Օգնիր տուժողին

«Տնավարի նիստ են արել». ի՞նչ է կատարվել Արաբկիրի դատարանում www.1in.am

31.08.2017 | 14:34


1IN-shablon2810-3

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը երեկ մերժել է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի միջնորդությունը՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին:

Մարինա Պողոսյանը վկայի կարգավիճակ է ունեցել և ծանուցված չի եղել քրեական գործի կարճման, ինչպես նաև կարճման դեմ բերված բողոքի վերաբերյալ: Նա չի մասնակցել բողոքի քննությանը, հետևաբար նաև չի կարողացել բողոքարկել իր շահերին հակասող դատական ակտը: Պողոսյանը իր միջնորդության մեջ մատնանշել էր Վճռաբեկ դատարանի որոշումները, որոնք սահմանում են, որ երբ բողոքն անմիջականորեն վերաբերում են անձի իրավունքներին և շահերին, ապա նրան պետք է հնարավորություն տրվի մասնակցելու տվյալ բողոքի քննությանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քրեական գործ էր հարուցվել՝ Արփի Մերասի հաղորդմանհիման վրա, որով նա Մարինա Պողոսյանին մեղադրում էր սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանն առանց որևէ լիազորության վաճառելու մեջ: Նույն թվականի հոկտեմբերի 19-ին քրեական գործը կարճվել էր, քանի որ Պողոսյանը նախաքննության մարմնին էր ներկայացրել նոտարական վավերացմամբ երեք լիազորագրեր, որով Արփի Մերասը լիազորել էր իրեն վաճառելու իր բնակարանը: Տուժող ճանաչված Արփի Մերասի փաստաբան Հրանտ Անանյանը բողոքարկել էր քրեական գործի կարճման որոշումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մարինա Պողոսյանը բողոքի քննության մասին չի ծանուցվել, կողմ չի ճանաչվել և հնարավորություն չի ունեցել մասնակցելու դատական նիստին:

«Հետագայում, երբ գործը հասել էր դատարան, ես միայն այդ ժամանակ ծանոթացա գործի նյութերին ու տեսա, որ իմ գործի վերաբերյալ բողոք է քննվել առանց իմ մասնակցության, և ես բողոքարկելու ժամկետը բաց եմ թողել, քանի որ տեղյալ չեմ եղել»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բողոքը քննել է դատավոր Լևոն Ավետիսյանը, ում նիստերի քարտուղարը սկսած 2008 թվականից եղել է բողոքաբեր փաստաբան Հրանտ Անանյանի կինը՝ Ելենա Կարապետյանը: Ըստ Պողոսյանի՝ սա լիովին հիմք է տալիս, որպեսզի դատավոր Ավետիսյանը ինքնաբացարկի որոշում կայացներ, քանի որ նա չէր կարող քննել մի բողոք, որը բերել է իր քարտուղարի ամուսին Հրանտ Անանյանը:

Փաստաբանը նշում է, որ տվյալ բողոքի քննության ժամանակ իր կինը դեկրետային արձակուրդի մեջ է եղել և չի հանդիսացել տվյալ նիստի քարտուղարը, ինչին ի պատասխան Մարինա Պողոսյանը հայտարարում է. «Երբ Ելենա Կարապետյանը գտնվում է արձակուրդում, չի դադարել լինել Հրանտ Անանյանի կինը և դատավոր Ավետիսյանի քարտուղարը: Այսինքն, իրենք տնավարի նիստ են արել իմ գործի վերաբերյալ՝ առանց իմ մասնակցության»:

Մարինա Պողոսյանը դատարանին էր ներկայացրել նաև Լևոն Ավետիսյանի՝ մեկ այլ գործով ինքնաբացարկի մասին որոշումը, որի հիմքում դրված է եղել հենց Անանյանի ամուսնական կապը նիտերի քարտուղարի, ինչպես նաև անձնական մտերմությունը դատավոր Ավետիսյանի հետ:

ՀՀ քրեական դատավարության 90 հոդվածի համաձայն, դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են նաև այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի նկատմամբ:

Զարմանալի է, որ դատավոր Լևոն Ավետիսյանը հրաժարվել է մեկ այլ գործից՝ փաստացի խոստովանելով, որ կանխակալ վերաբերմունք ունի փաստաբան Հրանտ Անանյանի նկատմամբ, իսկ Մարինա Պողոսյանի գործով չի հրաժարվել և բավարարել է Հրանտ Անանյանի բողոքը՝ ի վնաս Պողոսյանի:

Հրանտ Անանյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ ինքը բոլորի հետ է լավ հարաբերությունների մեջ, դատավոր Ավետիսյանը բացառություն չի եղել. «Այն գործի առանձնահատկություններն այլ էին: Միգուցե դատավորը հաջող չի պատճառաբանել ինքնաբացարկի որոշումը, ես ինքս դեմ եմ եղել այդ որոշմանը»: Անանյանը կարծում է, որ Պողոսյանը շահարկում է իր ամուսնական կապը նիստերի քարտուղարի հետ:

Իսկ Մարինա Պողոսյանը պնդում է, որ դատավոր Ավետիսյանը կանխակալ վերաբերմունք է ունեցել ոչ միայն Հրանտ Անանյանի, այլ նաև իր նկատմամբ, քանի որ ինքը նախկինում հրապարակային քննադատել է դատավորին՝մեղադրելով նրան պատվեր կատարելու և իշխանությանը ծառայելու մեջ: Բացի դրանից Պողոսյանի ղեկավարած «Վելես» հասարակական կազմակերպությունը ստորագրել էր դատավոր Ավետիսյանի մասին տարածված հայտարարությանը, որում ասվում էր, որ «Դատավոր Լեւոն Ավետիսյանը իր՝ դատավորին ոչ հարիր վարքագծով եւ դատավարությունների ընթացքում դրսեւորած ցինիկ եւ ոչ կոռեկտ պահվածքով եւս մեկ անգամ հեղինակազրկում է առանց այդ էլ վստահություն չներշնչող դատական համակարգը եւ Հայաստանի Հանրապետությունն առհասարակ»:
«Եթե ինձ դատավարության կողմ ճանաչեին, ես ինքնաբացարկ կհայտնեի դատավորին հենց այդ հիմքով, քանի որ այս ամենից հետո նա կարող էր անձնական թշնամանք ունենալ իմ նկատմամբ, սակայն ամեն ինչ արել են, որ բողոքն առանց իմ մասնակցության քննվի ու կայացվի ապօրինի որոշում»,- վստահեցնում է Պողոսյանը:

Ի դեպ, Մարինա Պողոսյանը սույն թվականի հունվարին դատարանումապացուցել էր, որ իր դեմ հարուցված քրեական գործը ի սկզբանե չպետք է քննվեր Արաբկիրի քննչական բաժնում և հետագայում որոշումների բողոքարկումներն էլ չպետք է լինեին Արաբկիրի դատարանում: «Ինձ համար վաղուց ամեն ինչ պարզ է: Իրենք ի սկզբանե ապօրինաբար գործը Արաբկիրում են քննել, քանի որ Հրանտ Անանյանը նախկինում հենց Արաբկիրում է քննիչ աշխատել, իր կինը Արաբկիրի դատարանում է եղել և հենց այդ կապերի շնորհիվ էլ այս ամբողջ գործը սարքվել ու իմ դեմ որոշումներ են կայացվել Արաբկիրի քննչականում ու դատարանում»,- հայտարարում է Մարինա Պողոսյանը:

Նշենք, որ մինչ Պողոսյանը փորձում էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում վերականգնել իր դեմ կայացված որոշումը բողոքարկելու իրավունքը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր իր դեմ հարուցված քրեական գործը: Հաջորդ դատական նիստին Պողոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու, իսկ դատախազը մեղադրական ճառն է կարդալու: Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ:

Լուսանկարում՝ փաստաբան Հրանտ Անանյանն ու դատավոր Լևոն Ավետիսյանն է:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

http://www.1in.am/2200523.html