[:am]Կանանց ներառումը հանրային քաղաքականության մշակման և որոշումների կայացման մակարդակում[:]

[:am]

Zaruhi Hovhannisyan 41

Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ

Երբ խոսում ենք ներառականության մասին, անմիջականորեն պատկերացնում ենք խտրականության ենթարկվող փոքր խմբերի, որոնք ձգտում են համամասնակից լինել իրենց վերաբերյալ կայացվող որոշումների։ Իսկ եթե բացառվենք այդ պատկերացումից, կտեսնենք, որ որոշումների կայացման ներառականությունը խախտված է Հայասատանի բնակչության մեծամասնությունը հանդիսացող խմբի՝  կանանց համար։ Կանանց նկատմամբ առկա  խտրական վերաբերմունքը տարբերակում, սահմանափակում կամ բացառում է հավասար մասնակցությունը երկրի քաղաքական,սոցիալական, տնտեսական,մշակութային կյանքին ։ «Կանանց նկատմամբ խտրականությունը խախտում է իրավահավասարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքները, խոչընդոտում է տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց մասնակցությանն իրենց երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին, անհամատեղելի է հասարակության ու ընտանիքի բարեկեցության աճին և ավելի է դժվարացնում կանանց հնարավորությունների լիակատար դրսևորումը»,- այդ է ամրագրում ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 1993 թվականին և պետական պարտավորություն ստանձնել վերացնել այդ խտրականությունը։ Ու թեև երկու տասնամյակ անց մենք ունենք նաև ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդված, որն ամրագրում է կանանց և տղամարդկան հավասարության սկզբունքը, առանձին օրենք՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին», սակայն իրականությունը դեռևս հեռու է հավասարության պատկերից։ Քաղաքացիա-իրավական մակարդակում հավասարության ապահովման օրենսդրական ակտերը շարունակաբար կատարելագործվում են, սակայն ամուսնա-ընտանեկան և սոցիալ-հասարակական մակարդակում պահպանվում են ավանդական պատկերացումները ՝ հանրային կյանքում կնոջ դերակատարման վերաբերյալ։

Եթե հայացք նետենք պատմությանը, ապա կտեսնենք, որ կնոջ իրավունքների խնդիրը հայ հասարակության մեջ սերտորեն առնչվում է եկեղեցու ու եկեղեցական կանոնների հետ, որոնք էլ պայմանավորել են ոչ միայն կնոջ դերի պատմական ու իրավական կարգավիճակը, այլև ավանդական ձևակերպման ներքո հասել մինչ մեր օրերը՝ որոշակի ազդեցություն թողելով կնոջ դերի նորովի ընկալումների վրա: Կանանց իրավունքների մասին խոսվում է Մխիթար Գոշի ու Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում: Այդ կանոնները զրկում էին կնոջը ոչ միայն դիրք ունենալ հասսարակության մեջ, այլև զրկում էին դատարանում վկայություն տալու իրավունքից, իսկ եթե վկաները միայն կանայք էին, ապա նրանց քանակը պետք է գերազանցեր տղամարդկանց՝ երկու անգամ, որպեսզի նրանց վկայությունները արժանահավատ լինեին: Կանայք ունեին սահմանափակ ժառանգության իրավունք, նրանց անձնական սեփականությունն էին լոկ զարդերը, որոնք կրում էին։ Մինչամուսնական կյանքը խստորեն հսկվում էր տղամարդկանց կողմից։ Դատասանագրքերով մահապատիժ էր սահմանված մինչև ամուսնությունը կուսությունը կորցրած աղջիկների համար, իսկ զրպարտող տղամարդկանց բավարարվում էին միայն ճիպոտահարելով: Ամուսնացած կնոջ և տղամարդու հարաբերություններում բոլոր տեսակի արտոնությունները տրվում էին տղամարդկանց։ Միջնադարյան եկեղեցաիրավական այս կանոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կանոնները որոշակի տրանսֆորմացիայի ենթարկվելով պահպանվել են, և որպես ավանդույթ հասել մինչ մեր օրերը։ Բազմաթիվ հետազոտություններ ու փորձագետիտական դիտարկումներ փաստում են, որ կնոջ հանրային դերի ընկալումները հասարակության տարբեր շերտերում դեռևս համահունչ են ավանդական կոչվող պատկերացումներին, ինչը վերարտադրում են նաև էլիտաները։ Տարբեր հետազոտություններ են իրականացվել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության, դրա մասին կանանց և տղամարդկանց պատկերացումների, քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ իրավունքների իրացման հարցադրումների շուրջ, որոնց վերլուծությունը խոսում է խորքային խնդիրների առկայության մասին: Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունները իրենց կանոնադրություններում և կուսակցական/ նախընտրական ծրագրերում երբևէ չեն թիրախավորում կանանց խնդիրները, կամ եզակի անդրադարձերի դեպքում  դարձյալ կարևորվում է կնոջ վերարտադրողական և ընտանեկան դերերը: Մինչդեռ փոխության հանրային պահանջը ձևակերպված է և կանայք այդ պահանջի ձևակերպման ու հանրային գիտակցության փոփոխության կրողն են։
Եվ այսպես, եթե հանրությունը բաժանենք պայամանականորեն երեք հիմնական հատվածի, այն է՝ պետական համակարգն իր բոլոր թևերով, բիզնես ոլորտը, որը ծառայություններ մատուցող և շահույթ հետապնդող հատված է և քաղաքացիական հասարակությունը՝ իր ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերով, ապա կարող ենք հստակ դիտարկել, թե որ հատվածնրում ինչպիսին է կանանց ներառվածությունը և այդպիսոսվ որքան արդյունավետ է այն։ Անդրադառնալով կանանց մասնակցությանը քաղաքացիական ինքնակազմակերպ խմբերին ու միավորումներին, կարելի է հստակ պնդել, որ կանայք քաղաքացիական շարժումների անկյունաքարերն են ու  հանրային նշանակության քաղաքական խնդիրների բարձրագոչ ձայնը։ Եթե անդրադառնանք քաղաքացիական շարժումներին, որոնք 2008 թվականից սկսած մեկ տասնամյակ  արտադրել են քաղաքական պայքարի մեթոդներ ու գաղափարներ, ապա այդ շարժումներն առանց կանանց հավասար մասնակցության պատկերացնել հնարավոր չէ։ «Մաշտոցի պուրակ», «100 դրամ», բնապահպանական շարժումների՝ «Թեղուտի», «Թռչկանի» պաշտպանության խմբերի և վերջապես  2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» հաջողության գրավականը հենց հավասարության ու ներառականության ընկալումն էր, որն, ի վերջո, հանգցրեց փոփոխության։ Փոփոխությունները մարդկանց համատեղ աշխատանքի և գործունեության արդյունք են, որի առանցքը հանրային տարբեր խմբերի շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական միավորումներն են, և եթե որևէ խումբ իր որևէ հատկանիշով՝ կանաց դեպքում սեռական պատկանելության պատճառով բացառվում կամ նվազ կարևոր է դիտարկվում, ապա ակնկալել արդյունավետություն հնարավոր չէ։

Սակայն, եթե քաղաքացիական դաշտը դինամիկ է և կանայք դառնում են  հանրային քաղաքականության դերակատարներ, ապա պետական համակարգն առավել կարծր է և կանանց մուտքն այնտեղ դեռևս դժկամորեն է ընդունվում։ Անգամ հեղափոխական անցումային կառավարությունն այս առումով հեղափոխական չէր և սահմանափակվեց երկու կին նախարարով, այն էլ ավանդաբար ընկալելի դերում՝ մշակույթի և սոցիալական ոլորտներում։ Ինչ վերաբերում է կուսակցությունների գենդերային վարքագծին, ապա  թեև խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին լայնորեն  քննարկվում էին «Ընտրական օրենսգքի փոփոխությունները», որտեղ զգալիորեն բարելավվել էր կանանց մասնակցության հնարավորությունը, սակայն ընտրություններն անցկացվեցին հին Ընտրական օրենսգրքով, և նույն փոփոխությունները ջատագոված  հեղափոխական ուժն իր  նախընտրական ցուցակներում ներառեց այնքան կին, որքան պահանջվում էր հին օրենքով։ Կա նաև մեկ այլ նրբություն, որը նկատվեց մեծամասնության ձայնն ակնկալող ուժի վարքագծում․ ընդամենը մեկ տարի առաջ կայացած հերթական խորհրդարանական ընտրության ժամանակ «ԵԼՔ» դաշինքի նախընտրական ցուցակում կանայք կազմում էին 32 տոկոս, իսկ «Իմ քայլը» դաշինքը, որը «ԵԼՔ» դաշինքը կազմող ուժից անջատված հատված էր և փաստացի հեղափոխության արժեքների կրողը՝  նաընտրական ցուցակում ներառեց ընդամենը 25 տոկոս կանանց։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ կառավարման համակարգն այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում ունի տղամարդկային դեմք, իսկ կուսակցությունների ու դաշինքների գենդերային վարքագիծը փոփոխվում է՝ կախված նրանից, թե որքան մոտ է այն կանգնած կառավարման ղեկին։  Հավելեմ նաև, որ նոր ձևավորված կառավարության կազմում կա միայն մեկ կին նախարար։

Ինչ վերաբերում է կանանց ներառմանը բիզնեսում, ապա Հայաստանում դեռևս նրանց մասնակցոությունը շատ ցածր է՝ առավելապես փոքր և միջին ձեռնարկատիրության տիրույթում։ Սակայն կանայք խնդիրներ ունեն նաև աշխատաշուկայում, որը ևս խիստ խտրական է։ Ըստ հետազոտությունների․ Հայաստանում կանանց ամսական միջին աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջին աշխատավարձին: Այդ ճեղքվածքը կազմում է 35.9 տոկոս: Կանայք հիմականում զբաղված են ցածր վարձատրվող ոլորտներում: Հայաստանում պետական հատվածում գերակըշռում են կանայք` առավելապես ստորին օղակներում: Նրանք ներառվում են որոշումերի կայացման հետ չառնչվող հատվածում։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հանրային քաղաքականության և որոշումների կայացման մակարդակում  կանանց ներառվածությունը կարող է նպաստել երկրում առկա փոփոխությունների պահանջի իրագործմանը, և այդ է վկայում քաղաքացիական նախաձեռնությունների արդյունավետությունը։ Այդուհանդերձ, որոշումների մասնակցային  կամ ներառական  կայացումը այսօր ամենակարևոր մարտահրավերներից է, որը  խորապես գիտակցված չէ անգամ հեղափոխական կառավարության կողմից։

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: