«Իշխանությունը ձեռք է բարձրացրել երեխաների վրա, դա սրբապղծություն է» 1in.am

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:

– Տիկին Պողոսյան, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնության տեսարաններից հետո Դուք հանդես եկաք ծայրահեղ խիստ քննադատությամբ, հատկապես ի՞նչն էր Ձեզ այդչափ բարկացրել:

– Նախ, եթե նկատել եք, ես միշտ եմ հանդես գալիս ծայրահեղ քննադատությամբ, քանի որ այս իշխանության գործելաոճին վաղուց ենք ծանոթ բոլորս: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ օրվա դեպքերին, ապա այստեղ ինձ նույնիսկ բառերը չեն հերիքում, որ կարողանամ վիրավորել սրանց: Իշխանությունը ձեռք է բարձրացրել երեխաների վրա, դա սրբապղծություն է:

– Բայց ցուցարար երիտասարդները չափահաս մարդիկ են, որոնք դուրս են եկել փողոց իրենց բողոքն արտահայտելու:

– Ես չեմ ասում, թե նրանք անչափահաս են, բայց այսօրվա իշխանությունների համար, զուտ տարիքային հարաբերակցությամբ, նրանք երեխաներ են: Երեխան նրա համար չէ, որ միայն կենաց խմելիս հիշենք ու մեծարենք, նրանց պետք է պաշտպանել ու հոգ տանել, իսկ սրանք գազանաբար կոտորում էին մեր երեխաներին:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էին ոստիկաններն այդքան ագրեսիվ:

– Ներեցեք, բայց ես համամիտ չեմ, որ դրանք ոստիկաններ էին, ոստիկան հասկացությունը ոչ մի կապ չուներ այն խուժանի հետ, որ մենք տեսանք: Սրանք Սերժի հաստավիզ ու դատարկագլուխ թիկնապահներն են, որոնք ամեն ինչի պատրաստ են, միայն թե իրենց շեֆի հանգիստը չխաթարվի: Մենք այսօր չունենք ոստիկանություն և ոստիկանապետ, Վովա Գասպարյանը ընդամենը Սերժի թիկնազորի պետն է:

– Նման իրավիճակում ի՞նչ քայլերի պետք է դիմեն քաղաքացիները:

– Առաջարկում եմ նախ հայտարարություն տալ ոստիկանապետի թափուր պաշտոնի վերաբերյալ, թող մարդիկ իրենց կենսագրականներն ուղարկեն, Բաղրամյան պողոտայում հավաքված մարդիկ էլ ընտրեն, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը:

– Կարծում եք՝ առաջիկա օրերին ևս կլինեն բռնություննե՞ր:

– Եթե Սերժի թիկնապահները ձեռք են բարձրացնում մահացած զինվորի մայրերի վրա, մեր երեխաների վրա, ապա նրանցից ամեն ինչ էլ կարելի է սպասել: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է վախենանք և դուրս չգանք փողոց: Ինչպես տեսնում եք, ժողովուրդը չկոտրվեց ախրաննիկների այլանդակ գործողություններից, ճիշտ հակառակը՝ համախմբվեց, ավելի շատացավ ու ավելի մեծ ոգևորությամբ է շարունակում պայքարը:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1657257.html

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: