Ամեն հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց բողոքողների թիվն անցած շաբաթվանից ավելացել է եւս երկու ընտանիքով: Սիրանուշ եւ Օֆելյա Չփլախյանները, ովքեր վստահեցնում են, որ Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանի խարդախության զոհն են դարձել, ՀՀ վարչապետից պահանջում են ընդունել եւ լսել իրենց:
Հիշեցնենք, որ Սիրանուշ Չփլախյանը «ForRights.am»-ի միջոցով հանդես էր եկել վարչապետին ուղղված վիդեոուղերձով, որով հայտնում էր, որ իր գրած նամակները չեն հասնում Հովիկ Աբրահամյանին:
Տունը կորցրած քաղաքացին վարչապետի աջակցությունն էր հայցում, քանի որ երկու ընտանիք զրկվել էր սեփական տնից՝ Նունե Պլուզյանի մորաքրոջ որդու հետ կնքված պայմանագրի արդյունքում:
Չփլախյանները, սակայն, պնդում են, որ իրենք պայմանագիր են կնքել իրականում Նունե Պլուզյանի հետ, որի փոխարեն զուտ ձեւականորեն հանդես է եկել նրա մորաքրոջ տղան: Չստանալով որեւէ արձագանք Կառավարությունից, Չփլախյանները որոշել են դուրս գալ բողոքի ցույցերի: Ամեն հինգշաբթի նրանք լինելու են Կառավարության շենքի դիմաց՝ հուսալով, որ գոնե այդպես իրենց ձայնը կհասնի վարչապետին:
Ի դեպ, Սիրանուշ Չփլախյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ նշել է, որ ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանը խարդախության միջոցով տիրացել է իր գույքին` այն գրանցելով իր մորաքրոջ տղայի անունով: