[:am]Ներառական պետական կառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է[:]

[:am]

B0EFF68B-097A-4D1C-88CD-2252EFB05AC5_w1200_r1_s

 Դավիթ Գյուրջյան

Ներառական պետական կառավարումը  ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է, այն իրենից ներկայացնում է հասարակության բոլոր խոցելի խմբերի ներկայացուցիչների լիարժեք և լիիրավ ներգրավվածություն պետական կառավարմանը և քաղաքական կյանքին:

Հասարակության խոցելի խմբերի լիարժեք և լիիրավ մասնակցությունը պետական կառավարմանն ունի երկու հիմնական նպատակ.

  1. մասնակցություն պետության և հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների ընդունմանը.
  2. խոցելի խմբի շահերի ներկայացուցչական պաշտպանություն:

Հայաստանի Հանրապետությունում, որպես հասարակության թվով առավել մեծ խոցելի խմբեր կարելի է առանձնացնել.

  1. կանանց,
  2. հաշմանդամներին,
  3. ազգային փոքրամասնություններին

Հայաստանի Հանրապետությունը, որպես ժողովրդավարական պետություն, ստանձնել է ներառական պետական կառավարում ապահովելու պարտականությունն ինչպես Սահմանադրությամբ, այդպես էլ մի շարք միջազգային դաշնագրերով:

Մասնավորապես, պետության նշված  պարտականությունը բխում է.

  1. իր իշխանությունն այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով իրականացնելու ժողովրդի իրավունքը սահմանող Սահմանադրության 2-րդ հոդվածի և որևէ հիմքով խտրականության արգելման դրույթ սահմանող 29-րդ հոդվածի համադրությունից.
  2. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21 հոդվածի դրույթից, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք անմիջականորեն մասնակցելու իր երկրի կառավարմանը եվիր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորություն.
  3. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային  դաշնագրի 25 հոդվածի դրույթից, որի համաձայն. յուրաքանչյուր քաղաքացի, առանց որևէ խտրականության և առանց անհիմն սահմանափակումների, պետք է իրավունք և հնարավորություն ունենա այդ թվում անմիջականորեն մասնակցելու պետական գործերը վարելուն:
  4. Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթներից, որոնց համաձայն. կանայք պետք է իրավունք ունենան տղամարդկանց հետ հավասար հիմունքներով ընտրվել ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հանրորեն ընտրովի մարմիններում` զբաղեցնել պետական պաշտոններ և կատարել ազգային օրենսդրությամբ սահմանված պետական գործառույթներ` առանց որևէ խտրականության:
  5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 27 հոդվածի դրույթից, որի համաձայն. մասնակից պետությունները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում նաև օրենսդրության միջոցով, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքի անցնեն պետական հատվածում:
  6. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթից, որի համաձայն. պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ապահովել հասարակական և պետական կյանքին մասնակցելու իրավունք, հատկապես տարածաշրջանային մակարդակով նրանց շահերի պաշտպանությանը վերաբերող հարցերի լուծման դեպքում:

Նշված իրավական ակտերով ստանձնած պարտավորությունները, սակայն պետք է գործնականում կյանքի կոչվեն առնվազն ամենամեծաթիվ թիրախային խմբերի՝ պետական կառավարման բոլոր օղակներում և ոլորտներում (բացառությամբ առանձին առանձնահատուկ ոլորտների) ներգրավմանը, ներգրավման խրախուսմանը և ներգրավման համար առկա ֆորմալ և փաստացի խոչընդոտների վերացմանն ուղղված համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների ընդունման միջոցով, որոնք, սակայն Հայաստանի Հանրապետությունում կամ ընդունված չեն կամ թերի են և հատվածական։

Արդյունքում կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը պետական կառավարմանը, հատկապես կառավարման բարձր օղակներում ունի շատ ցածր, հիմնականում՝ մինիմալ ցուցանիշներ, իսկ առանձին ոլորտներում փաստացի բացառվում է։

 [:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: