[:am]Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը բուռն քննարկումների առարկա դարձավ սոցցանցերում:
Այս նշանակման առնչությամբ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ունե՞ր վարչապետ Փաշինյանը ավելի լավ տարբերակ, ասաց. «Ավելի վատ տարբերակ չուներ. ցանկացած տարբերակ թերևս կլիներ ավելի լավը»:
Նրա խոսքով՝ ժողովուրդը կարճ հիշողություն չունի, և գոյություն չունի էմոցիոնալ ֆոն, այլ մարդիկ առաջնորդվում են փաստերով. «Ինձ ավելի շատ հուզում են այն բոլոր գործոնները, որոնք հիմք են հանդիսացել, որ Հունան Պողոսյանը դառնա Սյունիքի մարզպետ: Իմ խորին համոզմամբ՝ սա ՀՀԿ-ի հետ առևտրի և փոխզիջման գործարք է եղել: Հետ նայելով՝ հասկանում ենք, որ չի եղել հեղափոխություն, այլ եղել է ընդամենը անվանափոխություն»:
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի կարծիքով էլ՝ այնպես է ստացվել, որ Սյունիքի մարզը ծախել են ՀՀԿ-ին:
«Հունան Պողոսյանը 28 տարի եղել է մի համակարգի կարկառուն ներկայացուցիչը, որն ամենացածր վարկանիշն է ունեցել: Նրա ո՞ր փորձն է գնահատվում՝ մարդկանց ծեծելո՞ւ, խոշտանգելո՞ւ, մարդկանց տուն մտնելու և գաղտնալսելո՞ւ: Եթե այդ փորձն է գնահատվում, ուրեմն՝ այո, Հունան Պողոսյանը գուցե անփոխարինելի է այդ ոլորտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արման Ղարիբյանը:
Նրա խոսքով՝ այս իշխանափոխությունը տեղի է ունեցել տարիներ շարունակ փողոցում պայքարող մարդկանց շնորհիվ, ովքեր առաջինն են իրենց մաշկի վրա զգացել ոստիկանության բռնությունը:
Մարինա Պողոսյանն էլ կարծում է, որ Հունան Պողոսյանի միակ տեղը, որտեղ նա պետք է հայտնվեր, բանտն էր: