Կորել է քրեական գործը. գտնողին պարգև են խոստանում hraparak.am

 

Երբ Երեւանի կենտրոնում նման հայտարարություն հանդիպեցինք, սկզբում կարծեցինք, թե կատակ է, սակայն երբ կապվեցինք «Վելես» հասարակական կազմակերպության հետ, պարզվեց, որ քրեական գործի նյութերն իսկապես կորել են: «Անցյալ տարի Կենտրոնի քննչականում Հովհաննես Երիցյանի դիմումի հիման վրա քրեական գործ էին հարուցել, սակայն չկարողացան ապացուցել իմ մեղավորությունը, եւ գործը կարճվեց: Ես բողոքարկել եմ կարճման որոշումը, քանի որ գտնում եմ, որ մեղադրանք պետք է առաջադրվեր հենց Հովհաննես Երիցյանին՝ սուտ մատնություն անելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը:

Նրա խոսքով, Հովհաննես Երիցյանը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում զբաղեցրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետի պաշտոնը, դիտավորությամբ սուտ մատնություն է կատարել իր դեմ: «Թեեւ գործով ապացուցվել է, որ Երիցյանը կեղծ տեղեկություններ է հայտնել իմ մասին, քննիչը քրեական գործ չի հարուցել նրա դեմ, քանի որ գտել է, թե իբր Երիցյանը չի գիտակցել, որ սուտ մատնություն է կատարում: Սա ակնհայտ կեղծիք է, քանի որ Հովհաննես Երիցյանը վաղուց է փորձում վնասել ինձ, որովհետեւ մենք պաշտպանում ենք նրանից տուժած անձանց շահերը: Երիցյանը քաջ գիտակցել է, որ կեղծ տեղեկություններ է տարածում, եւ նա դա դիտավորյալ է արել, որպեսզի ճնշում գործադրի ինձ վրա»,- վստահ է Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանի խոսքով, Հովհաննես Երիցյանը գլխավորում է վաշխառությամբ եւ խարդախությամբ զբաղվող հանցախումբը, որի գործունեության արդյունքում բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են փողոցում. «Միայն մեր կազմակերպությանը դիմել են երեք ընտանիքներ, որոնք պնդում են, որ տոկոսով գումար են վերցրել Երիցյանից եւ զրկվել են իրենց տնից: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս հարցը, սակայն մեր իրավապահներն ուշադրություն չեն դարձնում, փոխարենը Երիցյանի կեղծ ցուցմունքների հիման վրա քրեական գործ էին հարուցել իմ դեմ»:

«Վելես» ՀԿ նախագահը վստահ է, որ քրեական գործի ընթացքում Երիցյանն այնպիսի ցուցմունքներ է տվել, որոնցով հնարավոր է հեշտությամբ ապացուցել, որ նախկին պաշտոնյան սուտ մատնություն է արել: «Գործն արդեն դատարանում է քննվում, իսկ քրեական գործի նյութերը պարզապես չկան, դուք պատկերացնո՞ւմ եք նման իրավիճակ: Ես լուրջ մտահոգություն ունեմ, որ այս ընթացքում քրեական գործի նյութերը փոփոխության են ենթարկվում, որպեսզի չբացահայտվեն իրենց կատարած հանցագործությունները»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Անի  ԱՌԱՔԵԼՅԱՆՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=75317&l=am/

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: