Ռուս գործարարների հայտարարության հիմքով քրեական գործ է հարուցվել armtimes.com

 

ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Դեռեւս նախորդ տարվա նոյեմբեր ամսին գրել էինք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդուն՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:

Կորեպանովը եւ Կոտովը Հայաստանից մթերք են արտահանում Եվրոպա, իսկ Աֆոնինը բժշկական կենտրոնների ցանց ունի: Նրանք ցանկացել են բազմաբնակարան շենք կառուցել Երեւանում եւ դարձել են խարդախության զոհ: Այս օրերին Երեւանում է գտնվում խաբված գործարարներից միայն մեկը՝ Ալեքսեյ Կորեպանովը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստան է ժամանել հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունքներ տալու նպատակով: «Հուսով եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները օբյեկտիվ քննություն կանցկացնեն եւ ի վերջո պատասխանատվության կենթարկեն Վիկտորին: Պատկերացրեք, թե որքան տհաճ է նախկին ընկերոջդ դեմ ցուցմունքներ տալը, բայց ես այլ տարբերակ չունեմ: Վիկտորը դիտավորությամբ մեր ընկերությանը եւ անձամբ ինձ հսկայական վնասներ է հասցրել»,-մեզ հետ զրույցում ասաց Կորեպանովը:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը Կորեպանովին համոզել էր բիզնես սկսել Հայաստանում՝ վստահեցնելով, թե իբր իր մայրը Երեւանի Արամի փողոցի 38 հասցեում գտնվող տան եւ հողամասի սեփականատերն է, եւ Կորեպանովին առաջարկել էր գումար ներդնել այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու համար: Ինչպես մեզ հետ զրույցում ձեւակերպեց Կորեպանովը՝ դա պետք է լիներ Երեւանի ամենագեղեցիկ բարձրահարկը: Շինարարությունը նախաձեռնելու նպատակով ստեղծվել է «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 50 տոկոսը գրանցվել էր Ալեքսեյ Կորեպանովի, իսկ մյուս կեսը՝ Տեր-Հովսեփյանի մոր՝ Լյուբով Փիլոյանի անունով: Ըստ պայմանավորվածության, Կորեպանովը ներդրում էր անելու գումարի տեսքով, իսկ Փիլոյանը՝ սեփականության: Կորեպանովի առաջարկով՝ ներդրումներ են կատարել նաեւ Աֆոնինն ու Կոտովը:

Կորեպանովը Երեւան գալով, սակայն, պարզել էր, որ Լյուբով Փիլոյանին «պատկանող» անշարժ գույքի սեփականության իրավունքը վիճարկվում է դատարանում: Իսկ ավելի ուշ պարզվել էր, որ այդ հողը իրականում չի էլ պատկանում Վիկտորի մորը: «Ես համոզվել եմ, որ նա հենց սկզբից է իմացել, որ այդ հողն իրենցը չէ եւ այս ամբողջ պատմությունը հիանալի ծրագրված է եղել հենց սկզբից»,-նշեց Կորեպանովը: Հետագայում Վիկտոր Տեր-Հովսեփյանը ռուս գործընկերոջն առաջարկել է տարածք գնել Կասկադին հարակից վայրում եւ դրա համար նրանից խոշոր գումար է վերցրել, որով 2006 թվականին գնել է Երեւանի Անտառային փողոցի թիվ 116/3 հասցեում առկա հողատարածքները՝ գրանցելով դրանք իր ծանոթի՝ Արթուր Մանուկյանի անունով:

Աֆոնինն ու Կոտովը համապատասխանաբար Ռուսաստանում եւ Գերմանիայում են, առաջիկայում կժամանեն Հայաստան՝ քննչական գործողություններին մասնակցելու եւ ցուցմունքներ տալու նպատակով: Ալեքսեյ Կորեպանովը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ Դմիտրի Կոտովը Հայաստան կգա թերեւս եկող շաբաթ, իսկ ավելի ուշ կժամանի Աֆոնինը: Վիկտոր Տեր-Հովսեփյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Սակայն մեղավոր ճանաչվելու եւ դատապարտվելու դեպքում նրան սպառնում է 4-8 տարի ազատազրկում:

Օտարերկրյա գործարարների շահերը Հայաստանում ներկայացնում է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ գործը մեծ ծավալներ է ընդգրկում: Իրենք շատ երկար եւ հիմնավոր են պատրաստվել իրավապահ մարմիններին դիմելու համար՝ մոտ մեկ տարի: «Տասնյակ հատորներով գործ է: Կադաստրային փաստաթղթերը մոտավորապես 400 էջ են: Եվ դա ոչ միայն կարդալ էր պետք, այլեւ՝ ընդհանուր կապը գտնել: Մենք հիմա պատրաստ ենք պայքարին եւ այդ պատճառով հայտարարություն ենք տվել իրավապահ մարմիններին: Այնտեղ հիմքերը բավարար են եղել, որպեսզի քրեական գործ հարուցվի եւ երեք գործարարները տուժող են ճանաչվել»,-ասաց Պողոսյանը:

Երեկ Ալեքսեյ Կորեպանովը Քննչական կոմիտեում մի քանի ժամ ցուցմունք է տվել: Նա ցուցմունքը կշարունակի վաղը՝ հոկտեմբերի 14-ին: Առայժմ տեղեկություններ կան, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը գտնվում է Ռուսաստանում: Եթե մեղադրանքը հաստատվի, ապա Վիկտոր Տեր-Հովսեփյանը պատասխանատվության կենթարկի, իսկ նրա հետ՝ խարդախության գործողություններին մասնակցած մի խումբ անձինք:

Իմ հարցին՝ քննիչների գործողությունները լավատեսություն ներշնչու՞մ են, «Վելես» ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց. «Մե՛ր գործողություններն են մեզ լավատեսություն ներշնչում: Մենք լավ ենք պատրաստվել այս գործին: Ունենք բոլոր հիմքերը եւ պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ: Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք»:

Սկզբնաղբյուրը`http://armtimes.com/hy/article/71843

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: