Օգնիր տուժողին

Մերասի փոխարեն ուրի՞շն է ստորագրել (մաս 2-րդ) www.1in.am

01.09.2017 | 16:03


1IN-shablon2811-2

Հոդվածաշարի 1-ին մասում անդրադարձել էինք «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի ցուցմունքներին ու փաստաթղթերին, որով նա ապացուցում է, որ իր դեմ կեղծ ցուցմունքներ են տվել: Այս հրապարակման մեջ կանդրադառնանք իրավապաշտպանի դեմ հարուցված քրեական գործում առկա մյուս փաստաթղթերին, մասնավորապես, տուժող ճանաչված Արփի Մերասի ստորագրություններին ու ցուցմունքներին:

Նախորդ դատական նիստի ընթացքում Մարինա Պողոսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին միջնորդեց դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել, պարզելու համար, թե ով է ստորագրել Արփի Մերասի անունից, քանի որ գործում առկա փաստաթղթերի տակ դրված ստորագրություններն անզեն աչքով դիտելիս ակնկայտ է դառնում, որ դրանք տարբերվում են իրարից (տես լուսանկարը):

Կարևոր է նշել, որ դեռևս 2015 թվականի հուլիսի 29-ին, երբ Մարինա Պողոսյանը կանչվել է քննչական բաժին բացատրություն տալու և տեսել է հաղորդման տակ տրված ստորագրությունը, իր առաջին իսկ բացատրության մեջ նշել է, որ դա իր վաղեմի մտերիմ Արփի Մերասինը չէ: «Ես չէի հավատում, որ Արփին իմ դեմ հաղորդում է տվել, իսկ երբ տեսա ստորագրությունը առավել ևս համոզվեցի, որ դա ինքը չի գրել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Մերասի ներկայացուցիչ Հրանտ Անանյանն ու մեղադրող դատախազ Նելլի Արշաֆյանը առարկեցին միջնորդությանը: Փաստաբան Հրանտ Անանյանը նշեց, որ ստորագրություն կեղծելու տեսական մոտիվացիա չէր կարող լինել, քանի որ Արփի Մերասն իրեն լիազորել էր ստորագրել փաստաթղթեր: Փաստաբանը հայտարարեց, որ ինքը չի օգտվել այդ լիազորությունից և Մերասի փոխարեն ոչինչ չի ստորագրել, իսկ եթե պաշտպանական կողմը կասկածում է, որ ստորագրություն է կեղծվել, կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Հետաքրքրական է, որ պաշտպանական կողմի մոտ կասկած է առաջացրել նաև Անանյանին տրված  լիազորագրում առկա ստորագրությունը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց դատաձեռագրաբանական փորձաքննություն անելու միջնորդությունը: Նշենք, որ պաշտպանական կողմի մոտ կասկած էր առաջացրել նաև քրեական գործում առկա երկու փաստաթղթերի՝ հաղորդման և փաստաբանի լիազորագրի բնօրինակ լինելը: Մերասի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը հաստատեց, որ գործում առկա հանցագործության մասին հաղորդումն ու իրեն տրված լիազորագիրը բնօրինակ չեն, այլ պատճեններ են:

Պողոսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ նախաքննության մարմինը չի արձանագրվել հանցագործության մասին հաղորդման բնօրինակը. «Քննիչը պետք է արձանագրեր, որ իրեն ներկայացվել է բնօրինակը և պատճենը կցվել է գործի նյութերին: Այնինչ չկա այդպիսի արձանագրություն, հետևաբար չկա և բնօրինակը»: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ այս փուլում չի անդրադառնալու, թե արդյոք կարելի էր պատճենով քրեական գործ հարուցել:

Նշենք, որ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի մոտ կասկածներ են առաջացել, որ  Արփի Մերասի անունից ոչ միայն փաստաթղթեր են ստորագրվել, այլև որ նրա  փոխարեն ցուցմունքները այլ անձ է գրել: Հիշեցնենք, որ արևմտահայերենին տիրապետող Արփի Մերասի ցուցմունքները գրված են արևելահայերենով և դրանք լի են իրավական եզրույթներով: Ու թեև Մերասի ցուցմունքների տակ գրված է, որ ցուցմունքը «գրված է իր խոսքերից», Մարինա Պողոսյանը պնդում է, որ իր վաղեմի մտերիմը նման բառապաշար չի գործածում:

Ի դեպ, երբ Արփի Մերասը հարցաքննվում էր դատարանում, Պողոսյանը նրան հարցրեց, թե արդյո՞ք նա հասկանո՞ւմ է, թե ինչ է նշանակում «օդորակիչ», «բառնի ստոյկա» և «տյունեռ» արտահայտությունները, Մերասն ասաց, որ ինքը նման բառեր չգիտի: Այնինչ նախաքննության փուլում «իր իսկ բառերից» գրված ցուցմունքներում առկա են այդ արտահայտությունները:

Հիշեցնենք, որ այս գորևծը սկսվել է 2015 թվականի հուլիսին, երբ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հաղորդում հանցագործության մասին՝ ստորագրված կանադահայ Արփի Մերասի անունով, ով Տորոնտոյում գործող «Arpi Nursery School»-ի սեփականատերն է: Հաղորդման մեջ նշված է եղել, որ Մարինա Պողոսյանը, լիազորված չլինելով, վաճառել է դե յուրե Արփի Մերասին պատկանող անշարժ գույքը: Ու թեև Պողոսյանը տան վաճառքի վերաբերյալ երեք լիազորագրեր է ներկայացրել նախաքննությանը, նրա դեմ այնուամենայնիվ, մեղադրանք է առաջադրվել և գործն ուղարկվել է դատարան:

Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Իսկ գործով տուժող ճանաչված կանադահայ Արփի Մերասը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Պողոսյանի դեմ՝ նրանից պահանջելով 57.820.000 ՀՀ դրամ: Մերասը պնդում է, որ բնակարանում նաև գույք է ունեցել, որը ևս յուրացվել է Պողոսյանի կողմից: Մերասի գույքային պահանջին, ինչպես նաև նրա մտերիմների տված ցուցմունքներին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

http://www.1in.am/2201292.html