[:am]Դատավորները զարմանում են՝ ծանոթանալով Մարինա Պողոսյանի գործին www.1in.am[:]

[:am]

555-2

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործում և դրա ածանցյալ գործերում այնպիսի իրավախախտումներ կան, որ անգամ դատավորները չեն թաքցնում իրենց զարմանքը: Առաջին զարմացողներից էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը, ով այնքան ապշած էր Մարինա Պողոսյանի բացատրությունից, որ որոշեց դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պարզաբանումներ ստանալու համար:

Ճշտումներ անելուց հետո էլ ավելի զարմացած դատավորը բավարարեց Պողոսյանի բողոքը, որը վերաբերում էր 2015 թվականին իր նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացմանը: Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էր թույլատրել «Ներքին դիտում» ՕՀՄ անցկացնել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ՝ գաղտնի ձայնագրելով նրա խոսակցությունը ինչպես հանրային վայրում՝ սրճարանում, այդպես էլ սեփական բնակարանում: Միջնորդությունը բավարարվել էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից:

Մարինա Պողոսյանն իրավունք ուներ այդ որոշումը բողոքարկելու, սակայն այդ իրավունքն իրացնելու համար նա նախ պետք է ծանոթ լիներ որոշմանը: Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին միջնորդությունները քննվում են դռնփակ՝ առանց այն անձի մասնակցության, ում նկատմամբ պետք է անցկացվի միջոցառումը: Սակայն ՕՀՄ-ի անցկացումից հետո տվյալ անձն իրավունք ունի ծանոթանալու իր վերաբերյալ կայացված որոշմանն ու ցանկության դեպքում բողոք ներկայացնել դրա դեմ: Մարինա Պողոսյանը, սակայն, չի կարողացել ծանոթանալ որոշմանը, քանի որ դրա պատճենը մինչ օրս բացակայում է իր դեմ հարուցված քրեական գործի նյութերից:

Իրավապաշպանը ինքն է դիմել դատարան՝ խնդրելով տրամադրել իր դեմ կայացված որոշման պատճենը և այն ստանալուց հետո ցանկացել է բողոքարկել, սակայն բողոք ներկայացնելու ժամկետը արդեն բացթողնված է եղել: 2017 թվականի հուլիսի 12-ին Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ խնդրելով բաց թողնված ժամկետը համարել հարգելի և վերականգնել: Հուլիսի 14-ին դատարանը, դարձյալ ի դեմս դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, մերժել է Պողոսյանի բողոքը:

Սակայն զարմանալին ոչ թե մերժումն է, այլ թե ինչպիսի ընթացակարգով է դա տեղի ունեցել: Նախ, միջնորդություն ներկայացրած անձը չի ծանուցվել իր միջնորդության քննության մասին: Երկրորդ, օրենքը պահանջում է (ՀՀ քրեական դատարավարության օրենսգիրք, հոդված 380), որպեսզի միջնորդությունը քննարկվի դատական նիստում, որն էլ պետք է արձանագրվի դատարանի կողմից: Սակայն դատական նիստի արձանագրությունը բացակայում է գործից: Ավելին, Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ միջնորդության մերժման մասին որոշման մեջ «առկա չէ նշում այն մասին, որ Մարինա Պողոսյանի միջնորդությունը քննվել է դատական նիստում»:

Այլ կերպ ասած, կարելի է ենթադրել, որ դատարանի նախագահը իրականում դատական նիստ չի անցկացրել, այլ իր աշխատասենյակում նստած որոշել է մերժել Պողոսյանի միջնորդությունը: Հենց սա էր հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի զարմանքը, որը նա անկարող էր զսպել դատական նիստի ընթացքում:

Զարմացող դատավորների շարքը շարունակում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, ով ներկայումս քննում է Պողոսյանի միջնորդությունը՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ: Բեկթաշյանը ևս չկարողացավ թաքցնել իր զարմանքը, երբ տեղեկացավ, որ ՕՀՄ անցկացնելու վերաբերյալ դատարանի որոշման օրինակը մինչ օրս բացակայում է քրեական գործի նյութերից:

Նա հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով դեկտեմբերի 27-ին՝ ժամը 9:30-ին: Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 10–ին, նույն դատարանում շարունակվելու է Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

http://www.1in.am/2265560.html

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: