«Ակնհայտ էր, որ դատավորին ընդհանրապես չէր հետաքրքրում գործի նյութերը, մենք բազմաթիվ իրավախախտումներ էինք վկայակոչում, սակայն նա չէր ցանկանում լսել, անընդհատ մեզ հորդորում էր, որ կարճ կապեինք»,- «168.am»-ին է պատմում «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:
Նրա կարծիքով, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը նախօրոք գիտեր, թե ինչ որոշում է կայացնելու, դրա համար էլ շտապել է ավարտել բողոքի քննությունը: «Ժոողովրդական խոսքով ասած՝ դատավորը «վռազ էր», երևի մտածել է, որ արդարադատությունը կսպասի… հավանաբար շտապում էր «վերևներին» զեկուցել, որ ամեն ինչ իրենց սրտով է արել»,- ասում է Մարինա Պողոսյանը:
Հիշեցնենք, որ 2014 թ. մարտի 17-ին Երևանի կենտրոնում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բռնություն էին գործադրել 75-ամյա կնոջ և նրա շահերը պաշտպանող Մարինա Պողոսյանի նկատմամբ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որը կարճ ժամանակ անց կարճվել էր:
Մարինա Պողոսյանը գտնում է, որ կարճման որոշումն անօրինական է և այն բողոքարկում է դատական կարգով:
«168.am»-ն անդրադարձել է քրեական գործում առկա բացթողումներին , իսկ երեկ կայացած դատական նիստում Մարինա Պողոսյանի փաստաբան Արթուր Սուքիասյանը ներկայացրել է նախաքննական մարմնի թույլ տված այլ թերացումները:
«Այնպիսի տպավորություն է, որ նախաքննական մարմինը նույնիսկ չի գիտակցել, թե ինչ իրավունքների խախտման մասին է խոսքը, և գործի քննությունը տարել է այլ ուղղությամբ: Այստեղ քննարկվում է Մարինա Պողոսյանի՝ տվյալ տարածքում գտնվելու օրինական լինելու հարցը, այնինչ Մարինա Պողոսյանը որևէ հավակնություններ չի ունեցել այդ տարածքի նկատմամբ, նա այդտեղ է ժամանել քաղաքացիների ահազանգով, գործել է որպես իրավապաշտպան, փոխարենն արժանացել է բռնության»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ ԴԱՀԿ ծառայակիցները խախտել են Մարինա Պողոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ նրան փակելով սենյակներից մեկում, վնաս են հասցրել նրա արժանապատվությունը՝ նրան գրկելով և բետոնե աստիճանների վրա շպրտելով, ինչպես նաև հասցրել են մարմնական վնասվածք, ինչն արձանագրվել է դատաբժշկական փորձաքննությամբ:
Քրեական գործի կարճման օրինականությունը հաստատած դատախազ Արթուր Երիցյանը, թեև ընդունում է, որ ԴԱՀԿ ծառայակիցները վնաս են հասցրել թե՛ Մարինա Պողոսյանին, թե՛ տարեց կնոջը, այնուամենայնիվ, այդ վնասը էական չի համարում:
«Մարինա Պողոսյանը խոչընդոտել է ԴԱՀԿ ծառայակիցների աշխատանքը, այդ պատճառով էլ նրան հեռացրել են տարածքից»,- հայտարարեց դատախազը:
«ԴԱՀԿ ծառայակիցները ժամանել էին այդ հասցե, որպեսզի վտարեին Կարինե և Զինաիդա Մելիքյաններին: Վերջիններս իմ հորդորով ինքնակամ լքել էին տարածքը, և ԴԱՀԿ ծառայակիցներն այլևս այնտեղ անելիք չպետք է ունենային, այնպես որ ես չէի կարող խոչընդոտել նրանց օրինական գործողություններին»,- ասում է Մարինա Պողոսյանը:
Երեկ հապճեպորեն քննված գործից հետո դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց իրավապաշտպանի բողոքը: «Ես չեմ էլ զարմանում, որ մերժեց, որովհետև դատավորի վերաբերմունքից զգացվում էր, որ իրեն գործն ընդհանրապես չի հետաքրքրում, նա մի քանի անգամ ինձ ընդհատեց՝ թույլ չտալով ներկայացնել գործում առկա կարևոր բացթողումները»,- ասում է իրավապաշտպանը:
«Վելես» հասարակական կազմակերպության նախագահը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը. «Հուսով եմ, որ Վերաքննիչ դատարանի դատավորները նույնքան անհաղորդ չեն լինի ու արդար որոշում կկայացնեն՝ հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինչ-որ ուժերի…»:
Սկզբնաղբյուրը`
Արդարադատությունը կսպասի… դատավորը «վռազ էր»