Եթե Վճռաբեկ դատարանը չբեկանի Վերաքննիչ դատարանի վճիռը, ապա Սիրանուշ եւ Օֆելյա Չփլախյանները կկորցնեն իրենց տունը: Սիրանուշի որդին ժամկետային զինծառայող է, ծառայում է Ղարաբաղում: Կես տարի անց պիտի վերադառնա տուն. տուն, որն արդեն իրենց չի պատկանում:
Ամեն ինչ սկսվել է 2011 թվականին. «Ինձ գումար էր պետք, ընկերուհուս պետք է օգնեի: Ծանոթացել եմ ոմն բրոկեր Գեւորգի հետ, ով ասաց, որ մարդ կա, որ տոկոսով փող կտա, բայց որպես գումարի հետ վերադարձման երաշխիք պիտի տան առքուվաճառքի պայմանագիր կնքել: Գեւորգը պնդում էր, որ պայմանագիրը շինծու է լինելու, երբ գումարը վերադարձնեմ, իմ տունն ինձ էին հետ տալու»,- պատմում է Սիրանուշ Չփլախյանը:
Սիրանուշի խոսքով` բրոկերի միջոցով ինքը ծանոթացել է ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանի հետ, ով և տնօրինում էր գումար: «Ինձ գումարն անձամբ տվել է Նունե Պլուզյանը, տվել է 25.000 դոլար, որից 10 տոկոս միջնորդավճար են վերցրել: Նունեն հետը մի հոգու բերել էր, ում ես չէի ճանաչում ու հենց էդ մարդու անունով էլ ինքը գրանցեց տունը: Հետո իմացանք, որ անունը Հրանտ Բաբայան է, որ Նունենի մորաքրոջ տղան է»,- պատմում է Սիրանուշը:
«Նունեի հետ պայմանավորվել էինք, որ ամսեկան 5 տոկոս պետք է փակեմ, մոտ 1250 դոլար գումար էր կազմում ամսական: Տոկոսները մշտապես վճարել եմ մինչեւ 2013 թվականի ապրիլը, երբ դատարանից ծանուցագիր ստացա վտարման պահանջով: Իրենք դիմել էին դատարան` ինձ եւ մորս տնից վտարելու պահանջով: Երբ ծանուցագիրը ստացանք, զանգեցի Նունեին, հարցրեցի` էս ի՞նչ ես արել: Ասեց` դե, դուք չեք կարողանալու իմ գումարը հետ տալ, ինձ էլ չզանգեք: Համ էլ ասաց, թե դա ինքը չի արել, այլ Հրայրը, որին մենք չէինք էլ ճանաչում»:
Սիրանուշի խոսքով` տոկոսով գումար վերցնելու մասին Նունե Պլուզյանի հետ որեւէ գրավոր պայմանագիր չեն կնքել: «Ինքն ասեց` կարիքը չկա գրելու տոկոսով փողի մասին: Էնքան ուշադիր էր, նույնիսկ հեռախոսներին էր նայում, որ չձայնագրեինք: Թեեւ sms-ներ կան, որ հասարակ մարդն էլ կարդա, կհասկանա` ինչն ինչոց է»:
Սիրանուշ Չփլախյանն ու իր մայրը հակընդդեմ հայց են ներկայացնում դատարան՝ միջնորդելով Նունեն Պլուզյանին ներգրավել որպես երրորդ անձ: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Սիրանուշը եւ մայրը պահանջել են շինծու գործարքն անվավեր ճանաչել. «Իրականում առքուվաճառք տեղի չի ունեցել, այլ տոկոսով գումարի դիմաց Նունե Պլուզյանը, որպեսզի ապահովի իր գումարի վերադարձը, միանգամից առքուվաճառքի պայմանագիր է կնքել, որ ցանկացած պահի վտարման պահանջով մտնի դատարան»,- պնդում է Սիրանուշ Չփլախյանը:
Վերջինս նաեւ դիմել է ոստիկանություն. Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է. «Քննիչները չեն պարզել, թե տունը առնելուց հետո ինչու Նունե Պլուզյանը չի բնակվել այնտեղ երկար ժամանակ: Քննիչը կարող էր պարզել, որ եթե Պլուզյանը գործի հետ կապ չունի, ինչու է այդքան հաճախակի զանգահարել Չփլախյանին: Չէ՞ որ կարելի էր հեռախոսազանգերի տվյալները ստանալ եւ ապացուցել» – «ForRights.am»-ին ասաց Չփլախյանների փաստաբան Մկրտիչ Դավթյանը: 2013 թվականի սեպտեմբերին, երբ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Չփլախյանների վտարման հայցը, մահանում է Սիրանուշի մայրը:
«Մեր փաստաբանը միջնորդեց, որ հետաձգեն դատական նիստը, դատավորը չհետաձգեց: Նունեն արագացնում էր նրանց: Սեպտեմբերի 21-ին մամաս մահացել է, ես հոկտեմբերի 3-ին դատի եմ գնացել էլի: Իրենք հաշվի չառան իմ սուգը,- ասում է Սիրոնուշը: – Դատարանը մինչեւ վերջերս էլ ծանուցագիր էին ուղարկում մորս անունով` գրելով «ներկայացեք դատարան, անձնագիրը չմոռանաք»: Մարդը չկա, իրեն ինչո՞ւ են կանչում դատի»:
«Կողմերից մեկի մահվան դեպքում եթե իրավահաջորդության հարց է ծագում, դատավորը պարտավոր է կասեցնել դատական նիստը: Այս պարագայում հակընդդեմ հայցվորներից մեկը մահացել է եւ նրա մյուս աղջիկները պետք է ստանձնեին իրավահաջորդությունը, սակայն դատարանը չի իրականացրել իր պարտավորությունը: Դատավոր Վլադիմիր Ասլանյանն իր քմահաճույքով է առաջնորդվել, նրա համար օրենքներ գոյություն չունեն»,- կարծում է Չփլախյանների շահերը ներկայացնող փաստաբանը:
Մկրտիչ Դավթյանը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, սակայն Վերաքննիչ դատարանն այն ուժի մեջ է թողել. «Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանն էլ թքած ունի օրենքի վրա: Մինչդեռ դատավարությունը կասեցնելը ոչ թե դատարանի իրավունքն է, այլ պարտավորությունը»: Փաստաբանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Այս ատյանի դատավճիռը կարող է ճակատագրական լինել Սիրանուշի, Օֆելյայի եւ նրանց երեխաների համար, քանի որ կորցնելով իրենց միակ օթեանը 7 քաղաքացիներ կհայտնվեն փողոցում:
Նշենք, որ դատավարության ընթացքում Սիրանուշ Չփլախյանը հաշտության պայմանագիր է կնքել հայցվոր կողմի հետ, սակայն պայմանագրում հաշվի չի առնվել մյուս համահայցվորի` Սիրանուշի մահացած մոր իրավահաջորդի շահերը: Սիրանուշի քույրերը, ովքեր պետք է լինեին մոր իրավահաջորդը, չեն մասնակցել հաշտության պայմանագրին: «Այդ պայմանագիրն ի սկզբանե անօրինական է, քանի որ համահայցվորներից մեկը չի մասնակցել այդ պայմանագրին, ոչ էլ նրա իրավահաջորդը, հետեւաբար այն առոչինչ է»,- ասում է փաստաբան Մկրտիչ Դավթյանը:
Սիրանուշ Չփլախյանի խոսքով` Նունե Պլուզյանն իրեն առաջարկել է 40.000 դոլարի դիմաց տունը հետ տալ: «Ստորագրեցի հաշտության պայմանագիրը: Բայց ես չկարողացա այդ գումարը գտնել, 285 քմ տուն է, պիտի պատ դնեինք, որ կարողանայի իմ հատվածը ծախել՝գումարը տալ, որպեսզի գոնե փրկեի քրոջս տունը: Խնդրեցի Նունեին, որ թույլ տա պատ դնենք, տունը վաճառենք, չթողեց»:
Նշենք, որ նախքան հոդվածը հրապարակելը մենք 20 օր շարունակ փորձել ենք պարզաբանումներ ստանալ կառավարության աշխատակից Նունե Պլուզյանիցը, ով հանգստանում էր արտերկրում: Պլուզյանը, սակայն, Հայաստան վերադառնալուց հետո եւս տարբեր պատճառաբանություններով խուսափեց հարցազրույցից: Կառավարության աշխատակիցը հեռախոսազրույցի ժամանակ միայն փոխանցեց, որ ինքն այդ տան առքուվաճառքի հետ կապ չունի, եւ որ իր անունը Չփլախյաններն անտեղի են շոշափում:
Սիրանուշ Չփլախյանը «ForRights.am»-ի միջոցով վիդեոուղերձով դիմում է ՀՀ վարչապետին, քանի որ նամակ է ուղարկել, սակայն այն տեղ չի հասել: «Զանգել-հարցրել եմ` ի՞նչ է եղել իմ նամակը: Ասում են` նորից գրեք: Նունեն էդ բաժնում ա աշխատում, հենց նամակս մտնում է իրենց բաժին, էլ վարչապետին չի հասնում…»:
Արման Ղարիբյան
Հ.Գ.Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բազմաթիվ մարդիկ «տոկոսի տակ» հայտնվելով կորցնում են իրենց բնակարանները: Դատարանները որոշումներ են կայացնում այս մարդկանց բնակարաններից վտարելու պահանջով՝ թողնելով նրանց անօթևան: Ստացվում է, որ վաշխառուները՝ տոկոսով փող տվողները, պաաշտպանված են օրենքով: Պատահական է, արդյո՞ք, որ Նունե Պլուզյանը կառավարության աշխատակից է: Առաջիկայում մենք առավել մանրամասն կանդրադառնանք այս խնդրին:
Սկզբնաղբյուրը`http://forrights.am/?ln=1&id_=12&page_id=295