«Ես ու Վիկտորը 12 տարվա ընկերներ ենք եղել, նա նույնիսկ իմ մոր թաղման արարողության ժամանակ խաչն էր տանում առջեւից…ես չէի կարող պատկերացնել, որ նա ինձ այսքան կեղտոտ ձեւով «կքցի»»,- ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը մինչ օրս ցավով ու հուզմունքով է խոսում իր նախկին ընկերոջ մասին:
Վիկտոր Տեր-Հովսեփյանը Սովետական Հայաստանի գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդին է: Երբ Ալեքսեյը հասկացել է, որ ընկերը յուրացրել է իր ունեցվածքը, խոսել է Վիկտորի եւ նրա հոր հետ: «Մեր առաջին խոսակցության ժամանակ Սուրեն Օսիպովը հստակ հասկացրեց, որ եթե ես փորձեմ պայքարել իր որդու դեմ, ինքը ինձ կոչնչացնի»,- «ForRights.am»-ին ասաց Կորեպանովը:
Վիկտոր Տեր-Հովսեփյանը Ալեքսեյ Կորեպանովի հետ ընկերություն է արել ավելի քան 10 տարի, տեսել է, որ վերջինս մեծ գումարներ ունի, բարեգործությամբ է զբաղվում նաեւ Հայաստանում, որոշել է նրան ներքաշել հայաստանյան բիզնեսի մեջ:
«Վիկտորն ինձ ասաց, թե մայրս Արամի 38 հասցեում տուն եւ հողամաս ունի եւ առաջարկեց միասին այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցել: Ես համաձայնեցի եւ այդ նպատակով ստեղծեցինք «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 50%-ը պատկանում էր ինձ, իսկ մյուս 50%-ը Վիկտորը մորը, քանի որ նա պետք է իր անշարժ գույքը ներդներ բիզնեսում եւ ես գումար»,- պատմում է Ալեքսեյ Կորեպանովը:
Երբ վերջինս 2005 թվականին այցելում է Երեւան, պարզվում է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի մորը «պատկանող» տարածքի սեփականության իրավունքը վիճարկվում է դատական կարգով եւ այն չի կարող ներդրվել բիզնեսում:
Վիկտոր Տեր-Հովսեփյանը Կորեպանովին համոզում է Արամի 38-ի փոխարեն տարածքներ ձեռք բերել Կասկադի հարեւանությամբ եւ դրա համար Կորեպանովից եւ մեկ այլ ռուս ներդրողից՝ Դմիտրի Կոտովից վերցնում է գրեթե 230 միլիոն դրամ գումար: Ներդրված գումարների դիմաց Կոտովը դառնում է «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետեր:
Հետագա բոլոր գործարքները կնքվել են առանց Ալեքսեյ Կորեպանովի անմիջական մասնակցության, քանի որ վերջինիս մայրը քաղցկեղով հիվանդ է եղել եւ ռուս գործարարը չի կարողացել հաճախակի այցելել Երեւան, անգամ փաստաթղթերն է ստորագրել առանց մանրամասն ծանոթանալու եւ պայմանագրերի բովանդակության մեջ խորանալու:
«Ես վստահել եմ Վիկտորին, քանի որ վաղեմի ընկերներ էինք: Բացի այդ, գործով զբաղվում էր նաեւ փաստաբանական գրասենյակը, որը եւս լրացուցիչ հանգամանք էր իմ վստահությունը շահելու համար»,- ասում է Ալեքսեյ Կորեպանովը:
Վիկտոր Տեր-Հովսեփյանը, օգտագործելով այն փաստը, որ նախկին օրենսդրության համաձայն Հայաստանում օտարերկրացիները չեն կարող հողատարածքներ ձեռք բերել, Կորեպանովին համոզել է, որ ձեռք բերված տարածքները գրանցեն Հայաստանի քաղաքացիների անունով:
«Բացի այդ, Վիկտորը միշտ ասում էր, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք կխլեն ինձնից իմ ունեցվածքը, դրա համար ավելի լավ է գրանցել դա ՀՀ քաղաքացու անունով»,- հիշում է Ալեքսեյը: «Խաբեությունը հենց այստեղ է բացահայտ դառնում: Եթե անհնար էր տարածքները գրանցել ռուս գործարարի անունով, ինչու Վիկտորը դրանք չի գրանցում
«Անսուր Ինվեստի» վրա, չէ որ իրենք արդեն ՍՊԸ էին բացել Հայաստանում,- բացատրում է փաստաբան Մկրտիչ Դավթյանը: – Պարզ է, որ կողմնակի անձանց վրա սեփականություն գրանցելը ունեցել է մեկ նպատակ, որպեսզի Տեր-Հովսեփյանը հետագայում յուրացնի այդ սեփականությունը»: Եվ հենց այդպես էլ եղել է:
Վիկտոր Տեր-Հովսեփյանը կողմնակի անձանց «խաղից դուրս թողնելու համար» Ալեքսեյ Կորեպանովին համոզել է գնել նրանցից՝ Կասկադի հարակից տարածքի նկատմամբ ունեցած իրավունքները: Գնումն իրականացնելու համար գործի մեջ է մտել մեկ այլ ռուս գործարար՝ Դմիտրի Աֆոնինը, ով Վիկտոր Տեր-Հովսեփյանին է վճարել 410 միլիոն դրամ՝ ապագայում կառուցվելիք շենքի 21% մասնաբաժինը ձեռք բերելու համար:
Վիկտոր Տեր-Հովսեփյանը Աֆոնինից ստացած գումարից 272 միլիոն դրամը փոխառություն է տվել «Անսուր Ինվեստին»: Այդ գումարը Աֆոնինի կողմից ներդրումն էր բիզնեսում, սակայն Տեր-Հովսեփյանը գրանցել է փոխառության պայմանագիր եւ այժմ դատարանի միջոցով ՍՊԸ-ից պահանջում է իբր իր «տված» գումարը: Տեր-Հովսեփյանը հաջողության է հասել հայաստանյան դատարաններում: Այժմ «Անսուր Ինվեստ»-ին պարտավորեցրել են վճարել Տեր-Հովսեփյանին ավելի քան 900 հազար դոլար:
Ուշագրավ է, որ թեեւ պայմանագիրը կնքված է եղել ՀՀ դրամով, այնուամենայնիվ, թե հայցադիմումը եւ թե դատավճիռները կայացվել են այլ արժույթով: Նշենք, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանն էլ ՍՊԸ-ի նկատմամբ է ունեցել ավելի քան 8 միլիոն դրամի փոխառության պարտավորություն, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը չեղյալ է համարել նրա պարտավորությունը՝ հիմք ընդունելով ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովի այն արձանագրությունը, որտեղ նշված է որ Տեր-Հովսեփյանն ու «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի մասնակիցների միջեւ չկան պարտավորություններ:
Սակայն նույն ժողովի արձանագրությունը հիմք չի հանդիսացել հայաստանյան դատարանների համար, որպեսզի չեղյալ հայտարարվեր նաեւ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի փոխառության պարտավորությունը՝ Տեր-Հովսեփյանի նկատմամբ: Փոխառության գործով «Անսուր Ինվեստը» դիմել է Եվրոպական դատարան՝ նշելով, որ հայաստանյան դատարանները խտրական մոտեցում են ցուցաբերել փոխառության գործերը քննելիս՝ մի դեպքում ժողովի արձանագրությունը ընդունելով որպես հիմք, իսկ մյուս դեպքում՝ ոչ:
«Արդյունքում Վիկտոր Տեր-Հովսեփյանը առանց մի կոպեկ ներդնելու տիրացել է եւ ռուս բարերարների գումարով ձեռք բերված անշարժ գույքին եւ գումարներին, դեռ մի բան էլ դատարանով պարտավորեցնում է իրեն վճարել այն գումարը, որը Դմիտրի Աֆոնինն էր ներդրել բիզնեսում»,- Տեր-Հովսեփյանի հնարամտությունն է ամփոփում է փաստաբան Մկրտիչ Դավթյանը:
Ալեքսեյ Կորեպանովն ու Դմիտրի Աֆոնինն այսօր կրկին Երեւանում են: Նրանք եկել են, որպեսզի ՀՀ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնեն Վիկտոր Տեր-Հովսեփյանի կատարած հանցագործությունների մասին: Մենք փորձեցինք գործի շուրջ բացատրություններ ստանալ նաեւ Վիկտոր Տեր-Հովսեփյանից: Նա սակայն հրաժարվեց խոսել մեզ հետ՝ ասելով, որ ոչ ինքը, ոչ իր փաստաբանը որեւէ ասելիք չունեն գործի վերաբերյալ:
Արման Ղարբյան
Սկզբնաղբյուրը`http://www.forrights.am/?ln=1&id_=18&page_id=15