[:am]«Ես չեմ պատրաստվում կեղծ փաստաթղթերի հիման վրա դատվել». Մարինա Պողոսյանը ցանկանում էր լքել դատարանի դահլիճը www.1in.am[:]

[:am]

S2080001

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով դատաքննությունը, որին ներկայացել էր նաև տուժող Արփի Մերասի որդին՝ Սուրեն Մերասը, ով գործով ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդ: Վերջինս լիազորել էր փաստաբան Հրանտ Անանյանին հանդես գալու որպես իր ներկայացուցիչ, ինչի դեմ առարկեց Մարինա Պողոսյանը:

Նա հայտարարեց, որ այս քրեական գործից անհետացել են փաստաթղթերի բնօրինակներ, կեղծվել են ստորագրություններ, որոնց իր կարծիքով, մասնակցել է նաև փաստաբան Հրանտ Անանյանը. «Այս պայմաններում ես չեմ կարող ընդունել, որպեսզի Հրանտ Անանյանը ներգրավվի որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ ինքը կեղծ փաստաթղթերի առկայության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, գտնելով, որ փաստաբան Անանյանի ներգրավումը բացառող հանգամանք առկա չէ, որոշեց նրան ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Մարինա Պողոսյանը իր խոսքում հիշեցրեց, որ դատավորը չէր բավարարել դատաձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու մասին իր միջնորդությունը, ուստի իր նախաձեռնությամբ արտերկում ձեռագրաբանական փորձաքննություն է իրականացվել գործում առկա ստորագրությունների կեղծ լինելը բացահայտելու նպատակով: Նրա խոսքով, փորձաքննությունից պարզ է դարձել, որ քրեական գործում Արփի Մերասի անունից դրված են երկու խումբ ստորագրություններ, որոնք ակնհայտ տարբերվում են իրարից: Մի խումբը Մերասի ու Պողոսյանի առերես հարցաքննության ժամանակ դրված ստորագրությունն է, որը համապատասխանում է Մերասի անձնագրի ստորագրությանը: Մյուս խումբը այն ստորագրություններն են, որոնք դրվել են Մարինա Պողոսյանի բացակայությամբ և դրանք չեն համապատասխանում Մերասի անձնագրի ստորագրությանը:

Քանի որ Պողոսյանի մոտ կասկածներ են ծագել նաև Արփի Մերասի որդու՝ Սուրեն Մերասի անունից դրված ստորագրությունների վերաբերյալ, նա դատարանին միջնորդեց այսօր Սարո Մերասից վերցնել ձեռագրի նմուշներ, որպեսզի հետագայում հնարավոր լինի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Պողոսյանի միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ միջնորդություններ ներկայացնելու փուլն ավարտվել է և որ ցանկության դեպքում պաշտպանական կողմն իրենց ճառում կարող են անդրադառնել նոր երևան եկած հանգամանքներին և միջնորդել վերսկսել դատաքննությունը: Այդ ընթացքում Մարինա Պողոսյանը սկսեց հավաքել իր փաստաթղթերը դատարանի դահլիճը լքելու մտադրությամբ: «Ես չեմ պատրաստվում մասնակցել այս դատաքննությանը, ես չեմ պատրաստվում կեղծ փաստաթղթերի հիման վրա դատվել: Կարող եք սանկցիա կիրառել կամ փոխել իմ խափանման միջոցը…Ձեզ մոտ գտնվող քրեական գործերից է կորել փաստաթղթերի բնօրինակը»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը:

Դատավորի և Պողոսյանի միջև սկսվող վիճաբանությունը կանխելու նպատակով Մնացական Մարտիրոսյանը ցանկանում էր ընդմիջում հայտարարել, սակայն Պողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ մեկ այլ դատական նիստի մասնակցելու պատճառով: Փաստաբան Հրանտ Անանյանն առարկեց նիստը հետաձգելու միջնորդության դեմ, նշելով, որ Սուրեն Մերասը հատուկ այս նիստի համար է ժամանել Հայաստան և ցանկանում է ճառով հանդես գալ դատարանում:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ տուժողին ճառով հանդես գալու հնարավորություն ընձեռնվել է, և այդ փուլն անցած է, իսկ տուժողի իրավահաջորդն իրավունք չունի ճառով հանդես գալու, ռեպլիկով էլ չի կարող հանդես գալ, քանի որ ռեպլիկով հանդես գալու իրավունք ունեն նրանք, ովքեր ճառով են հանդես եկել: «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տուժողի իրավահաջորդը արտերկրից է ներկայացել և անպայման ցանկանում է այսօր հանդես գալ խոսքով, ապա դա պիտի համապատասխանի նաև դատարանի գործառույթների և աշխատանքների հետ»,- հայտարարեց դատավորը՝ հնարավորություն չտալով Սուրեն Մերասին ելույթ ունենալ դատարանում:

Նիստին ավարտին Սուրեն Մերասին տեղեկացրեցինք, որ պատրաստ ենք իրեն լսելու և հրապարակելու այն խոսքը, որը նրան հնարավորություն չտրվեց հնչեցնել դատարանում: Սուրեն Մերասը, սակայն, հրաժարվեց խոսել՝ նշելով, թե ինքը վստահ չէ, որ իր խոսքերը չեն աղավաղվի: Հիշեցնենք, որ Սուրենի մայրը՝ Արփի Մերասը ևս հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին, իսկ երբ պատրաստ էր լինում խոսել, ապա փաստաբան Անանյանը արգելում էր նրան՝ հայտարարելով, որ «լրագրողների հարցերում թաքնված միտում է տեսնում»:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 9:30-ին:

http://www.1in.am/2329859.html

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: