[:am]Այս տարի լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը։ Ահաբեկչական գործողության արդյունքում զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու պատգամավորներ։
1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը վերջերս դիմել է վաղաժամ ազատման հայցով, որն ընթացքի մեջ է։ Ֆորմալ առումով 20 տարվա ազատազրկումից հետո նրան տրվում է այդպիսի դիմում ուղղելու հնարավորություն։ Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ ընթացք կունենա նրա դիմումը․
«Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էս տարիների ընթացքում ընդհանրապես որևէ բան չպարզվեց։ Հանրությունն ավելի շատ հետաքրքրված է բուն եղելիությամբ՝ ովքե՞ր էին կազմակերպիչները։ Մենք ամեն մեկս փոքր ինֆորմացիա ունենք այն մասին, թե ինչ է կատարվել՝ մարդկանցից, որոնք էնտեղ են եղել, բայց առ այսօր ոչինչ չպարզվեց, որովհետև ընդամենը օդում կախված լուրեր ենք լսում։ Ես կարծում եմ՝ Նաիրի Հունանյանը որոշակի չափով կարող է լույս սփռել այս գործի վրա, և չեմ կարծում, որ սա եղել է միայն նրա կամարտահայտությունը, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ովքեր ինչ դերակատարումներ են ունեցել։ Ես կարծում եմ՝ հանրության հետաքրքրությունը ոչ թե այն է՝ ներե՞լ Նաիրի Հունանյանին, թե՞ ոչ, այլ պարզել իրողությունը։
Կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ պետք է հետաքննվի։ Ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապը։ Երբ պետությունն իր տեղում չի, և մի հանցագործությունը չի բացահայտվում, այն բերում է իր պատճառահետևանքային կապին, և տեղի են ունենում այլ հանցագործություններ։ Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ապա վստահ եմ, որ չէր լինի Մարտի 1-ը։ Հանցագործությունը մեծ է, թե փոքր՝ կարևոր չէ, կարևորը դրա մոտիվներն են։ Ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը․ չեմ կարծում, որ ինձ կամ ձեզ էր պետք։ Հոկտեմբերի 27-ը պետք էր այն մարդկանց, որոնք հետագայում իշխանությունը զավթեցին։ Ամեն դեպքում պետք է հասկանալ Հոկտեմբերի 27-ի մոտիվն ու շարժառիթը․ Նաիրի Հունանյանը պետք է խոսի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
[:]