելիության պայմաններում, չունևորները չեն կարող օգտվել իրենց այդ Սահմանադրական իրավունքից: Արդյունքում ստանում ենք չկրթված հասարակություն, որը չկարողանալով օգտվել սեփական իրավունքներից կրթության բացակայության պայմաններում զրկվում է որևէ պաշտոն զբաղեցնելու  հնարավորությունից, ինչը պետության զարգացման համար հսկայական պոտենցիալի կորուստ է:

Աղքատները խոցելի խումբ են նաև արդարադատության իրականացման ոլորտում: Եթե նույնիսկ մի կողմ դնենք մեր  դատական համակարգի անբաժանելի մասնիկը՝ կաշառակերությունը, ապա միևնույնն է առավել լավ, փորձառու և իհարկե բավականին մեծ գումարներ պահանջող դատապաշտպան ունենալու պարագայում գործը կարելի է <<հաղթած>> համարել վճարունակի համար և պարտված այն մարդու համար՝ ով բավականին գումար չուներ իր դատական ծախսերը հոգալու համար:

Սահմանադրության մեկ այլ հոդվածի համաձայն յուրաքանչյուրն ունի ընտրելու և ընտրվելու իրավունք, սակայն գործնականում թեկնածություն առաջադրելու, քարոզչություն իրականացնելու և այլ շատ ու շատ գրասենյակային գործընթացների համար պահանջվում են գումարներ, որը աղքատ մարդը իրեն թույլ տալ չի կարող: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում հրապարակային տվյալների համաձայն գոյություն ունի 40% աղքատություն, ստացվում է, որ բնակչության 40%-ը չի կարող օգտվել իր ընտրվելու իրավունքից:

Սահմանադրության  30-րդ հոդվածը սահմանում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը: Որքանո՞վ է այդ իրավահավասարությունը իրական:

Կանանց պարագայում մենք բախվում ենք նրանց ունակությունների հանդեպ թերահավատության, նրանց որպես առաջընթացին աջակցող օղակի արհամարման հետ: Այդ իսկ պատճառով պաշտոնական դիրքերում իրենց լիազորություններն իրականացնող շատ քիչ տոկոս կազմող կանայք խոցելի են: Դրա պարճառները տարբեր են: Օրինակ՝. հենց նրանց որպես լուրջ պաշտոնյայի չվերաբերվելը, նրանց դրածո լինելը, ինչի արդյունքում վիճակագրական թվերը դառնում են հարաբերական, իսկ պաշտոն զբաղեցնող կանայք ձևական: Ստացվում, որ խոցելի ներկայացուցիչների այս խումբը նույնիսկ  պաշտոնական դիրքում  խոցելի է:

Ի դեմս այս ամենի (չանդրադառնալով դեռևս ազգային ու սեռական փոքրամասնություններին) չունենալով ներառական կառավարում պետությունը չի կարող պատշաճ իրականացնել իր գործառույթները և համարվել ժողովրդավարական: Չէ՞ որ նախ և առաջ հասարակության մաս կազմելով ժողովրդավարական երկրում, նրանք պետք է կառավարչական մարմիններում իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցեն երկրի կառավարմանը:Հետո նաև, ո՞վ կարող է ավելի հստակ պատկերացնել և պահանջել այդ խմբերի իրավունքների ու ազատությունների իրացում, առկա խնդիրների բարձրացում եթե ոչ իրենք իրենց ներկայացուցիչների միջոցով:

Ցանկացած խմբի ներկայացուցիչ պետք է իրեն լսելի զգա և ոչ թե արհամարված պետության կողմից, ինչպես նաև իր իրավունքների ազատությունների իրական երաշխիքներով ապահովված, ինչն էլ հենց հանդիսանում է պետության գոյության հիմնական պայման:

Ա.Ասատրյան