Ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը պնդում է, որ խորհրդային շրջանի նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդին՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը, իրեն և Դմիտրի Աֆոնին խաբելով տիրացել է հսկայական գումարների: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ռուս գործարարը:
Նա պատմեց, որ 2005 թվականին իր ընկեր Վիկտոր Տեր-Հովսեփյան իրեն հրավիրել է Հայաստան՝ շինարարական ոլորտում համատեղ բիզնես ձեռնարկելու և արդյունքում իրենից վերցրել է 5 միլիոն դոլար: Այսպիսով՝ Ալեքսեյ Կորեպանովը իր ներդրումը կատարել է «Անսուր ինվեստ» շինարարական ընկերությունում, որի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանել է իրեն, մյուս մասն էլ՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանին, թերևս վերջինս ներդրումներ չի կատարել: Հետագայում նոր ներդրողների ի հայտ գալուց հետո՝ Ալեքսեյ Կորեպանովի բաժնետոմսերը կազմել է 33 տոկոս:
«Վիկտոր Տեր-Հովսեփյանը վստահեցրել է, թե իբր իր մայրը Արամի 38 հասցեում գտնվող տան և հողամասի սեփականատերն է և առաջարկել է գումար ներդնել՝ այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու համար»,- ասաց գործարարը և նշեց, որ իրականում իր ընկերը ոչ մի ներդրում չի կատարել:
Ասուլիսին ներկա էին նաև իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը, Մարինա Պողոսյանը և փաստաբան Մկրտիչ Դավթյանը: Մկրտիչ Դավթյանն ասաց, որ ռուս գործարարը դատարան հայց ներկայացնելու բավարար հիմքեր ունի և դիմել են իրավապահ մարմիններին: «Ի սկզբանե Վիկտոր Տեր-Հովսեփյանը մոլորության մեջ գցելու ու գումարներին տիրանալու նպատակ է ունեցել»,- ասաց նա:
Սկզբնաղբյուրը`http://www.tert.am/am/news/2014/11/19/armenia-osipov/1251567