«Ամեն օր մեզ կարող են վտարել մեր տնից, մենք չենք կարող վարձով ապրել, ուրիշ տարբերակ չեմ տեսնում, պիտի հրաժարվեմ էս երկրից ու հեռանամ, բայց տղաս դեռ մեկ տարի պիտի ծառայի բանակում…»,- հիասթափված ու հուսալքված զինվորի մայրը այժմ ուղիներ է փնտրում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ այլ երկրում կացություն ստանալու համար:
Արցախում ծառայող նրա որդին մեկ տարի անց պետք է վերադառնա բանակից, սակայն այդ ժամանակ ոչ տուն կունենա, ոչ էլ գրանցման հասցե: Հայրենիքի հանդեպ պարտքը կատարած զինվորը եւս ստիպված կլինի հեռանալ Հայաստանից:
Սիրանուշ Չփլախյանը, գործարքի գնալով Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանի հետ, կորցրել է իր եւ քրոջ ընտանիքին պատկանող տունը: Սիրանուշի խոսքով՝ Պլուզյանն իրեն տոկոսով փող է տվել, որի դիմաց ստիպել է տան առքուվաճառքի շինծու պայմանագիր կնքել եւ Չփլախյանների տունը ձեւականորեն գրանցվել է Նունե Պլուզյանի մորաքրոջ որդու՝ Հրանտ Բաբայանի անունով:
Վերջինս էլ Չփլախյաններին տնից վտարելու հայց էր ներկայացրել դատարան: Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր վտարման պահանջը, իսկ Վերաքննիչ դատարանը որոշումն ուժի մեջ էր թողել: Չփլախյանները բողոք էին ներկայացրել Վճռաբեկ դատարան, բողոքը վարույթ էր ընդունվել սեպտեմբերի 16-ին, սակայն օրեր առաջ վարույթը մերժվել է:
«Դարձյալ Նունեն իր կապերով նենց է արել, որ Վճռաբեկ դատարանն էլ մեզ մերժի, ամեն տեղ Նունեի մատն է խառը: Մենք շատ փաստեր ունեինք, բայց դատարանները դա հաշվի չեն առնում»,- ասում է Սիրանուշը:
Հիշեցնենք, որ Սիրանուշ Չփլախյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ նշել է, որ ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանը խարդախության միջոցով տիրացել է իր գույքին` այն գրանցելով իր մորաքրոջ տղայի անունով:
Նշենք, որ Նունե Պլուզյանը հրաժարվում է հարցազրույց տալ այս թեմայով՝ հայատարելով, թե ինքը որեւէ կապ չունի Չփլախյանների տան գործարքի հետ: Չփլախյաններն ամեն հինգշաբթի դուրս են գալիս բողոքի ցույցի, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի իշխանության համար, նրանք նաեւ վիդեոուղերձով դիմել էին ՀՀ վարչապետին, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չեն ստացել կառավարությունից: