[:am]Իրավապաշտպանն ապացուցեց, որ իր գործը սխալ բաժնում է քննվել 1in.am[:]

[:am]

^54126E3E68862269DE10525DABFD3FAC94E93E45E55DEC97F0^pimgpsh_fullsize_distr

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արմեն Մկրտչյանը ընդունեց, որ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը սխալ ստորաբաժնում է քննվել։ Դատավորը բավարարեց Պողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի՝ գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին միջնորդությունը և այն ուղարկեց քննության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Այսպիսով՝ ապացուցվեց այն, ինչ իրավապաշտպանը պնդում էր դեռևս 2015 թվականից՝ նախաքննության փուլում, երբ բողոքներ էր ներկայացնում ՀՀ քննչական կոմիտեին և Գլխավոր դատախազությանը։

Խնդիրն այն է, որ ըստ մեղադրանքի՝ Մարինա Պողոսյանը իբրև յուրացրել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքը։ Գործը, սակայն, անհասկանալի պատճառներով քննվել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնում։ Եվ եթե նախաքննության փուլում Մարինա Պողոսյանի բոլոր բողոքները մերժվել էին, ապա այսօր դատարանում գործը վերահսկող դատախազ Էդգար Պետրոսյանը չառարկեց Պողոսյանի պաշտպանի միջնորդությանը՝ ըստ էության ընդունելով այն փաստը, որ գործը պետք է քննվեր Կենտրոն վարչական շրջանի ստորաբաժնում։

Մարինա Պողոսյանը բացատրում է, թե մեղադրող կողմն ինչու է շահագրգռված եղել գործը քննել հենց Արաբկիրի բաժնում։ «Մեր կազմակերպությունը մշտապես պայքարում է կոռուպցիայի դեմ, և  մենք նաև բարձրաձայնել ենք և փորձել ենք բացահայտել ռուս գործարարների և ՀՀ նախկին գլխավոր դատախազի ընտանիքի մասնակցությամբ փողերի լվացման գործը։ Այդ գործին զուգահեռ, իմ դեմ շինծու գործ հարուցեցին, որպեսզի ես դադարեցնեմ պայքարը։ Եվ ռուս գործարարների գործով շահագրգիռ անձանցից մեկը անձնական կապեր ունի Արաբկիրի դատախազությունում։ Եվ հենց այնտեղ էլ գործը սարքել են։ Ի դեպ, իմ գործով տուժող ճանաչված Արփի Մերասի փաստաբանը ևս նախկինում նույն Արաբկիրի բաժնում քննիչ է եղել»։

Մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել «Առաջին լրատվական»– ի հարցերին՝ պարզաբանելով, թե քանի դեռ գործը չի քննվել դատարանում, իր համար ցանկալի չէ նախաքննության գաղտնիքներ բացահայտելը։ Մեր այն դիտարկումը, թե նախաքննության փուլն ավարտված է, և պաշտպանական կողմն արդեն հանրայնացնում է նախաքննության նյութերը, չհամոզեց դատախազին։ Նա խոստացավ պատասխանել մեր հարցերին դատաքննության հաջորդ փուլերում։

Նշենք, որ Մարինա Պողոսյանին աջակցելու էին եկել տասնյակից ավելի տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դատավոր Արթուր Մկրտչյանը, դատական նիստի սկզբում, փորձեց արգելել լրատվամիջոցներին լուսանկարահանել և տեսանկարահանել դատական նիստը։ Սակայն մեր այն դիտարկումը, որ լուսանկարահանելու հարցը պետք է քննել դատավարության կողմերի հետ, սթափեցրեց դատավորին և կողմերի հետ քննարկելուց հետո նա թույլատրեց լուսանկարահանումն ու տեսանկարահանումը։

Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։

Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը՝ http://www.1in.am/2077564.html[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: