Ինչո՞ւ Երիցյանը չի ներկայանում դատարան 1in.am

 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը համառորեն խուսափում է ներկայանալ դատարան եւ պատասխանել դատավորի հարցերին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը, որը վերաբերում է Հովհաննես Երիցյանի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելուն:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել էր Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդությունը և դատակոչել էր Հովհաննես Երիցյանին՝ պարզաբանումներ տալու: Վերջինս, սակայն, չի ցանկանում մասնակցել բողոքի քննությանը եւ իր փոխարեն դատարան էր գործուղել փաստաբան Գարեգին Մարգարյանին:

«Մենք հարցեր ունենք տալու Երիցյանին, օրինակ, պետք է հարցնենք, թե որտեղից է նա վերցրել, որ ես ղազախական մաֆիայի անդամ եմ կամ որ ցանկացել եմ առեւանգել երեխաների, վրաերթի ենթարկել կանանց: Երիցյանի փաստաբանը չի կարող նրա փոխարեն պատասխանել այս հարցերին»,- «Առաջին լրատվականին» ասաց Մարինա Պողոսյանը:

Փաստաբան Գարեգին Մարգարյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում հաստատեց, որ ինքն իրավասու չէ Երիցյանի փոխարեն պատասխանելու, թե նա ինչու է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տրամադրել քննչական մարմիններին: «Ես լիազորված եմ զուտ Պողոսյանի բերած բողոքի դեմ առարկություններ ներկայացնելու: Այլ հարցերի ես չեմ կարող պատասխանել»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Երիցյանի դիմումի հիման վրա Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Մարինա Պողոսյանի դեմ: Նախկին պաշտոնյան իրավապաշտպանին մեղադրում էր մի շարք հանցագործություններում՝ սպառնալիքների եւ խարդախության միջոցով ուրիշին պատկանող գույքը շորթելու մեջ:

Մասնավորապես, Երիցյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից և ընկերոջ փեսայից՝ սպառնալով, թե վրաերթի կենթարկի նրանց և կառևանգի երեխաներին: Երիցյանի հարազատները, ներկայանալով ոստիկանություն, հերքել են նրա պնդումները:

Մարինա Պողոսյանը քրեական գործի ընթացքում հաղորդում է տվել հանցագործության մասին՝ պնդելով, որ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել իր նկատմամբ՝ շահադիտական նպատակներով: Սուտ մատնության փաստի առթիվ եւս հարուցվել է քրեական գործ: Քննության արդյունքում Մարինա Պողոսյանի կողմից շորթում կատարելու հանգամանքը հերքվել է, սակայն Հովհաննես Երիցյանը մնացել է անպատիժ:

Կենտրոնի քննիչ Պարույր Աղաբաբյանը եկել է այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետը չի գիտակցել սեփական արարքների նշանակությունը, մասնավորապես՝ Երիցյանը 8 ամիս շարունակ պնդել է, թե «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հանցագործ է՝ «չգիտակցելով, որ իր արարքները կեղծ են»: Այսպիսի հիմնավորմամբ Երիցյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այժմ Մարինո Պողոսյանը դատական կարգով բողոքարկում է գործի կարճման որոշումը:

Նշենք, որ Մարինա Պողոսյանի հիմնադրած «Վելես» հասարակական կազմակերպությունը պայքարում է վաշխառության և խարդախության դեմ, այդ թվում՝ Հովհաննես Երիցյանից տուժած անձանց շահերի պաշտպանությամբ:

«Վելես» ՀԿ-ն 2013 թվականից սկսած բարձրաձայնել է Հովհաննես Երիցյանի գլխավորությամբ գործող հանցախմբի արարքները, արդյունքում նախկին պաշտոնյան փորձել է ճնշում գործադրել իրավապաշտպանի նկատմամբ՝ նրա դեմ քրեական գործ հարուցելու ճանապարհով:

«Երիցյանը շատ լավ գիտի, որ դատական նիստերին ներկա են լինում իր վաշխառուական գործունեությունից տուժած անձինք, եւ հասկանում է, որ եթե մութ շքամուտքերում կարողանում է նրանց զենքով վախեցնել, ապա դատարանի դահլիճում, որտեղ մարդիկ պաշտպանված են օրենքով, դժվար թե կարողանա զենքով հարձակվել նրանց վրա եւ ստիպել, որ նրանք լռեն»,- Մարինա Պողոսյանն այսպես է բացատրում Երիցյանի՝ դատարան չներկայանալու փաստը:

Մարինա Պողոսյանի ներկայացրած բողոքի քննության հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 14:30-ին:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1679893.html

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: