[:am]
Ասորիները Հայաստանում խնդիրներ չունեն, բոլոր հնարավորությունները ստեղծված են ազգային ինքնությունը պահպանելու համար։ Վստահեցնում է Հայաստանում Արևելքի Ասորական եկեղեցու քահանա Նիկադիմ Յուխանաևը։
Նրա խոսքերով՝ այն դպրոցներում, որտեղ ասորի երեխաներ կան, պետական մակարդակով շաբաթական երեք ժամով դասավանդվում է ասորական լեզուն։ Դրանից հետեւում է, որ ուսուցիչներ են վարձատրվում, այբբենարան է տպագրվում։ Եկեղեցին էլ կազմակերպում է գրքերի վերահրատարակչությունը եւ դպրոցներին բաժանելը։
Ասորական եկեղեցու քահանա Նիկադիմ Յուխանաևը նշում է, որ ասորիների ներգրավածությունը պետական կառավարման համակարգում բավարար մակարդակի է։ Հիմնականում գյուղական համայնքներում բնակվող ասորիների մեծամասնությունը համայնքապետարանում, դպրոցներում եւ այլ պետական համակարգերում են աշխատում։
Երկու տարի առաջ, սակայն, անհանգստություն են ունեցել, երբ սկսել է համայնքների խոշորացումը։ «Համաձայն չենք, որ համայնքները խոշորանան, ասիմիլացիայի կենթարկվեինք։ Կոպիտ ասած՝ ինքնավարություն ունենք այդ գյուղերում, որտեղ ասորիներն են։ Բոլոր հնարավորություններից կարողանում ենք ազատորեն օգտվել, գյուղապետերը, դպրոցի տնօրենները ազգությամբ ասորի են, որը հեշտսցնում է բնակիչների հետ աշխատանքը»,- ասում է Ասորական եկեղեցու քահանան։
Բուհերում նաեւ ասորի դասախոսներ կան, մտածել են նաեւ ասորի ուսանողների մասին, նրանց նույնիսկ անվճար տեղ է հատկացվել ուսման տարիների համար։
«Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում տարեկան մեկ տեղ է անվճար հատկացվում ասորիներին, որպեսզի նրանք արաբերենին զուգահեռ ասորագիտություն ուսումնասիրեն եւ խորանան ասորագիտության, ասորական պատմության մեջ։ Թատերական ինստիտուտում էլ ունեինք ուսանող, հիմա մշակույթի ոլորտում է աշխատում։ Ամենամեծ համայնքում նա արդեն պարի խմբի ղեկավարն է, ազգային պարերն ու երգերն է սովորեցնում երեխաներին»,- հպարտությամբ նշում է Նիկադիմ Յուխանաևը։
Հայաստանի 3000 ասորիները հիմնականում ապրում են Վերին Դվին, Դիմիտրով և Արզնի գյուղերում: Վերին Դվինը համարվում է ասորիներով ամենախիտ բնակեցված գյուղը, այստեղ է գտնվում նաև ասորիների սուրբ Թովմաս եկեղեցին։
Հայաստանում Արևելքի Ասորական եկեղեցու քահանա Նիկադիմ Յուխանաևը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում մտադիր են վերականգնել 1990-ական թթ-ին ամբողջովին թալանված Վերին Դվին գյուղի մանկապարտեզի շենքը․ «Խորհրդային տարիներին կառուցված շինության միայն պատերն էին մնացել։ Եկեղեցին դա վերցրեց, սեփականաշնորհեց։ Դրանից հետո տանիքն ամբողջովին վերակառուցեցինք, պատերն ամրացրեցինք։ Այն ծառայելու է որպես մանկապարտեզ հայ եւ ասորի երեխաների համար։ Ասորիներ են ապրում գուղում, բայց ունենք եւ հայ ընտանիքներ։ Ասորական համայնքը, եկեղեցու գլխավորությամբ, ամբողջ ծախսերը իր վրա է վերցնում։ Դրսից ֆինանսական օգնություն են տրամադրելու, որպեսզի մենք կարողանանք հավուր պատշաճի պատրաստենք շենքը, եւ նոր ուսումնական տարում երեխաները նոր մանկապարտեզ հաճախեն»։
Ասորիները 2017 թ-ից իրենց ներկայացուցիչն ունեն նաեւ ԱԺ-ում։ Ինչպես նախորդ գումարման, այնպես էլ այս խորհրդարանում, ասորի համայնքը ներկայացնում է Արսեն Միխայլովը։
ԸՕ-ի 95-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին մեկ մանդատ սկզբունքով:
«Իմ քայլ»-ը դաշինքի կազմում նոր խորհրդարանում են հայտնվել եզդիական, ասորական, քրդական եւ ռուսական համայնքների ներկայացուցիչները։
Հեղինակ՝ Ս.Պողոսյան
[:]