[:am]10000 դրամի շրջափուլը հայ իրականության մեջ [:]

[:am]

2

Նախորդ խորհրդարանական ընտրություններին «երեխա պահելու» անվան տակ մարդիկ համատարած արդարացնում էին կաշառք վերցնելը։ Կաշառք ստանալու մեղադրանքով դատական նիստերին ցուցմունքներ էին հնչում, որ 10000 դրամը օրվա հարց էր լուծում։ Ամիսներ անց 10000 դրամ վերցրած նույն մարդիկ եռագույնները ձեռքներին «Նիկոլ վարչապետ» էին վանկարկում։

«Նիկոլ վարչապետի»՝ նոր իշխանության բարոմետրը այդ նույն 10000 դրամի հանդեպ վերաբերմունքն է լինելու։ Սակայն այլ պատմության վերաբերյալ։

2017 թվականին Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանը 10000 դրամ գողանալու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով։  Ամուսնալուծված, չորս երեխա պահող, գործազուրկ, տարատեսակ նպաստներից ու թոշակներից զրկված կինը երրորդ անգամ է դիմել գողության՝ երեխաներին սովից փրկելու հետևանքով։ Առաջին անգամ կինը ուտելիք է գողացել, երկրորդ անգամ՝ գումար։ Այդ երկու անգամ ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել, իսկ այս անգամ՝ ահա, 6.5 տարի։

«Վելես» և «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան ՀԿ-ները կանգնել են Հասմիկի կողքին՝ վիճարկելով որոշումը ներպետական ատյաններում և պատրաստակամություն հայտնելով գործը քննել անգամ Եվրոպական դատարանում։ Ինչո՞ւ այս գողության դեպքում պետք է հաշվի առնվի բարոյական կողմը և այն չպետք է դատապարտելի լինի։

Դիտարկենք բոլոր հանգամանքները։

  1. Քննիչները կորզել են ցուցմունքը և ուռճացրել։ Հասմիկ Սարգսյանի վստահեցմամբ իր հարևանուհի Մարիետա Հովհաննիսյանի տնից գողացել է 4000 դրամ, սակայն քննիչները սպառնալիքներով, ընդհուպ մինչև քանոնը կոկորդին դնելով՝ ստիպել են կնոջը ցուցմունքում գրել, որ հափշտակված գումարը կազմել է 10000 դրամ, քանի որ միայն այդ դեպքում Հասմիկի գործողություններում հանցակազմ կլիներ։
  2. Հասմիկը վերադարձրել է գումարը։ Որոշ ժամանակ անց Հասմիկը վերադարձրել է գումարը տիրոջը։
  3. Տուժողը ներել է Հասմիկին։ Տուժող Մարիետա Հովհաննիսյանը ոչ միայն չի դիմել քննիչներին մինչև Հասմիկի՝ կորզումների հետևանքով գրված մեղադրականը, այլև ներել է կնոջը։ «Վելես» ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի հետ զրույցում նա ասել է, որ տեսել է՝ ինչ ծանր պայմաններում է ապրում իր հարևանուհին ու հասկանում է նրա քայլի դրդապատճառը։
  4. Հասմիկը երեխաներին պահելու միջոց չի ունեցել։ Երեխաներից մեկը զինծառայող է, երկուսը լուրջ հիվանդություններ ունեն, Հասմիկն ինքը առողջական խնդիրներ ունի։ Աշխատանքի ոչ մի կերպ չի կարողացել ընդունվի, ոչ մի աջակցություն չի ստացել։ Քայլի ճարահատյալությունն ակնհայտ է։
  5. Գողը կգողանար շատ ավելի շատ։ Տուժողի բնակարանում միայն այդ 4000 դրամը չի եղել։ Եթե Հասմիկն ունենար գողի հոգեբանություն, իսկ չէ՞ որ դրա համար են ընտրում կալանավորելը՝ մարդուն փոխելու և պատժելու, կգողանար շատ ավելի շատ գումար և իրեր։
  6. Մեծ գողերին թողած՝ փոքրերի ետևից։ Արդարությունը պետք է գործի բոլորի համար և թե մեծ, թե փոքր հանցանքների ժամանակ, սակայն ամեն ինչ համեմատության մեջ է պարզաջրվում։ Եթե պետությունը տարիներ շարունակ թալանած պաշտոնյաները ազատ ապրում են, ինչո՞ւ կոպեկներ գողացող կինը պետք է դատապարտվի։ Ինչպես նշեց Մարինա Պողոսյանը՝ երբ մեծ գողերը նստեն, նախ Հայաստանի կալանավայրերում այլևս նստելու տեղ չի լինի, երկրորդ՝ ինքն անձամբ կվերցնի Հասմիկի ձեռքից ու կուղեկցի նրան կալանավայր։
  7. Գումարի անհամաչափություն։ Մեկ բանտարկյալի համար կալանավայրում անցկացված մեկ օրը պետության համար արժե 6318 դրամ՝ այսինքն ավելի շատ, քան Հասմիկի իրական գողոնը։ Կնոջը 6.5 տարվա կալանքը պետության՝ այսինքն հարկատուներիս վրա կարժենա ոչ ավելի, ոչ պակաս, քան 15 միլիոն դրամ։ Հարկատուներն արդյո՞ք համաձայն են նման աստղաբաշխական թիվ վճարել դիցուք 10000 դրամ գողացողին «ուղղելու» համար։ Չմոռանանք նաև, որ Հասմիկի երեք երեխաները անչափահաս են, հետևաբար մոր կալանքից հետո կհայտնվեն մանկատանը և նրանց նույնպես պետք է պահի պետությունը։

Հասմիկի կողքին կանգնած իրավապաշտպան ՀԿ-ները և պաշտպան Մուշեղ Շուշանյանը դիմել են Վճռաբեկ դատարան՝ Հասմիկ Սարգսյանի դեմ կայացված վճիռը վիճարկելու հարցով։ Դատարանը դեռևս վարույթը չի ընդունել։ Այս գործի հիման վրա պարզ կդառնա՝ արդյոք երկրում իրոք իրավիճակ է փոխվել, թե նույն անարդարությունն է՝ ուղղակի «դուխով» գլխարկը հագին։

Հեղինակ ՝ Ժաննա Պողոսյան

 [:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: