Զինվորի ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի առջեւ է կանգնած։ Փետրվարի 12-ին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները այցելելու են Չփլախյաններին՝ նրանց հարկադրաբար տնից վտարելու համար: Սիրանուշ Չփլախյանը, ում որդին ժամկետային զինծառայող է, խաբեության զոհ էր դարձել, տոկոսով գումար էր վերցրել, փոխարենը իր ու քրոջ ընտանիքին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կեղծ առքուվաճառքի պայմանագիր էր կնքել, որով էլ երկու սեփական տներն անցել են կառավարության արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանի մորաքրոջ որդուն:
Չփլախյանները բազմիցս դիմել էին ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով զսպել իրենց աշխատակցի ախորժակը և իրենց չզրկել վերջին կացարանից: Թեև այս տարվա սկզբից նա այլևս չի աշխատում կառավարությունում, դա չօգնեց Չփլախյաններին՝ խուսափելու սեփական տնից վտարվելու վտանգից:
Եթե փետրվարի 11-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չբավարարի քաղաքացու միջնորդությունը և չկասեցնի վտարման գործընթացը, երկու ընտանիք կզրկվի իրենց վերջին կացարանից, իսկ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարած զինվորը զորացրվելուց հետո պարզապես գրանցման հասցե չի ունենա իր երկրում։
«Պատկերացնո՞ւմ եք այն զինվորի հոգեվիճակը, որը գնացել է իր հայրենիքը պաշտպանելու և տեղեկանում է, որ իր ընտանիքին շպրտել են փողոց… Այսպիսով թուլացնում են մեր բանակի թիկունքը, որովհետև Սիրանուշի որդին ունի բազմաթիվ զինակից ընկերներ, որոնք ևս տեղեկանալու են, թե Հայաստանում զինվորի ընտանիքի հետ ինչպես են վարվում… Այսքանից հետո այդ զինվորներն ի՞նչ սրտով են կռիվ տալու հակառակորդի դեմ»,- հռետորական հարց է հնչեցնում «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, ով ներկայացնում է Չփլախյանների ընտանիքի շահերը:
Երկու ընտանիքների վերջին հույսը առաջիկա դատական նիստն է և դատավար Տաթևիկ Ստեփանյանի կայացրած որոշումը:
Մանրամասները՝ տեսանյութումՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=72693&l=am/