Օգնիր տուժողին

Սարգիս Հայրապետյան. ՛՛… քննիչի երևակայությունը վեր է փորձագետի եզրակացությունից… ՛՛

13.09.2017 | 18:43


11.09.2017թ. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում Սարգիս և Հայկ Հայրապետյանները հայտնեցին իրենց դիրքորոշումը, ուր հանգամանալից նշեցին նախաքննության ընթացքում տեղի ունեցած քրեադատավարական և այլ խախտումների մասին: Նշենք, որ սա առաջին անգամ էր, որ Սարգիս Հայրապետյանը բարձրաձայնեց իր և իր եղբոր նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունները: Նշենք, որ վերջինս հրաժարվել էր ցուցմունք տալուց թե նախաքննության, թե դատաքննության փուլում իր դիրքորոշումը հիմնավորելով, որ ինքը չէ, որ պետք է իր ցուցմունքներով ապացուցի իր անմեղությունը:

Հիշեցնենք գործի նախապատմությունը.

Սարգիս և Հայկ Հայրապետյանները մեղադրվում են ՀՀ քր. օր. 182 հոդվածի 3 –րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քր. օր. 185 հոդվածի 2 –րդ մասի 1-ին կետով, ՀՀ քր. օր. 235 հոդվածի 1 –ին մասով այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով, Նորքի բնակիչ՝ Սուրիկ Պատվականի Ավագյանից առանձնապես խոշոր չափի 15.325.120 ՀՀ դրամին համարժեք 32000 ԱՄՆ դոլար գումար շորթելու նպատակով, ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ պահվող հրազենից կրակոցներ են արձակել և հանրավտանգ եղանակով վնասել Սուրիկ Ավագյանին պատկանող գույքը, վերջինիս պատճառելով խոշոր չափի 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Թիվ 13117715 քրեական գործը քննվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, ավագ քննիչ Է. Շահինյանի կողմից, որը որպես Հայրապետյան եղբայրների կողմից ենթադրաբար կատարած հանցագործության մոտիվ դիտարկել է, որ Հայրապետյան եղբայրները իմացել են, որ Նորքի բնակիչ Սուրիկ Ավագյանը գտնվում է ֆինանսապես բարվոք վիճակում, որից ելնելով էլ որոշել են վերջինից գումար շորթել։ Այս առումով Սարգիս Հայրապետյանը դատարանին ներկայացրեց մի շարք փաստաթղթեր, ըստ որոնց Սուրիկ Ավագյանը դեռ 2013թվականից գտնվել է ծանր ֆինանսական վիճակում՝ ունեցել է մի շարք սննանկության վարույթներ, փաստացի նախաքննական մարմինը հիմնվել էր միայն Ս. Ավագյանի հայտարարության վրա, իբրև ինքը մեծ բարերար է և ձեռնամուխ չէր եղել վերջինիս իրական ֆինանսական վիճակը բացահայտելու։

Հարկ է նշել, որ նախաքննական մարմնի կողմից չեն գնահատվել նաև այն հանգամանքները, որ մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների մի մասը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով, ըստ այտմ չէին կարող լինել մեղադրանքի հիմքում։

Ըստ մեղադրանքի Սուրիկ Ավագյանի տան ուղղությամբ 2015թ. փետրվարի 20-ին կրակոցներ են հնչել ՎԱԶ ՛՛2121՛՛ մակնիշի 34 FL 704 պետհամարանիշի ավտոմեքենայից։ Սարգիս Հայրապետյանը հերքեց այս փաստը ևս, հիմնավորելով փորձագետի եզրակազությամբ, ուր հստակ նշված էր, որ հնարավոր չի եղել նույնականացնել ՎԱԶ ՛՛2121՛՛ ավտոմեքենայի պետհամարանիշը, փաստացի քննիչը կամայականորեն նույնականացրել է ինչ-որ ՎԱԶ ՛՛2121՛՛ ավտոմեքենա կոնկրետ այն ավտոմեքենայի հետ, որը ժամանակավորապես գտնվել է Հայրապետյան եղբայրների տնօրինության ներքո։ Քննիչի նման եզրահանգումից կարելի է հետևություն անել, որ փաստացի կարող էին կասկածվել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեցել են սպիտակ ՎԱԶ ՛՛2121՛՛ ավտոմեքենա և 2015թ. փետրվարի 20 –ին անցել են Նորքի փողոցներով։

Ինչ վերաբերվում է խուզարկության հետևանքով ՎԱԶ ՛՛2121՛՛ 34 FL 704 պետհամարանիշի ավտոմեքենայի միջից հայտնաբերված պարկուճներին, ապա դրանք ևս ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով, չի եղել տվյալ ավտոմեքենայի խուզարկության որոշում՝ ավելին տվյալ պարկուճները ըստ փորձագետի եզրակացության չեն նույնականացվել Ս.Ավագյանի տան ուղությամբ կրակած փամփուշտների հետ, սակայն քննիչի կողմից դիտարկվել են որպես ապացույց։ Ավելին իր խոսքում Ս. Հայրապետյանը նշեց, որ տեսաձայնագրության մեջ պատկերված ՎԱԶ ՛՛2121՛՛ մակնիշի Նիվա ավտոմեքենան, որից իբրև եղել են կրակոցներ Ս. Ավագյանի տան ուղությամբ, չի ունեցել կողային ապակի, փաստացի եղել է նոր մոդելի, իսկ իր և իր եղբոր տիրապետության տակ եղած ավտոմեքենան եղել է հին մոդելի՝ կողային ապակիյով։ Սարգիս Հայրապետյանի պնդմամբ նախաքննության մարմինը կանխամտածված անտեսել է վերընշված հանգամանքները և մեղադրական եզրակացություն կայացնելուց հիմնվել է միայն իր ենթադրությունների վրա:

Մանրամասն տեսանյութում: