«Մենք երկու անգամ Շտապ օգնություն կանչեցինք 76-ամյա կնոջ համար, բայց նույնիսկ դա չսթափեցրեց հարկադիր կատարողներին, նրանք ծեր կնոջը մազերից և մարմնի այլ մասերից բռնած ուղղակի նետեցին բետոնե աստիճանների վրա»,- պատմում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ տհաճությամբ վերհիշելով դեպքի մանրամասները, որը տեղի էր ունեցել մարտի 17-ին՝ Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ:
Իրավապաշտպանը փորձել է դեպքի վայրից զանգահարել ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ», դա նկատելով ԴԱՀԿ-ի աշխատակիցները խլել են նրա հեռախոսը, հրելով մտցրել սենկակներից մեկը եւ դուռը կողպել վրան:
«ԴԱՀԿ աշխատակիցներն ապօրինաբար զրկել են ինձ ազատությունից եւ ազատ տեղաշարժվելու իրավունքից: Նրանք դուռը բացեցին միայն այն ժամանակ, երբ տարեց կնոջն արդեն դուրս էին շպրտել տարածքից»,- պատմում է Մարինա Պողոսյանը:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել քաղաքացիներ Զինաիդա Մելիքյանի, Զինա Գյոզալյանի եւ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ:
Բռնություն գործադրողները եղել են Դատական ակտերի հարկադիր կատարողները, որոնք կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ մարմնական վնասվածքներ են հասցրել Զինաիդա Մելիքյանին, նրա 76-ամյա տատիկին, ինչպես նաեւ այդ ընտանիքի շահերը պաշտպանող կազմակերպության ղեկավարին:
Նշենք, որ Զինաիդա Մելիքյանը կորցրել էր իր սեփականությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ կնքած գործարքի արդյունքում:
Մելիքյանը պնդում է, որ ինքը տոկոսով գումար է վերցրել Երիցյանից, ապա եւ նրա ընկեր Արտավազդ Այվազյանից, որոնք իրեն ստիպել են սեփականության առքուվաճառքի շինծու պայմանագիր կնքել, իսկ ամիսներ անց դիմել են դատարան`ընտանիքին բնակելի տարածքից վտարելու պահանջով:
Դատարանը հիմք է ընդունել շինծու պայմանագիրը եւ վտարման վճիռ է կայացրել, դատական ակտերի հարկադիր կատարողներն էլ եկել են այդ վճիռն ի կատար ածելու եւ կանանց քաշքշելով բառի բուն իմաստով տնից դուրս են շպրտել:
«Կատարողական թերթիկում Զինա Գյոզալյանի անունը նշված չէր, դատարանը այդ կնոջը վտարելու մասով վճիռ չէր կայացրել, այսինքն՝ ԴԱՀԿ աշխատակիցներն իրավունք չունեին նրան վտարելու այդ տարածքից, բայց նրանք դա հաշվի չառան եւ անասելի ստորացումների ենթարկեցին վատառողջ կնոջը»,- պատմում է իրավապաշտպանը:
Մարինա Պողոսյանը եւ Զինա Գյոզալյանն անցել են դատաբժշկական փորձաքննություն, նրանց ստացած վնասվածքներն արձանագրվել են: Հատուկ քննչական ծառայությունը փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «բռնության գործադրման զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը»:
Զինա Գյոզալյանին, Զինաիդա Մելիքյանին եւ Մարինա Պողոսյանին տուժող էին ճանաչվել, սակայն ԴԱՀԿ աշխատակիցներին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել` «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ:
«Հատուկ քննչական ծառայության քննիչ Սարգսյանն այնքան ցինիկ պահվածք ունի, որ քրեական գործի կարճման մասին որոշումը նույնիսկ չէր ուղարկել ինձ, ինչը նա պարտավոր էր անել»,- ասում է «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահը:
Նշենք, որ քրեական գործի կարճման որոշումը կայացվել է օգոստոսի 27-ին, սակայն տուժողն այդ մասին ծանուցվել է միայն ամիսներ անց, երբ գրավոր դիմել է ՀՔԾ պետին:
«Օրենքը պարտադրում է քննիչին կայացրած որոշման մասին տուժողին տեղեկացնել 24 ժամվա ընթացքում, սակայն ես որոշման օրինակը ստացել եմ միայն հոկտեմբերի 17-ին: Այնինչ քննիչն իր օգոստոսի 27-ին կայացրած որոշման մեջ նշել էր, որ պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի տուժողներին: Ինչպես տեսնում եք՝ ՀՔԾ-ում անհապաղ նշանակում է ամիսներ անց»,- ասում է Մարինա Պողոսյանը:
«Վելես» ՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազաություն բողոք է ներկայացրել ՀՔԾ-ի`քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ. «Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի իրենց լիազորությունները լկտիաբար չարաշահող ԴԱՀԿ աշխատակիցները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:
Արման Ղարիբյան
Սկզբնաղբյուրը` http://forrights.am/?ln=1&id_=18&page_id=12