Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի forrights.am

 

«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դատական ակտը:

Հիշեցնենք, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Գայանե Թումասյանի, ում առանձնատունը այժմ պատկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին:

Գայանեն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն՝ նշելով, որ Հովհաննես Երիցյանն ու իր սանիկը փաստաթղթերի կեղծումով են տիրացել իր սեփականությանը: Ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել, որի վարույթը, սակայն, կարճվել էր:

Կինը բողոքարկել էր վարույթը կարճելու մասին որոշումը եւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ուզունյանը բավարարել էր Գայանե Թումասյանի հայցապահանջը:

Դատարանի որոշումը փաստում էր, որ քննչական մարմինները շահագրգռված չեն բացահայտելու ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի ապօրինի գործարքների ողջ ճշմարտությունը, որի արդյունքում նա տիրացել է Թումասյանի սեփականությանը:

Դատախազությունը, սակայն, չի հաշտվել քաղաքացու օգտին կայացրած որոշման հետ: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ն. Թոփուզյանը բողոք է ներակացրել Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ:

Բողոքում դատախազը նշել է, որ Գայանե Թումասյանը, ով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, չի տրամադրել ապացույցներ եւ իրենց ուշադրությունը չի հրավիրել նոր տեղեկություններ ձեռք բերելու վրա:

«Կարդալով բողոքաբերի վերոնշյալ փաստարկները, կարելի է ապշել նման դիրքորոշման վրա: Ըստ դատախազ Թոփուզյանի՝ ստացվում է, որ Հայաստանում քրեական գործերով այլեւս ապացույցները ներկայացվում են հաղորդում տված քաղաքացիները եւ եթե նրանք չեն կարող ներկայացնել ապացույցներ, ուրեմն հանցագործությունը պետք է մնա չբացահայտված: Այնինչ քրեական գործերով ապացույցների ձեռքբերման պարտավորությունը դրված է նախաքննական մարմնի վրա»,- «ForRights.am»-ին ասաց Գայանե Թումասյանի շահերը ներկայացնող փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը փաստում է, որ քննիչն օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի կատարել եւ շահագրգռված չի եղել բացահայտելու ճշմարտությունը:

«Այս գործով Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի, նա պետք է բացատրի, թե ինչու ինքն անմիջական գործարքի արդյունքում ձեռք չի բերել Գայանե Թումասյանի գույքը, այլ իր սանիկի միջոցով՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով է կնքել գործարք, որով եւ տիրացել է նրա անշարժ գույքին: Մենք համոզված ենք, որ լիարժեք քննության դեպքում հանցագործությունը կբացահայտվի»,- վստահ է Մկրտիչ Դավթյանը:

Վերաքննիչ դատարանը դատախազության ներկայացրած բողոքը քննելու է նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին:

Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://forrights.am/?ln=1&id_=18&page_id=18

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: