[:am]
Հունվարի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հնարավոր է, որ ընթերցվի մեղադրական ճառը: Հիշեցնենք, որ դատական գործընթացը սկսվել է դեռ 2017 թվականի հունվարից, նախորդ տարի սույն գործով ներգրավված դատախազներից երկուսը փոխվել են և այժմ մեղադրողի կարգավիճակում հանդես է գալիս ՀՀ արդարադատության նախարարի նախկին խորհրդական Բագրատ Ղազինյանը:
Մարինա Պողոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, պնդում է, որ իր նկատմամբ իշխանությունները հետապնդում են իրականացնում իրավապաշտպան գործունեության պատճառով և պատրաստ է տալ այն նախկին պաշտոնյայի անունը, ում հետ կապված են իր դեմ հարուցված գործում ներգրավված բոլոր անձինք:
2017 թվականին կայացած վերջին դատական նիստի ընթացքում Մարինա Պողոսյանն ու նրա դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը թվով 12 միջնորդություններ ներկայացրեցին, որոնք բոլորը մերժվեցին դատավոր Մնացական Մնացականյանի կողմից: Մեղադրող դատախազն ու տուժող Արփի Մերաի փաստաբանը առարկեցին բոլոր միջնորդությունների դեմ՝ համարելով դրանք անհիմն: Ստորև ներկայացնում ենք այդ միջնորդություններից մի քանիսի բովանդակությունն ու նշանակությունը:
«Ես հարցեր ունեմ Արփի Մերասին»
Մարինա Պողոսյանի ու նրա դատապաշտպանի միջնորդություններից մի քանիսը վերաբերում էին մի շարք անձանց դատարան հրավիրելուն ու հարցաքննելուն: Մասնավորապես, Պողոսյանը ցանկանում էր հարցեր ուղղել իր դեմ ցուցմունքներ տված տուժող Արփի Մերասին: Հիշեցնենք, որ Մերասը հարցաքննվել էր դատարանում և Պողոսյանին հնարավորություն տրվել էր հարցեր տալու նրան, սակայն վերջինս Մերասի հարցաքննության ժամանակ չէր տվել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում էին գործին, քանի որ այդ ժամանակ դեռևս դատարանին ներկայացված չէին մի շարք փաստեր ու փաստաթղթեր:
«Այն ժամանակ ես չեմ ուղղել շատ հարցեր, քանի որ այդպիսին էր իմ պաշտպանական տակտիկան: Սակայն հետագայում իմ կողմից ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ ես ունեմ շատ հարցեր»,- հայտարարեց Պողոսյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը: Մարինա Պողոսյանը պարբերաբար հիշեցնում էր դատավորին, որ իրեն ծանր հանցագործության մեջ են մեղադրում և ինքը պետք է հնարավորություն ունենա արդյունավետ պաշտպանելու իր իրավունքները, ինչից դատավորը զրկում է իրեն: «Եթե որևէ մեկի համար սա իր աշխատանքն է, ապա իմ դեպքում սա իմ կյանքին է վերաբերում, ես մեկ կյանք ունեմ, և այսօր ինձ մեղադրում են ծանր հանցագործության մեջ: Սա նաև իմ համբավին է վերաբերում, քանի որ այս գործին աչալուրջ հետևում են թե Հայաստանում, թե միջազգային իրավապաշտպան մարմիններում»,- ասաց «Վելես» ՀԿ-ի նախագահը:
«Դատարան հրավիրեք Հունան Պողոսյանին»
Մարինա Պողոսյանը դատարանին միջնորդեց որպես վկա հարցաքննել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին, ով դեռևս նախաքննության փուլում միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերացիա անցկացնելու վերաբերյալ: Փոխոստիկանապետը դատարանին դիմելիս զարմանալիորեն կանխագուշակել էր, թե տվյալ օրը Պողոսյանը որ սրճարանում է լինելու և հենց այդ սրճարանում գաղտնի ձայնագրություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Մարինա Պողոսյանը ցանկանում էր դատարան հրավիրել փոխոստիկանապետին և նրան հարցնել, թե նա ինչպես է գուշակել, թե այդ օրը ինքը որ սրճարանում է լինելու: Դատարանը այս միջնորդությունը ևս մերժեց:
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ես որպես ամբաստանյալ չեմ կարողանում օգտվել իմ իրավունքներից: Իմ դիմաց Չինական պատ է, իմ բոլոր միջնորդությունները մերժվում են: Սա ցույց է տալիս, որ իմ նկատմամբ կա կանխակալ վերաբերմունք և այս դատավորությունը ճնշում է իմ նկատմամբ՝ իմ իրավապաշտպան գործունեության համար»,- մերժումից հետո հայտարարեց Մարինա Պողոսյանը:
Ամբաստանյալի կարգավիճակում հայտնված իրավապաշտպանը միջնորդեց նաև դատարան հրավիրել Կենտրոն տարածքի նոտար Մարինե Մանուկյանին, քանի որ ըստ Արփի Մերասի ցուցմունքների՝ նոտարը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Պողոսյանի հետ, ավելին, վերջինս իբրև ալկոհոլային խմիչք է նվիրել նոտարին, երբ վերջինիս մոտ ձևակերպվել է Մարինա Պողոսյանին տրված լիազորագիրը: «Ըստ տուժողի և վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքների՝ նոտարական գործարքները նոտար Մ.Մանուկյանի կողմից կատարվել են կոռուպցիոն ռիսկերի առկայության պայմաններում: Նախաքննության ընթացքում լիազորագրերի վավերացման առումով նոտար Մ.Մանուկյանը և տուժող Ա.Մերասը տվել են հակասական ցուցմունքներ, ուստի անհրաժեշտ է դատարան հրավիրել նոտարին ու հարցեր ուղղել նրան»,- իր միջնորդությունն այսպես հիմնավորեց Պողոսյանը:
Դատարանը այս միջնորդությունը ևս մերժեց: Հիշեցնենք, որ նոտար Մարինե Մանուկյանը «Առաջին լրատվականին» հայտնել էր, որ ինքը երբևէ մտերիմ հարաբերություններ չի ունեցել Մարինա Պողոսյանի հետ՝ ինչպես պնդում են Արփի Մերասն ու նրա մտերիմները: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, չցանկացավ նոտարին հրավիրել դատարան ու հարցաքննել նրան: Դատավորը մերժեց նաև այլ վկաներ հրավիրելու միջնորդությունները՝ համարելով դրանք անհիմն:
Մերժման որոշումներից հետո Մարինա Պողոսյանը կրկին հայարարեց. «Այսօր իմ իրավունքները խախտվում են, քանի որ ես որևէ կերպ չեմ կարողանում լույս սփռել այս գործի վրա: Այս գործը հիմնված է միայն տուժողի ցուցմունքի վրա, ուրիշ ոչ մի բան չկա, իսկ իմ բոլոր միջնորդությունները մերժվում են: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ սա զուտ հետապնդում է իրավապաշտպանի նկատմամբ: Իհարկե, դատարանն ինձնից ավելի պատրաստված է և անընդմեջ կարող է բերել մի պատճառ, ըստ որի կմերժի իմ միջնորդությունը, ես չեմ գտնում, որ սա իրավաչափ է: Բա ես որտե՞ղ ապացուցեմ իմ անմեղությունը»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Մարինա Պողոսյանը:
Նրա ներկայացրած մյուս միջնորդություններին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:
Լուսանկարում՝ Մարինա Պողոսյանը և դատավոր Մնացական Մարտիրոսյանը
Հեղինակ՝ Արման Ղարիբյան
http://www.1in.am/2276636.html
[:]