[:am]
Մեր հյուրն է Veles Ngo իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը
– Տիկին Պողոսյան, մեր երկրում ինչքանո՞վ է պաշտպանված մարդը:
– Նայած մարդը որ «կաստային» է պատկանում: Մեր հասարակությունը խիստ բևեռացված է: Ինչ վերաբերվում է հասարակ քաղաքացուն` ապա նա ընդհանրապես պաշտպանված չէ:
– Նոր Սահմանադրությունը հռչակեց, որ կենտրոնում մարդն է, և ամեն ինչ այսուհետ պետք է գործի մարդու համար: Դուք ուսումնասիրե՞լ եք Սահմանադրությունը. այն տալի՞ս է այդ հնարավորությունը:
– Սահմանադրությունը չէ, որ պետք է որոշի, թե մարդն է լինելու կենտրոնում: Ցանկացած սոցիումի բնազդն է այդպիսին, որ պետք է կարևորվի մարդը: Իսկ թղթի վրա գրելով ոչինչ չի փոխվում: Եվ ինձ՝ որպես իրավապաշտպանի, գրածները բնավ չեն հետաքրքրում: Որովհետև ամեն օր մենք առնչվում ենք ունեզրկված մարդկանց հետ, որոնց իրավունքները վերջնականապես խախտված են:
Դա է պատճառը, որ ողջ երկիրը վեր է ածված դատական շոու ծրագրերի: Ասես ապրենք «Կիսաբաց լուսամուտներում»:
Եթե իրավունքները պաշտպանվեին, արդյո՞ք մարդիկ այսքան ունեզրկված կլինեին: Այնպիսի անհասկանալի վիճակների մեջ են հայտնվում, երբ իրենք էլ արդեն չեն հասկանում, թե ումից ինչ են պահանջում:
Մեր հասարակության մեջ մարդը, ասես, ֆուտբոլի գնդակ լինի: Ամբողջ համակարգը, իրար պաս տալով, վերջնականապես նրան կամ արտագաղթելու է մղում, կամ այնպես է անում, որ պարզապես ընկնի ու մեռնի:
– Ընդհանրապես մեր օրենքները վատը չեն: Հիմնականում եվրոպական ստանդարտներով գրված օրենքներ են: Բայց, ա՛յ, կյանքի օրենքները բոլորովին ուրիշ են և այլ բան են պարտադրում: Ինչո՞ւ է այսպես:
– Իրոք, մեր օրենքները վատը չեն: Եթե կիրառության մեջ չլինեն երկակի ստանդարտներ, չլինի խտրականություն, ամեն ինչ լավ է: Սակայն իրականության մեջ բոլորովին այլ է այս ամենը: Երկակի ստանդարտներ կիրառելն ու խտրական վերաբերմունքը նախ և առաջ մտածելակերպի խնդիր է: Այն հրահանգներով ու Սահմանադրությամբ չի վերանալու: Ամբողջությամբ կոռումպացված, կաշառված, իրար հետ գործող` հարս ու փեսա, խնամի, սիրուհի, վարորդ համակարգը մինչև չվերանա, ոչինչ չի փոխվելու:
Այնպես որ, նորից ասեմ` մեր օրենքները շատ լավն են, և մարդիկ կարող էին դրանցով նորմալ ապրել: Պարզապես չկա օրենքի կիրառություն: Իսկ առաջին բանը, որ պետք է լինի երկրում, օրենքի գերակայությունն է: Իսկ մեր երկրում դատավորները օրենքից վեր են, դատախազները օրենքից վեր են…
Մինչև երկրում օրենքի գերակայություն չլինի, բոլոր հանձնաժողովները, լավագույն սահմանդրությունները և լավագույն օրենքները արդյունք չեն տալու:
Եվ, ընդհանրապես, մինչև մարդիկ պատիժ չկրեն իրենց գողացածի համար, իրենց կատարած հանցանքի համար, ոչինչ չի փոխվելու:
Ախր, մենք մեր հարկերով ենք պահում այն մարմիններին, որոնք պարտավոր են դա անել: Ես ինչո՞ւ եմ հարկ տալիս ոստիկանին պահելու համար, եթե մեկն Արթուր Սաքունցին է սպառնում, մեկը Արմինե Առաքելյանին է շղթայակապ անում, մեկը էն մյուս քաղաքացուն է ճնշում, մեկը էն մյուս քաղաքացուց գողանում է:
– Իսկ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն անարդարությունը համարում է երկրի թիվ մեկ թշնամին, որի դեմ անզիջում պայքար պետք է մղել:
– Ես ելույթ չեմ ուզում լսել, ես ուզում եմ ակնհայտ փոփոխություն տեսնել կյանքում: Իսկ ելույթները տարեց տարի կրկնվում են, բայց փոփոխություն չկա ու չկա: Ազգային ժողովի նիստերն էլ արդեն ինձ հիշեցնում են ԽՍՀՄ համագումարները, երբ այնտեղ հնչող խոսքի ու դրսի իրականության մեջ ոչ մի աղերս գոյություն չունի:
Գոհար Սարդարյան
[:]