Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքն ընդդեմ Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Պարույր Աղաբաբյանի որոշման: Քննիչը կարճել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը՝ եզրակացնելով, թե Երիցյանը չի գիտակցում սեփական արարքների նշանակությունը:
Քննիչը այդպիսով պատասխանատվության չէր ենթարկել նախկին պաշտոնյային՝ իրավապաշտպանի դեմ սուտ մատնություն կատարելու փաստով: Դատարանը, սակայն, որոշեց, որ նախաքննության մարմինը խախտել է Մարինա Պողոսյանի իրավունքները եւ գործը ուղարկեց հետ՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն անցկացնելու:
Հիշեցնենք, որ Երիցյանը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից և ընկերոջ փեսայից՝ սպառնալով, թե վրաերթի կենթարկի նրանց և կառևանգի երեխաներին: Երիցյանի հարազատները, ներկայանալով ոստիկանություն, հերքել են նրա պնդումները: Մարինա Պողոսյանը պահանջել էր պատասխանատվության ենթարկել նախկին պաշտոնյային՝ իր դեմ սուտ մատնություն կատարելու համար: Երիցյանը սակայն, մնացել է անպատիժ:
«Ակնհայտ է, որ եթե Երիցյանը ինձ նման ծանր հանցագործությունների մեջ է մեղադրել, սակայն քննության չի ապացուցվել նման բան, ապա նա կատարել է սուտ մատնություն եւ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- «Առաջին լրատվականին» ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:
Իրավապաշտպանը հուսով է, որ երբ վերսկսվի քրեական գործի քննությունը, կբացահայտվի, որ նախկին պաշտոնյան դիտավորությամբ է իր դեմ սուտ մատնություն կատարել, որպեսզի կոծկի իր՝ նախկինում կատարած հանցագործությունները:
«Մենք շուրջ երկու տարի է, պաշտպանում ենք Հովհաննես Երիցյանից տուժած անձանց շահերը, բարձրաձայնել ենք նախկին պաշտոնյայի կատարած հանցագործությունները, և Երիցյանը դիտավորյալ էր իմ դեմ քրեական գործ հարուցել տվել՝ փորձելով ինձ լռեցնել: Բայց ինչպես տեսնում եք, ես ոչ միայն չեմ լռել, այլև այսօր մենք հաղթեցինք դատարանում, և շուտով Երիցյանը կկանգնի արդարադատության առջև»,- վստահ է «Վելես» ՀԿ-ի նախագահը:
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1683464.html