[:am]
Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների առանձնահատկությունների վերաբերյալ խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ վերջին տաս-տասնհինգ տարիների ընթացքում այս ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և տիրող իրավիճակին։
Մինչև ինտերներտ հասանելիության բարելավումը Հայաստանի մեդիա դաշտում գերակշիռ ազդեցություն ունեին հեռուստաընկերությունները, որոնք միջոցներ չէին խնայում լրատվական հաղորդաշարների առաջխաղացման գործում։
Հասարակական կարծիքի ձևավորման գլխավոր դերակատարները գտնվում էին ավտորիտար քաղաքական համակարգ ունեցող իշխանական էլիտայի ձեռքերում, որոնք ԶԼՄ ռեսուրսները ուղղում էին կարևորագույն իրադարձություններից հասարակական կարծիքի շեղմանը և պետական քաղաքականության բացթողումների մեջ մեղադրյալի աթոռին նստեցնում իշխանության երկրորդ և երրորդ էշելոնի պատասխանատուներին։
Ընդդիմադիր հեռուստաընկերությունների սակավությունը կամ գրեթե բացակայությունը թույլ էր տալիս իշխանություններին, հատկապես մարդու իրավունքների ոլորտում, վարել այնպիսի քաղաքականություն, որը հեռու էր այդ իրավունքների պաշտպանությունից, հարգանքից, իսկ սոցիալ-տնտեսական իրավունքների մասին խոսելիս հասարակական կարծիքի առաջնորդները հիմնականում մատուցում էին իշխանության վարկածը։
2010-ական թվականներին ինտերներտ կապի բարելավումը Հայաստանում առաջ բերեց էլեկտրոնային ԶԼՄ-ների բումի, որոնք նույնպես ստեղծվում և առաջնորդվում էին իշխող էլիտայի հետ կապ ունեցող անձանց կողմից (նրանց գործունեության սկզբունքները նույնպես չէին տարբերվում հեռուստաընկերությունների կողմից որդեգրած սկզբունքներց)։ Սակավաթիվ ընդդիմադիր էլեկտրոնային լրատվամիջոցներ փորձում էին թեժ պահել մարդու իրավունքների ոտնահարմարման հետ կապված հարցերը՝ փորձելով հասարակական կարծիք ձևավորել այս հարցերի շուրջ, սակայն <<պալատական>> լրատվամիջոցների քանակը անհամեմատ շատ էր։
Մարդու իրավունքների, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ հրապարակումներում նախորդ իշխանության լրատվամիջոցները հիմնականում որդեգրել էին բարեգործական մոդելը և տարբեր՝ բարձր ռեյտինգ ունեցող հաղորդաշարերի ընթացքում փորձում էր միջազգային պարտավորությունների չկատարումը քողարկել հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ խղճահարություն հարուցող լուսաբանումների և հրապարակումների քողի տակ՝ ոչ մի անդրադարձ չկատարելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բնագավառում տիրող անմխիթար վիճակին։
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո լրատվամիջոցները, որոնք անմիջականորեն կապված չէին նախկին իշխող էլիտայի ընտանիքի անդամների հետ կամ չէին ղեկավարվում իշխանամետ կուսակցությունների կողմից, հնարավորություն ունեցան ազատորեն ընտրել սեփական վարքագիծը, իսկ այն լրատվամիջոցները, որոնք անմիջապես ղեկավարվում էին նախկին իշխանությունների կողմից տեղավորվեցին ընդդիմադիր դաշտում՝ սկսելով ագրեսիվ քարոզարշավ ներկա իշխանությունների դեմ։
Այս պարագայում մեծ մեդիառեսուրսներ ունեցող նախկին իշխանավորները թիրախավորեցին նոր իշխանության տնտեսական և կադրային քաղաքականությունը և կրկին ետին պլան մղվեցին մարդու իրավունքների մասին լուսաբանումները։
Անկասկած, հետհեղափոխական Հայաստանում ԶԼՄ-ների բնագավառում տիրող իրավիճակը լայնորեն պայմանավորված է քաղաքական իրադարձություններով, իսկ դրանց գերակշիռ մեծամասնությունը պտտվում են կոռուպցիոն սկանդալների բացահայտման, աղմկահարույց ձեռբակալությունների և նոր իշխանությունների կողմից իրականացվող արտաքին և ներքին քաղաքականության անհեռատեսության շուրջը, որոնց հորձանուտում խեղդվում են մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների բարձրաձայնումը և դրա մասին պատշաճ հասարակական կարծիքի ձևավորումը։ Սակավաթիվ հրապարակումների դեպքում էլ սոցիալական իրավունքների մասին խոսվում է խտրականություն ստեղծող պաթոսախառը բառապաշարով՝ հիմքում ունենալով քաղաքական դերակատարների շահերը։
Ճիշտ է, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հատկապես իրավապաշտպան կազմակերպությունները փորձում են լայնորեն օգտագործել համացանցի հնարավորությունը՝ մարդու իրավունքների ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների մասին բարձրաձայնելով և փորձելով օգնել նոր ընտրված Կառավարությանը, սակայն այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ լրատվության տարածման հարցում առաջատար ռեսուրս է դարձել «Ֆեյսբուք» սոցիալական կայքը (ինչն էլ ակտիվորեն օգտագործովում է թե իշխանությանը և թե ընդդիմությանը հարող կեղծ օգտատերերի կողմից)։
Այսպիսի պարագայում նույնպես մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների հարցը մղվում է երկրոդ պլան, քանի որ հասարակական կարծիքի առաջնորդների կողմից լրատվական դաշտ նետված գաղափարները կրկին բավական հեռու են մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ հարգանքից՝ օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին խոսելու բարձրաձայնելու մասին ավելի հաճախ կարելի է հանդիպել խտրականություն և կարծատիպ ստեղծող հրապարակումներ։
«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպությունը պայքարում է նման երևույթների դեմ փնտրելով տեղեկատվության տարածման հնարավոր ուղիներ՝ տարբեր թիրախային խմբերի հետ փոքր հանդիպումների կազմակերպումից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց այս կամ այն հիմնահարցին վերաբերող հեռուսատահաղորդումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և դրանց մասնակցություն։
Հեղինակ՝ Ս. Օհանջանյան
[:]