Կենտրոնի քննիչ Պարույր Աղաբաբյանը եկել է այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը չի գիտակցում սեփական արարքների նշանակությունը, մասնավորապես՝ Երիցյանը 8 ամիս շարունակ պնդել է, թե «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հանցագործ է՝ «չգիտակցելով, որ իր արարքները կեղծ են»:
Մասնավորապես, Երիցյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից և ընկերոջ փեսայից՝ սպառնալով, թե վրաերթի կենթարկի նրանց և կառևանգի երեխաներին: Երիցյանի հարազատները ներկայանալով ոստիկանություն՝ հերքել են Երիցյանի պնդումները՝ հայտնելով, որ Մարինա Պողոսյանը չի սպառնացել իրենց և շորթման փորձ չի կատարել: Այսքանից հետո Կենտրոնի բաժնում քրեական գործ է հարուցվել Երիցյանի հաղորդման հիման վրա, որի շրջանակներում «շորթվածները» կրկին հերքել են Երիցյանի տված ցուցմունքները, սակայն նախկին պաշտոնյան չի դադարել քննիչներին համոզել, թե իբր իրավապաշտպանն իսկապես հանցագործություններ է կատարել:
Մարինա Պողոսյանը քրեական գործի ընթացքում հաղորդում է տվել հանցագործության մասին՝ պնդելով, որ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել իր նկատմամբ՝ շահադիտական նպատակներով: Նշենք, որ Մարինա Պողոսյանի հիմնադրած «Վելես» հասարակական կազմակերպությունը պայքարում է վաշխառուության և խարդախության դեմ, այդ թվում՝ Հովհաննես Երիցյանից տուժած անձանց շահերի պաշտպանությամբ:
«Վելես» ՀԿ-ն 2013 թվականից սկսած բարձրաձայնել է Հովհաննես Երիցյանի գլխավորությամբ գործող հանցախմբի արարքները, արդյունքում նախկին պաշտոնյան փորձել է ճնշում գործադրել իրավապաշտպանի նկատմամբ՝ նրա դեմ քրեական գործ հարուցելու ճանապարհով:
«Հովհաննես Երիցյանը օգտագործել է իր կապերը ոստիկանությունում և դատախազությունում և կարողացել է հասնել նրան, որ քրեական գործ հարուցվի: Այդ գործն այնքան աբսուրդ է, որ նույնիսկ Երիցյանի հանցակիցներն են ցուցմունքներ տվել իր դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:
Ներկայացնենք քրեական գործից մի դրվագ. Հովհաննես Երիցյանը պնդում է, որ Մարինա Պողոսյանը սպառնալիքների միջոցով փորձել է շորթել իր ընկերոջ փեսայի՝ Վարդան Գինոսյանի անունով ձևակերպված անշարժ գույքը: Գինոսյանը, սակայն, իր ցուցմունքներում հայտնում է, որ նման բան չի եղել, ավելին՝ նա պնդում է իր ցուցմունքը Երիցյանի հետ առերես հարցաքննության ժամանակ.
Վարդան Գինոսյան. «Մարինան ինձանից չի պահանջել, որ գույքն իր անունով անեմ: Իմ կամ իմ մերձավորների հասցեին սպառնալիքներ չեն եղել»:
Այսքանից հետո ևս Երիցյանը չի դադարում պնդել, որ Մարինա Պողոսյանը հանցագործ է, և որ նա «պետք է դատվի շանտաժի, շորթման, խաբեության, ինձ վաշխառուի դերում հանդես բերելու, սև մամուլի միջոցներով իմ անունը արատավորելու համար…»: Երիցյանի շարադրած ցանկը բավականին երկար է:
«Եվ այսքանից հետո քննիչն ու դատախազը այնքան ցինիկ են գտնվել, որ նշում են, թե Երիցյանը չի գիտակցել, թե ինչ է անում: Ենթադրենք, թե հաղորդում տալու պահին չի գիտակցել, որ կեղծ տեղեկություններ է տալիս իմ մասին, բայց երբ իր իսկ վկայակոչած մարդիկ ցուցմունք են տալիս և ասում, որ նման բան չի եղել, նա չի հանգստանում, շարունակում է պնդել, թե ես հանցագործ եմ: Մի՞թե Հովհաննես Երիցյանը անմեղսունակ է: Եթե նա ընկալման խնդիրներ ունի, ինչպե՞ս է տարիներ շարունակ այդքան պատասխանատու պաշտոն զբաղեցրել և ինչպես է դիզել իր միլիոնները: Անմեղսունակ մարդը չէր կարող հարյուրավոր գործարքներ կնքել և ունեզրկել տասնյակ քաղաքացիների»,- ասում է Մարինա Պողոսյանը:
«Վելես» ՀԿ-ի նախագահը շարունակում է պնդել, որ ոստիկանությունը և դատախազությունը հովանավորում են Երիցյանին. «Եթե ընդունենք, որ Երիցյանը իսկապես անմեղսունակ է, ապա իրավապահ մարմիններն ինչի՞ համար են: Թե՞ նրանք էլ են անմեղսունակ, որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ընկալման հետ խնդիրներ ունի ոչ թե Հովհաննես Երիցյանը, այլ նրա ցնդաբանությունների հիման վրա գործ հարուցած ու քննած պաշտոնյաները»:
Կենտրոնի քննչական բաժնում կարճել են Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված «սուտ մատնության» գործը: Մարինա Պողոսյանը կարճման որոշումը բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բողոքը քննվելու է հունիսի 8-ին:
Հեղինակ՝ Արման Ղարիբյան
Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/1633450.html