«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցվել է քրեական գործ։
NEWSPRESS.am-ի հետ զրույցի ժամանակ Մարինա Պողոսյանը վստահեցրեց, որ իր դեմ հարուցված գործը շինծու է, և բոլոր փաստաթղթերը կեղծված են։ Նա ցույց տվեց փաստաթղթեր, որտեղ ներկայացված ցուցմունքի տակ կեղծ ստորագրություններ էին։
Մարինա Պողոսյանի նկատմամբ հետապնդում է սկսվել այն բանից հետո, երբ նա բացահայտել է մի շարք կոռուպցիոն դեպքեր և մարդու իրավունքների խախտումների զոհերին իրավական օգնություն է ցուցաբերել։
«Ես իրենց թշնամի եմ դարձել մի բանի համար՝ կպել եմ իրենց գրպանին․․․ բայց եթե նույնիսկ ինձ փակեն, ես ուր էլ որ լինեմ, էդ կեղծիքների մասին վկայող փաստաթղթերը հո չե՞ն ուտելու, ես ուր էլ լինեմ, էս թղթերը մնալու են»,- ասաց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ իր դատավճիռը դատարանում չի կայացվելու, այլ՝ Բաղրամյան 26-ում»։
«Ես նողկանք եմ ապրում մեր դատախազությունից»,- ավելացրեց իրավապաշտպանը։
Զրույցին ներկա էր նաև NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը, ով հիշեցրեց, որ 2 տարի առաջ իր դեմ ևս ապօրինի քրեական գործ է հարուցվել: Նա հավելեց, որ, լինելով Միջազգային Մեդիա Ինստիտուտի (IPI) խորհրդի անդամ՝ Պողոսյանի գործն արդեն իսկ ուղարկել է միջազգային կառույցներին:
«Ո՞ւր փախչենք մեր երկրից: Այսուհետ չենք լռելու»,- հավելեց Հովսեփյանը: