«Մեր դատական համակարգը փտած է, նեխած: Մինչև դատավորների 90-95 տոկոսը չլքի դատական համակարգը և նրանց մի ստվար մասը պատասխանատվություն չկրի քաղաքացիներին ունեզրկելու և հանցագործություն չկատարած քաղաքացիների նկատմամբ ապօրինի վճիռներ կայացնելու համար, մեր դատական համակարգը չի բարեփոխվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար լյուստրացիա է անհրաժեշտ:
Անդրադառնալով արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի հայտարարությանն այն մասին, որ դատական համակարգը բարեփոխվում է էվոլյուցիոն ճանապարհով, Մ. Պողոսյանը նշեց, որ դեմ է նման մտածողությանը. «Մենք դարվինիզմի՞ն ենք գնում, այդ էվոլյուցիան քանի՞ տարի է տևելու, և ի՞նչ էվոլյուցիայի մասին է խոսքը, եթե այսօր դատական համակարգում այն տարիքի դատավորներ են, որոնք իրենց էվոլյուցիան ապրել են Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի օրոք, ի՞նչ ռազմավարություն պետք է մշակենք, որ կարողանանք նրանց էվոլյուցիոն փոփոխության ենթարկել, պետք է նրանց հոգեբանությունը, մտածողությունը փոխե՞նք, վերանորոգե՞նք, մենք իրավաբանական կրթություն ստացած բազում լավ մասնագետներ ունենք, որոնք կարող են դատավոր աշխատել»:
Իրավապաշտպանը նաև նկատեց, որ այն դատավորները, որոնք հսկայական գումարներ են կաշառք վերցրել ու էլի դժգոհ են մնացել, հիմա ինչքան էլ բարձրացնեն նրանց աշխատավարձերը, նրանք դրանով կուշտ չեն մնա: «Դա աբսուրդ է: Հայաստանը թալանվել նաև հենց այդ դատավորների կայացրած ակտերի միջոցով, և նրանցից շատերը պետք է հենց իրենց ունեցվածքով հատուցեն դրա համար»:
«Այն դատավորները, որոնք հանցավոր ռեժիմի կողքին են եղել, նրանց ստրուկներն են եղել և գործիքակազմը, նոր իրողության մեջ տեղ չունեն»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ հասարակությունն ակնկալում է նրանցից ձերբազատվել շատ արագ: