[:am]«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահման նկատմամբ որոշումները կայացնում է անձամբ Սերժ Սարգսյանը (տեսագրություն) www.nt.am[:]
Դեկտեմբերի 10-ից հացադուլ հայտարարած «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահման նկատմամբ որոշումները կայացնում է անձամբ Սերժ Սարգսյանը, հետևաբար Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) պետք է տեղավորվի այդ քաղաքական որոշումների շրջանակներում:
Նման համոզմունք հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ վերոնշյալ անձանց հետագա ճակատագրի ողջ պատասխանատվությունն ընկնելու է միայն Սերժ Սարգսյանի վրա:
Ըստ նրա՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից հատկապես Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պայմանավորված է նրանով, որ նշյալ անձիք մեղադրվում են հուլիսյան դեպքերի ժամանակ երկու ոստիկանին սպանելու մեջ:
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում 800 բանտարկյալ կա, սակայն ինչու հենց այս երկու անձիք սկսեցին դժգոհել պայմաններից և պահանջում են տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ. այ սա է հիմնական հարցը, ոչ մեկը սրա վրա ուշադրություն չի դարձնում: Այստեղ պատճառը բոլորովին այլ է և ես հիմնավորում եմ իմ ասածը, որ Արմենի և Սմբատի կյանքի նկատմամբ վտանգավոր այլ գործոններ կան, որոնց մասին նրանք չեն համարձակվում բարձրաձայնել»,- ընդգծեց Ա. Սաքունցը՝ շեշտելով, որ այդ գործոններից են ներսում գտնվող քրեական տարրերը, որոնք ճնշում են գործադրում նրանց վրա:
Իրավապաշտպանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը նշանակում է ՔԿՀ վարչության պետին, Արդարադատության նախարարին, Գլխավոր դատախազին և դատավորներին, ինչը վկայում է այն մասին, որ Ս. Սարգսյանի մեկ հրամանը բավարար է, որպեսզի Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, որտեղ ի տարբերություն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ՝ և պայմաններն են լավ, և բանտարկյալների կյանքին վտանգ չի սպառնում:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ՝ իշխանությունները չեն կարողանում մարսել սեփական անզորությունը, որի պայմաններում մեկ գունդ էլ չհսկեցին:
«Ընդ որում այդ գունդը միայնակ գրավեց նաև Հաց բերողը: Եվ հիմա իրենց անզորությունն այս կերպ են քողարկում»,- ընդգծեց նա: