Գտնողին խոստանում են դրամական պարգև 1in.am

 

ae2bda80f96b553c1e3702670b49c59a
«Վելես» հասարակական կազմակերպության անդամները ստիպված են եղել հայտարարություն տալ կորած քրեական գործի նյութերի մասին՝ գտնողին խոստանալով դրամական պարգև: Կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պնդում է, որ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում նախ իր դեմ գործ են սարքել, ապա կարճել են քրեական գործը, իսկ գործի նյութերն «անհետացել են»:

«Ամիսներ շարունակ ես չեմ կարողանում ծանոթանալ քրեական գործի նյութերին, դատախազությունում լավ են հասկանում, որ երբ մենք ծանոթանանք դրանց, այնքան ապօրինություններ կբացահայտենք, դրա համար էլ գործի նյութերը պարզապես թաքցնում են ինձնից»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

«Վելես» ՀԿ-ն ակտիվ պայքար է մղում վաշխառուների և խարդախների դեմ, պաշտպանում է նրանց զոհ դարձած անձանց շահերը: Կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել վաշխառուներին, փոխարենը ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել հենց իր դեմ: «Մենք մշտապես հայտարարել ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը տարիներ շարունակ զբաղվել է վաշխառությամբ, բազմաթիվ տուժած մարդիկ են մեզ դիմել: Երիցյանն էլ իր հերթին փորձեց ինձ վախեցնել՝ քրեական գործ հարուցելով»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Երիցյանը սուտ մատնություն է արել իր դեմ և պետք է դրա համար ևս պատասխանատվության ենթարկվի: «Նա հայտարարել էր, թե ես շորթում եմ արել, և որպես իր ասածի ապացույց տվել էր չորս անձանց անուն, ովքեր իբր պետք է հաստատեին նրա ասածները, սակայն այդ չորսն էլ եկել և միանգամայն այլ ցուցմունքներ են տվել, նույնիսկ իր սանիկը իր դեմ է ցուցմունք տվել, այսքանից հետո քննիչը քրեական գործ չի հարուցել Երիցյանի նկատմամբ, քանի որ գտել է, որ նա դիտավորությամբ չի կատարել սուտ մատնությունը»,- նշեց իրավապաշտպանը:

Երիցյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ չի հաջողվել ապացուցել շորթում կատարելու փաստը: Իրավապաշտպանը, սակայն, բողոքարկում է քրեական գործի կարճման որոշումը դատարանում: «Ես գործի ընթացքում հայտնել եմ, որ սուտ մատնություն է կատարվել, և պնդում եմ, որ քրեական գործ պետք է հարուցվի այդ հիմքով, դրա համար էլ մենք բողոքարկում ենք այդ որոշումը և պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց նա:

Քրեական գործը կարճելու որոշման դեմ բերված բողոքը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Քրեական գործի նյութերը, սակայն, դեռևս դատարանին չեն փոխանցվել: «Քանի որ դատարանն էլ չի կարողանում ստանալ գործի նյութերը, մենք հայտարարություն ենք տարածել, որ գտնողին տալու ենք դրամական պարգև»,- ասաց «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1576440.html

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: